- Հա՛յր, հոգևոր օրենքները մի՞շտ են անմիջապես գործում:
- Նայած՝ երբ: Հաճախ մնում է միայն զարմանալ: Ինչ-որ մեկը հենց մի փոքր հպարտանում է, միանգամից անհաջողության է մատնվում, այսինքն՝ հոգևոր օրենքը կայծակնային արագությամբ է գործում: Օրինակ՝ միանձնուհին ապակիներն է լվանում և հպարտությամբ մտածում է, որ ինքն ավելի լավ է լվանում, քան մյուս քույրը: Հենց նույն պահին նրա ուշադրությունը շեղվում է (մի անհաջող շարժում) և ապակին փշրվում է: Իսկ ուրիշ դեպքերում հոգևոր օրենքները միանգամից չեն գործում:
- Իսկ երբ հոգևոր օրենքները միանգամից են գործում, դա ի՞նչ է նշանակում:
- Դա լավ նշան է: Նման դեպքերում մարդ պետք է հասկանա, որ Աստծու սերն է իրեն պարուրում, որովհետև (իր յուրաքանչյուր սխալի համար) նա առանձին է վճարում, այլ ոչ թե՝ (արդյունքում) բոլորը միասին: Սակայն, եթե հոգևոր օրենքները չեն գործում ինչ-որ մեկի պարագայում, ապա դա վտանգավոր է: Դա ցույց է տալիս, որ մարդն իր Հորից՝ Աստծուց հեռացած զավակ է, որ Նրա տանը չի բնակվում: Մարդիկ կան, որ իրենց անընդհատ հպարտ են պահում և նրանց ոչինչ չի պատահում: Դա նշանակում է, որ նրանց հպարտությունն այնքան մեծ է, որ դադարել է մարդկային լինելուց: Այն իր բարձրագույն՝ դիվական հպարտության, մինչև իսկ (սատանայական) մեծարման աստիճանին է հասել: Այդպիսի մարդը նույնպես անկում է ապրում, սակայն արդեն գագաթի մյուս կողմից: Ուղիղ դժոխք է ընկնում: Նա սատանայական անկմամբ է ընկնում, սակայն նրանք, ովքեր գագաթի մյուս կողմում են գտնվում՝ այդ անկումը չեն տեսնում: Այսինքն՝ այդ մարդիկ, ում մասին խոսում ենք, այս կյանքում հոգևոր օրենքների ազդեցության տակ չեն ընկնում, բայց առաքյալի հետևալ խոսքը գործում է նրանց նկատմամբ. «Իսկ չար և խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորված՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմ. 3:13):
- Հա՛յր, իսկ մարդու ձեռքի գործը կարո՞ղ է փչանալ այն պատճառով, որ այն ստեղծողը հիանա իր ստեղծածով:
- Այո՛, որովհետև հոգևոր օրենքները գործողության մեջ են մտնում: Աստված Իր շնորհը վերցնում է մարդուց, և նա փչացնում է այդ իրը, արվեստի գործը կամ նման մի բան: Դա տեղի է ունենում, որպեսզի նա, ով հպարտության մեջ է ընկել սեփական ձեռքերի ստեղծագործության պատճառով, սթափվի:
- Այսինքն, եթե մեկն ուրիշի պատրաստած որևէ իր է փչացնում, նշանակում է, որ հոգևոր օրենքները գործի՞ են դրվել:
- Այո՛, իհա՛րկե:
- Իսկ մի՞թե հնարավոր չէ, որ մարդն ուղղակի անուշադրության կամ անշնորհքության պատճառով ինչ-որ բան փչացնի:
- Այդպիսի դեպքերը հազվադեպ են: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, խոնարհ ապրեք: Մտածեք, որ սեփական ոչինչ չունենք: Այն ամենն, ինչ ունենք՝ մեզ Աստծուց է տրված: Ամենն, ինչ կա՝ Աստծունն է: Միայն մեղքերն են մերը: Եթե խոնարհություն չունենանք, ապա հոգևոր օրենքներն անընդհատ կգործեն մեր նկատմամբ, այնքան մինչև որ մեր եսասիրությունը կոտրվի: Եվ թո՛ղ այդպես լինի, թո՛ղ Աստված ամեն ինչ այդպես դասավորի և խոնարհություն պարգևի այնքան ժամանակ, մինչև մահն այցելի մեզ:
- Հա՛յր, իսկ հնարավո՞ր է՝ մարդ չհասկանա, որ հոգևոր օրենքներն են գործում իր նկատմամբ:
