4 Նոյեմբեր, Բշ
Հոգեգալուստը Սուրբ Հոգու գալստյան տոնն է, որ տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, առաքելական հավաքի ժամանակ (Գործք Առաքելոց 2:1-13): Զատկի տոնից հիսուն օր անց նշվող տոնի ժամանակ, Տիրոջ խոստման համաձայն, Սուրբ Հոգու շնորհն իջնում է Քրիստոսի աշակերտների վրա: Քրիստոս համբարձվելուց առաջ առաքյալներին խոստացավ, որ կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն և պատվիրեց, որ մնան Երուսաղեմ քաղաքում մինչև, որ երկնային զորությամբ զգեստավորվեն: Այս մասին կարդում ենք Գործք Առաքելոցում. «Երբ Պենտեկոստեի օրը հասավ, բոլոր հավատացյալները միասնաբար մեկտեղված էին: Հանկարծ սաստիկ հողմի սուլոցի նման մի ձայն հնչեց երկնքից և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին նրանք: Հետո նրանք տեսան հրեղեն լեզուներ, որոնք տարածվելով նստեցին յուրաքանչյուրի վրա: Բոլոր ներկաները լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց» (Գործք Առաքելոց 2:1-4):
Հոգեգալստյան տոնը հաճախ անվանում են Պենտեկոստե, որը թարգմանաբար նշանակում է հիսուներորդ: Պենտեկոստեն հրեական նշանավոր տոներից էր և կատարվում էր Պասեքից՝ Զատիկից հիսուն օր հետո՝ ի հիշատակ տասը պատվիրանների ընծայման: Տոնին բերքի երախայրիքն էր ընծայաբերվում Աստծուն:
Քրիստոնեական արվեստում հոգեգալստյան թեման իր գեղարվեստական արտացոլումն է գտել դեռևս 6-րդ դարում: Մեզ հասած հնագույն պատկերային արտահայտությունը պահպանվել է Ռաբուլայի Ավետարանում, իսկ հայկական արվեստում հոգեգալստյան հնագույն պատկերը մեզ հասել է 11-րդ դարից և զետեղված է Մուղնու Ավետարանում (ՄՄ № 7736):
Հոգեգալստյան տեսարանի պատկերագրական կառույցը դարերի ընթացքում ձևավորվել է հետևյալ կերպ: Գործողությունը տեղի է ունենում վերնատանը, որը ներկայացվում է երբեմն ճարտարապետական շինության, երբեմն եկեղեցու տեսքով: Մանրանկարի վերին կենտրոնական մասում պատկերվում է աստվածային երկինքը խորհրդանշող կապուտակ կիսաբոլորակը: Կիսաբոլորակի մեջ պատկերված է Տիեզերական Քահանայապետի Աթոռը, որի վրա դրված է խաչազարդ կտորով ծածկված Ուխտի Տապանակը, հաճախ տապանակի վրա բազմած է աղավնակերպ Սուրբ Հոգին: Որոշ մանրանկարներում վերին մասում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ նստած գահի վրա: Չորս կենդանիները, որոնք պահում են գահը, խորհրդանշում են չորս ավետարանիչներին:
Մանրանկարի միջին մասը զբաղեցնում են առաքյալները: Երկնքից առաքյալների վրա են իջնում Սուրբ Հոգու շնորհները՝ լույսի ճառագայթների նմանողությամբ: Կիսաբոլորակից վայր է իջնում աղավնաձև Սուրբ Հոգին և առաքյալների վրա հանգչում են հրեղեն լեզվակները, որոնք օժտեցին նրանց տարբեր լեզուներով խոսելու շնորհով: Առաքյալները նստած են գեղազարդ գահավորակների վրա և դասավորված են բոլորաձև կամ հորիզոնական բաժանմամբ: Հնագույն մանրանկարներում առաքյալների հայացքն ուղղված է դեպի վեր: Որոշ նկարիչների (օրինակ՝ Մոմիկի) գործերի մեջ հոգեգալստյան տեսարանում առաքյալները դարձած են դեպի Սուրբ Հոգին և ասես զգում են նրա իջնելը, նույնը չի կարելի ասել Թորոս Տարոնացու առաքյալների մասին: Նրա մանրանկարում այդ տեսարանն ավելի շուտ հիշեցնում է մարդկանց հավաքույթ, ուր առաքյալները, ձեռքերը շարժելով, զրուցում են կամ վիճում, ընդ որում մեկը հարցականորեն նայում է հարևանին, մյուսը՝ առարկում, երրորդը ինչ-որ բան է պնդում և այլն: Այլ խոսքով, առաքյալները ոչնչով չեն արտահայտում իրենց հետաքրքրությունը վերևում կատարվող երևույթի նկատմամբ: Միաժամանակ չի կարելի չընդգծել գործող անձանց ֆիգուրների արտակարգ արտահայտչականությունը: Լավ է ընտրված գունային գամման՝ կարմիրը, մանուշակագույնը, կապույտը և կանաչը՝ ոսկու զուգորդումով:
Քանի որ համբարձումից հետո Տիրամայրն առաքյալների հետ վերնատանն էր լինում, հոգեգալստյան պատկերների մի մեծ խմբում Տիրամայրը ներկայացված է առաքյալների կենտրոնում, ամպերի ֆոնի վրա, ինչպես «Այլակերպության» մեջ՝ բարեպաշտորեն վեր պարզած ձեռքերով: Նա ձախ է դարձել, իսկ հայացքը վեր է՝ դեպի աղավնու տեսքով «Հոգին Սրբոյ», որից ճառագում է տասնմեկ շող: Տիրամոր պատկերումը հոգևոր այլաբանական մի կարևոր խորհուրդ ունի: Վերնատանը Սուրբ Հոգու էջքով հաստատվեց քրիստոնեական եկեղեցին, իսկ Տիրամայրն այստեղ խորհրդանշում է եկեղեցին, այդ պատճառով է նա պատկերվում կենտրոնում առաքյալներից առավել մեծ և ընդգծված դիրքով և նույն այդ պատճառով է պատկերագրական մի խմբում Սուրբ Հոգին իջնում ոչ թե եկեղեցու բեմը խորհրդանշող սրբության խորհրդի, այլ հենց Տիրամոր վրա:
Աստվածամոր աջ և ձախ կողմերում պատկերվում են առաքյալների երկու խմբերը, որ գլխավորում են Պողոսը և Պետրոսը: Պողոս առաքյալը թեև հոգեգալուստի ժամանակ դեռևս առաքյալների շարքը չէր դասվել, սակայն նրա ներկայությունը՝ որպես հեթանոսաց առաքյալի, հուշում է, որ Ավետարանը քարոզվելու է նաև հեթանոսներին: Կրակե լեզվակները հանգչում են առաքյալների և Տիրամոր լուսապսակների վրա՝ խորհրդանշելով Սուրբ Հոգու էջքը: Աստվածամոր ներկայությունն այս տեսարանում հայտնի է դեռևս «Ռաբուլայի Ավետարանի» համանման պատկերից: 13-14-րդ դարերից այս տարբերակը լայն տարածում գտավ արևմտյան արվեստում:
Առաքյալների վրա հանգչող լեզուներից բացի, որպես Սուրբ Հոգու նշանակ, պատկերվում է նաև աղավնի, ինչպես մկրտության տեսարանում: Սուրբ Հոգին երբեմն էլ պատկերվում է վար պարզված աստվածային աջով: Այս մասին Գրիգոր Տաթևացին գրում է. «Սուրբ Հոգին Աստծո մատ է կոչվում, որովհետև ինչպես որ մատն է ձեռքի մասը, այնպես էլ Սուրբ Հոգին Աստծո էությունից է»: Հոգեգալուստը համարվել է հրով մկրտություն: Վերնատանը հրով մկրտվելու մասին է Հովհաննես Մկրտչի կանխասացությունը. «Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով»:
Մանրանկարի ստորին մասի կենտրոնում՝ կիսախորանի մեջ, պատկերվում են հրեաներին և հեթանոսներին խորհրդանշող ժողովուրդներ: Այս մասին Գործք Առաքելոցում ասվում է. «Երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով, ամենքը հիանում էին և զարմանում ու միմյանց ասում էին. «Չէ՞ որ սրանք, որ խոսում են, գալիլեացիներ են, բայց ինչպես է, որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք, մենք պարթևներ, մարեր և իլամացիներ»»:
