13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,
Երբ Փրկչի երկրային առաքելությունն արդեն կատարելապես իրագործվեց և հասավ Երկինք վերադառնալու ժամանակը, Տեր Հիսուս Քրիստոս պատվիրեց Իր սիրելիներին մնալ Երուսաղեմում և միատեղ ու միասիրտ սպասել Մխիթարիչին, որ պիտի ուղարկվեր Հորից՝ մխիթարելու հավատարիմներին և հիշեցնելու այն ամենը, ինչ Քրիստոս ուսուցանեց նրանց։ Նրա համբարձումից տասը օր անց՝ հրեական Պենտեկոստեի տոնին, երբ սուրբ Աստվածածինն ու առաքյալներն վերնատանը հավաքված՝ իրենց աղոթքն էին մատուցում Աստծուն, Սուրբ Հոգին իջավ նորաստեղծ Եկեղեցու վրա և այդ էջքով կատարվեց Տիրոջ խոստումը՝ ջրբաժանը դառնալով նրանց հին ու նոր կյանքի։
Եկեղեցին այսօր էլ ապրում է, միշտ գործելու է Սուրբ Հոգով և ամեն տարի մեծ շուքով նշելու է Հոգեգալուստի պայծառագույն, ապրեցնող տոնը։ Շնորհավորում եմ բոլորիդ այս հիրավի կյանք պարգևող, անգին տոնի կապակցությամբ, այն կարևորագուն իրադարձության կապակցությամբ, առանց որի չէր լինի Եկեղեցին և աշխարհում կիմաստազրկվեր ամեն ինչ։
Հինկտակարանյան ժամանակներում մարդիկ ճանաչում էին Հայր Աստծուն, ապա Մարմնացյալ Որդին հայտնվեց նրանց և ապա եկավ Սուրբ Երրորդության երրորդ անձի՝ Սուրբ Հոգու բացահայտման ժամանակը։ Սուրբ Հոգին ոչինչ չսկսեց նորից, քանի որ մշտապես ներկա էր ու գործակից Հորը և Որդուն, այլ հայտնապես եկավ՝ շարունակելու Որդու գործը, հիշեցնելու Քրիստոսի ուսուցումները Նրան հուսացողներին, ուղղելու նրանց քայլերն ու լինելու սրտով մաքուրների հավատարիմ խորհրդատուն և մխիթարիչը նեղության ժամին (հմմտ․ Հովհ․ 14։26)։ Նա եկավ, որպեսզի անկյալ մարդու հոգու խոնարհված տաճարը կրկին շունչ ու ոգի առնի, մաքրվի առանց Աստծու ապրած տարիների աղբից ու կրկին դառնա իր բարձր կոչմանը, կրկին դառնա Աստծու Տաճար, ինչի համար էլ հենց արարվել էր։ «Եթե Սուրբ Հոգու գալուստը չլիներ, ապա անհնար կլիներ գիտակցել առաքելական այն բարձր կոչումը, որի ընտրյալներն էին նրանք: Առանց Տիրոջ Հոգու՝ անհնար էր, որ երեկվա ձկնորսները հանկարծ քրիստոնեական կրոնի անձնազոհ առաքյալները դառնային»,- գրում է Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանը, և նրա այս խոսքը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին և յուրաքանչյուրիս՝ անհատապես: Քանի որ առանց Սուրբ Հոգու շնորհի՝ մարդը նմանվում է կենդանու՝ առաջնորդվելով մարմանական ցանկություններով ու բնազդներով։ Մահկանացու մարմինն է սկսում թելադրել անմահ հոգուն, և ժամանակավորը դառնում է գերիշխող (հմմտ․ Հռոմ․ 8։9)։ Առանց Սուրբ Հոգու ներգործության, առանց Նրա գործակցության՝ մեր ջանքերը մնում են անպտուղ, սիրելի՛ հավատացյալներ, լինի դա աղոթք, ուխտագնացություն, հոգևոր գրականության ուսումնասիրում թե մեկ այլ բան։ Եվ դրա վառ օրինակը առաքյալներն էին և Եկեղեցու բոլոր ժամանակների սրբերը, որոնց՝ Սուրբ Հոգով վերածնվելուն ականատես ենք լինում Ավետարանի և եկեղեցական գրականության էջերին։ Սուրբ Հոգու սքանչելաշուք իջմամբ էր, որ լիովին վերափոխվեցին առաքյալները՝ վախվորած, թերամիտ ու հաճախ Քրիստոսի խոսքերը չհասկացող հասարակ ձկնորսներից դառնալով Աստծու խոսքի քաջ ու ջերմեռանդ գիտակներն ու քարոզիչները։ Միայն այն ժամանակ նրանք ճաշակեցին Քրիստոսի փրկչական զոհաբերության հոգևոր պտուղները, երբ Աստծու շնորհն իր կատարելությամբ իջավ նրանց վրա։ Եվ նրանց շուրթերից հնչած Աստծու խոսքը սկսեց պտղաբերել լսողների հոգում, քանի որ Սուրբ Հոգու շնորհիվ է միայն, որ ծնվում է հավատը, բոցավառվում կրկին նրանց հոգում, ովքեր կորցրել էին այն, ամրապնդվում է և սկսում հոգևոր պտուղներ տալ։
Սուրբ Հոգու շնորհը տրված է յուրաքանչյուր մկրտվածի, սիրելի՛ հավատացյալներ։ Բարության սերմը կա յուրաքանչյուրի հոգում՝ ի ծնե, բայց եթե չոռոգես այն Սուրբ Հոգու ջրով, ապա հոգին կմնա պապակ ու անպտուղ, ինչպես որ սաղմոսերգուն է ասում․ «Հոգիս հողի պես ծարավի է քեզ» (Սղմ․ 142։6)։ Եվ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հոգևոր կյանքն ուղղակի անհնար է առանց Աստծու օգնության ու առաջնորդության։ Ու թեև միայն Աստծու անսահման ողորմությամբ է հավատացյալին տրվում Սուրբ Հոգու շնորհը, այլ ոչ թե նրա արժանիքն է, սակայն այն աճում և հաստատվում է վերջինիս հոգևոր ջանքերի շնորհիվ, ինչպես և սուրբ Իսահակ Ասորին է ասում․ «Ինչ չափով, որ մարդ մոտենում է Աստծուն իր մտադրությամբ, այն չափով էլ Աստված է մոտենում նրան Իր պարգևներով»։
Իսկ ինչպե՞ս մոտենանք Աստծուն, սիրելի՛ հավատացյալներ։ Պատասխանը կրկին Հոգեգալուստի դրվագում է, երբ ներկաները, լսելով Սուրբ Հոգուց ներշնչված Պետրոս առաքյալի քարոզը «զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»: Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը» (Գործք 2։37, 38)։ Մկրտություն, ապաշխարություն, մեղքերի թողություն, Սուրբ Հոգու պարգև․․․ Այս է շղթան, եղբայրնե՛ր և քույրեր։ Այս է, որ լցնում է հոգու անոթը աստվածայինով և տեղ չի թողնում չարի համար։ Քանի որ հոգին երբեք դատարկ չի մնում, և եթե լցված չէ Սուրբ Հոգով, նշանակում է՝ անմաքուրն ու չարն է տիրում այնտեղ։ Իսկ մարդն այն է, ինչով լի է նրա սիրտն ու հոգին։ Ինչով որ լցրեցիր հոգիդ, այն էլ բնակվում է քո մեջ։ Ուստի զգույշ լինենք, սիրելի՛ հավատացյալներ, և ուշադիր, թե ինչով ենք սնում մեր միտքն ու հոգին, քանի որ տկար ու մեղավոր ենք և հակված՝ ամենայն չարիքի։ Սակայն Սուրբ Հոգին է, որ գալիս է օգնության և Նա է ի զորու մաքրել մեր հոգու խորքերը։ Նա շտապում է սրբագործել յուրաքանչյուր ապաշխարած հոգու, որն ապրում է բարեպաշտությամբ, խոնարհ ու աղոթալից կյանքով՝ հետևելով սուրբ Պողոսի խոսքին․ «Ընթացե՛ք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը: Ստուգեցե՛ք, թե ո՛րն է հաճելի Տիրոջը. և խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք․․․ լցվեցեք Հոգո՛վ, որպեսզի խոսեք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը» (Եփես․ 5։8-11, 18-19)։
