Սկյութիայի ծերերից մեկը գնաց Տերենութ, որտեղ նրա վանքերն էին, և ճգնավորական տքնություններից հանգստացնելու համար մի փոքր գինի բերեցին նրան: Այդ ժամանակ ոմանք, լսած լինելով նրա մասին, մի դիվահարի բերեցին նրա մոտ, իսկ դևն սկսեց անարգել ծերին և ասաց. «Այս հարբեցողի մո՞տ եք ինձ բերել»: Ծերը չէր կամենում հանել նրան, բայց լուտանքների պատճառով ասաց նրան. «Հավատում եմ Քրիստոսին, որ նախքան այս բաժակն ըմպելս, դուրս կելնես դրանից»: Եվ երբ ծերն սկսեց ըմպել գինին, դևն աղաղակեց և ասաց. «Այրո՜ւմ ես, այրո՜ւմ ես ինձ»: Եվ դեռ գինին չէր ըմպել մինչև վերջ` Քրիստոսի շնորհով դևը դուրս եկավ նրանից:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016