- Եթե մարդն ինքն իրեն չի հետևում, ապա ոչինչ չի հասկանում և ոչնչից օգնություն չի ստանում: Ոչ մի բան օգուտ չի բերում նրան:
- Այսինքն՝ հոգևոր օրենքները դադարում են գործելուց միայն այն դեպքում, երբ մարդ խոնա՞րհ է դառնում:
- Այո, հիմնականում դրանք խոնարհության հետևանքով են դադարում գործելուց, կամ այն դեպքում, երբ մարդուց պահանջելու ոչինչ չկա: Մի օրինակ բերեմ քեզ: Մի կին անընդհատ ծեծում էր իր ամուսնուն, և նա ոչ ոքի ոչինչ չէր ասում, որովհետև ուսուցիչ էր և վախենում էր անվանարկվելուց: Սակայն նրա պարագայում հոգևոր օրենքներն էին սկսել գործել: Մանուկ հասակում նա կորցրել էր հորը, և նրա այրի մայրն, իր փոքր թոշակով, փորձել էր ուսման տալ նրան, որպեսզի ուսուցիչ դառնա: Իսկ նա երախտագիտության փոխարեն ծեծում էր մորը: Ինչե՜ր կրեց այդ խեղճ մայրը: Եվ ահա, երբ նա հասակ առավ ու ամուսնացավ, Աստված թույլ տվեց, որ կինը նրան ծեծի: Աստված դա թույլ տվեց, որպեսզի նա քավի իր մեղքը: Բայց գիտե՞ք, թե հետո ինչ տեղի ունեցավ: Այդ մարդը մահացավ, ու նրա որդին սկսեց նրա այրուն, այսինքն՝ իր մորը ծեծել: Այսպիսով այդ կինն էլ վճարեց իր մեղքի համար: Այնուհետև նրանց որդին ևս ամուսնացավ: Եվ այդ աղջիկն, ում հետ նա ամուսնացավ, խելապակաս էր: Նա ոչ միայն ծեծում էր այդ տղային, այլև միաժամանակ երգում․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, մահով մահին հաղթեց»: Տեսնո՞ւմ եք, թե Աստված ինչպես ամեն ինչ դասավորեց, որպեսզի այդ մարդը ևս վճարի իր մեղքերի համար: Սակայն այստեղ հոգևոր օրենքները դադարեցին գործելուց, որովհետև բան չկար նրա խեղճ (խելագար) կնոջից պահանջելու:
- Հա՛յր, իսկ եթե մարդն անկում է ապրում ու վշտանում է դրա համար, ապա այդ կերպ մարո՞ւմ է արդյոք իր հոգևոր պարտքերը:
- Նա գիտակցո՞ւմ է իր պարտքը (Աստծուն), թե՞ եսասիրաբար է վշտանում: Եթե նա գիտակցում է իր պարտքը, ապա էլ չի վճարի իր անկման համար: Սակայն, եթե իր պարտքը չի գիտակցում, ապա Աստված թույլ կտա վճարել: Օրինակ՝ քրիստոնյան պետք է ուրիշներին ողորմություն տա: Եթե կարծրասիրտ մարդը ողորմություն չի տալիս, այլ անդադար կուտակում է փողը, ապա գողերը հարձակվում են նրա վրա, ծեծում, կողոպտում, և նա այդ կերպ վճարում է իր սխալի դիմաց: Եթե մենք (հոգևոր) պարտքեր ունենք և այս կյանքում դրանք չենք մարում, ապա դա շատ վատ նշան է: Դա նշանակում է, որ Աստված թողել է մեզ: Իսկ եթե մարդ ոչ մի պատիժ չի կրում, այլ միայն օրհնություններ է ստանում, ապա հնարավոր է, որ նա մի բարիք է գործել, և Քրիստոս կրկնակի ու եռակի է վճարում նրան այս կյանքում: Սակայն իր սխալների համար այդ մարդը չի վճարում: Եվ դա ևս վատ է: Ենթադրենք ես տասը տոկոսով ինչ-որ բարիք եմ գործել, իսկ Քրիստոս ինձ քսան տոկոս է տալիս դրա դիմաց, և ես ո՛չ վիշտ ունեմ, ո՛չ էլ՝ դառնություն: Բայց այդ դեպքում ես չեմ վճարում իմ մեղքերի համար:
Ինչպես սուրբ Եփրեմ Ասորին է ասում՝ այս կյանքի դժբախտությունները մեղմացնում են դժոխքի տանջանքները: Այսինքն՝ նման դեպքում, երբ հոգևոր օրենքները գործում են մարդու նկատմամբ, ապա դժոխային տառապանքների մի մասն անհետանում է:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը