Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Աբբա Դանիելն իր աշակերտների հետ եկավ Ալեքսանդրիա և մի կույրի տեսավ, որ մերկ նստած էր փողոցում և ասում էր. «Տվե՛ք ինձ և ողորմացե՛ք»: Եվ ծերն իր աշակերտներին ասաց. «Տեսնո՞ւմ եք սրան, որ աչքեր չունի. մեծ չափի է հասել, և կամենում եմ ցույց տալ նրա վարքը»: Եվ գնալով կույրի մոտ` ասաց. «Ողորմությո՛ւն արա ինձ, որովհետև փող չունեմ, որ արմավենու ոստեր գնեմ և դրանով կերակրվեմ»: Եվ կույրն ասաց. «Այդ ի՞նչ ես ասում, աբբա՛. տեսնում ես, որ մերկ եմ և մուրում եմ, իսկ դու ինձ ասում ես. «Փո՛ղ տուր, որ գնեմ արմավենի և կերակրվեմ, սակայն փոքր­ինչ սպասի՛ր»: Եվ աբբան նշան արեց իր աշակերտներին, և (կույրի հետ) եկան քաղա­քից դուրս` սուրբ Մարկոս եկեղեցին: Կույրն այնտեղ խուց ուներ, և ծերին ասաց. «Սպասի՛ր ինձ այստեղ, աբբա՛»: Եվ գնալով իր խուցը` ծերին մի զամբյուղ բերեց, որի մեջ կար չամիչ, թուզ, նուռ և երեք ոսկի և իր բերանից էլ արծաթ հանելով` տվեց աբբային և ասաց նրան. «Աղոթքի՛ր ինձ համար»: Եվ աբբա Դանիելը, գալով աշակերտների մոտ, լաց եղավ և ասաց. «Քանի՜ գաղտնի ծառաներ ունի Աստված. կենդանի է Տերը, որ չեմ կարողանա վերադարձնել այդ օրհնությունից դույզն­ինչ»: Եվ գնացին: Նույն օրը հիվանդացավ մեծ եկեղեցու տնտեսը: Սաստիկ ցավում էր որովայնը, և ընկած էր սուրբ Մարկոսի տաճարում: Նրան երևաց սուրբ Մարկոս առաքյալը և ասաց. «Բե­րե՛ք կույրին, թո՛ղ ձեռքը դնի, և կառողջանաս»: Ուղարկեց տնտեսը իր ծառաներին, և բերին նրան բռնությամբ, դրեց ձեռքը, և անմի­ջապես առողջացավ: Այս հրաշքը հայտնի դարձավ ողջ քաղաքին, և հայրապետը լսելով՝ եկավ կույրին փնտրելու, և նրան գտավ ննջած ի Տեր: Լուրը տարածվեց Սկյութիայում, և Դանիել աբբան իր աշակեր­տի հետ եկավ, նրանց հետից եկան նաև բազում հայրեր՝ ծերի օրհնու­թյունն ստանալու: Ողջ քաղաքը հավաքվեց այնտեղ՝ մեծ գոհությամբ, և նրան թաղեցին հայր Մարկոսի մոտ, որ խենթ էր հանուն Քրիստոսի: Եվ նրա վարքն այսպիսին էր. ովքեր ողորմություն էին խնդրում իրե­նից` գնում էր հանցավորներից և ուրիշներից և տալիս էր հիվանդնե­րին: Երեսունութ տարի անց ավարտեց իր ընթացքը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․