8-10-րդ դարերի բյուզանդական պատկերագրությունում ժողովուրդներին փոխարինում է մի ծերունի՝ ձեռքին գլխանոց, որում գտնվում են տասներկու գալարափաթեթներ: Գլխավերևում սովորաբար հունարեն գրված է՝ ամբողջ աշխարհը: Սև ֆոնին պատկերվող այս ծերունին տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Դեռևս 19-րդ դարի վերջին, մեկնիչները գրում են, որ ծերունու տեղում սկզբնապես պատկերված է եղել Հովել մարգարեն, քանի որ Պետրոս առաքյալը հոգեգալստյան ժամանակ հիշեցնում է Երուսաղեմում հավաքված ժողովուրդներին Հովելի մարգարեական խոսքերը. «Երբ վերջին օրերը գան, Իմ Հոգին պիտի թափեմ բոլոր մարդկանց վրա» (Հովել 2:27-31): Ծերունին կամարով անջատված է առաքյալներից նաև այն պատճառով, որ վերնատան մասնակիցների թվին չի պատկանում: Նա, ի տարբերություն առաքյալների, պատկերված է կիսով չափ և մութ տեղում, որովհետև Հին Ուխտին է պատկանում: Քանի որ ծերունին նաև աշխարհն է խորհրդանշում, խավարում է պատկերվում, որովհետև, ըստ միջնադարյան մեկնիչների, մարդկանց աշխարհը թաղված է մեղքի խավարում և գտնվում է դժոխքի իշխանության տակ:
Հոգեգալստյան հայկական մանրանկարներում ժողովուրդների շարքում ի թիվս այլատարած ժողովուրդների ներկայացվում է նաև շնագլուխ մեկը: Որոշ պատկերներում ժողովուրդները բացակայում են: Ժողովուրդների գլխավերևի գրված մակագրություններում պարզ է դառնում, թե ում է խորհրդանշում շնագլուխը: Հայկական մանրանկարներում ժողովուրդների գլխավերևում գրվում է նրանցից յուրաքանչյուրի անվանումը, ըստ Գործք Առաքելոցում հոգեգալստյան ժամանակ հիշված ժողովուրդների՝ մարք, պարթևք, իլամացիք կամ երամացիք, առավել հաճախ գրված է լինում պարթևք և ելամացիք: Ելամացիքը միշտ գրված է լինում շնագլխի վերևում, որով նա ներկայացնում է ելամացիներին կամ իլամացիներին: Ելամացիների մասին Շիրակացին գրում է. «Ընդհանուր Ասիայի երեսունմեկերորդ երկրամասը Ելամացոց երկիրն է, այսինքն՝ Խուժաստանը, որից ծագում են խուժ և նմանաբնույթ բառերը, ինչպես օրինակ խուժադուժ, խուժել»: Խուժաստանը հայ մատենագրության մեջ ընկալվել է որպես հեռավոր և բարբարոսական մի երկիր: Բարբարոսները գազանաբարո և գազանադեմ էին, որով պայմանավորված էին նրանց խոսելու, արտահայտվելու դժվարությունները: Բարբարոսների հեռավոր երկրները շնագլուխների և մարդակերների երկրներ էին անվանում: Պարականոն պատմություններում ասվում է, որ Անդրեաս և Մատթեոս առաքյալները գնացին բարբարոսների երկիր և քարոզեցին մարդակերների շնագլուխ ազգին:
Հոգեգալստյան ժամանակ վերնատանը տարբեր լեզուներով խոսելը զուգահեռի մեջ է դիտվել բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ լեզուների բաժանման հետ: Եթե այն ժամանակ Աստված տարբեր լեզուներով բաժանեց մարդկանց, ապա վերնատանը միավորեց բաժանված այս լեզուներով՝ առաքյալներին խոսեցնելով: Ս. Գրիգոր Տաթևացին գրում է. «…նոյն Հոգին է, որ զեօթանասուն և երկու լեզուն բաժանեաց յաշտարակին (նկատի ունի Բաբելոնի աշտարակը) և այժմ նոյն Հոգին է, որ զեօթանասուն և երկու լեզուաց գիտութիւն ետ առաքելացն»:
Ահա այսպես հոգեգալստյան պատկերներում ներկայացվում է Սուրբ Հոգու շնորհների բաշխումը առաքյալներին և ավետարանական քարոզչության սկիզբը, քարոզչություն, որ ընդամենը տասներկուսի միջոցով տարածվեց ու գրավեց աշխարհը՝ բոլոր ազգերին Քրիստոսի ամենափրկիչ խաչի ներքո միավորելու համար:
Կազմեց Գայանե Սուգիկյանը