Ճիշտ է, մի օր անկում ապրեց մարդկային բնությունը և զրկվեց Սուրբ Հոգու կենդանարար շնորհից, սակայն փրկագնվեց Քրիստոս Հիսուսով և այն օրից Սուրբ Հոգին նորոգում է մեր անկյալ բնությունը, վերածնում այն աստվածայինի համար և նոր ու լուսավոր մարդ կերտում մեզանից։ Սուրբ Գրքի միջոցով ուղղում է մեր քայլերը դեպի հավիտենական կյանք, դեպի հավիտենական փրկություն, ուղղորդում է դեպի Աստված, դեպի բարին, սրբությունը՝ զորացնելով մեզ այդ ճանապարհին, աստվածային լույս ու խաղաղություն պարգևելով և մխիթարելով փորձության պահին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ասում է․ «Հոգին իբրև հուր երևաց, որպեսզի խոտանը այրի, և ընտիրը լցվի Հոգու ուրախության բաժակների մեջ, անսպառ գանձի պարգևներով»։ Այո՛, այն հոգևոր ուղղություն է հաղորդում մարդու կարողություններին, մշտապես վառ է պահում Աստծու անեզր գթության մասին հիշողությունը և կենդանացնում Նրա ողորմության հույսը, երբ կրկին մեղանչում ենք կամ դժվարության հանդիպում։ Այն հիշեցնում է, որ մեզանից յուրաքանչյուրի հոգին վերնատուն է՝ կարող ընդունելու Ամենակալ Քրիստոսին ու փոխակերպվելու Նրանով։ Այսօրվա տոնը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուրիս սիրտը կոչված է Քրիստոսի գահը դառնալու և մենք՝ Սուրբ Հոգու տաճարը։ Ավելի մեծ պատիվ չկա ողջ տիեզերքում, սիրելի՛ հավատացյալներ, ուստի ձգտենք արժանանալու այդ պատվին՝ մաքրելով մեզ մեղքերի աղբից, մեր փրկության հանդեպ ծուլությունից ու անտարբերությունից, հպարտության ու նախանձի կործանարար ոգուց և այն ամենից, ինչը հեռու է վանում մեզանից Աստծու Հոգուն։
Երկու հազար տարի առաջ այս օրը մի բուռ պարզ գալիլիացիներ, հավատարիմ մնալով սիրելի Քրիստոսի խոսքին ու Նրա պատվիրած կյանքին, արժանացան Սուրբ Հոգու ապրեցնող այցին, Նրանով սրբագործվելու և սրբանալու շնորհին։ Մենք էլ ենք կոչված նույն կյանքին, նույն առաքելությանը, նույն սրբությանը, սիրելի՛ հավատացյալներ, և Մայր եկեղեցին այսօր հենց դա է հիշեցնում մեզ այս չքնաղ տոնով, հիշեցնում է սուրբ Պողոս առաքյալի խոսքով, որը թեև ներկա չէր Հոգեգալուստին, սակայն հետագայում լիուլի զարդարվեց Սուրբ Հոգու շնորհներով․ «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք: Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ․ 6։19) և «Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփես․ 5։20)․ ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան