Հոգևոր պայքարի զորավոր ուղիներից մեկը

Աստված բազմապիսի և անիմանալի միջոցներով փրկության հնարավորություն է տալիս  բոլորին՝ ցանկանալով, որ Իր կողմից արարված յուրաքանչյուր անձ չկործանվի, այլ հավիտենապես ապրի: Քրիստոնյան՝ անկած սեռից ու տարիքից, հոգևոր մարտիկ է, որ մշտական պայքարի մեջ է չարի դեմ: Մարդկության մեծագույն թշնամու՝ չարի մասին, սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Մենք ունենք մշտական մի թշնամի, որ մեր հանդեպ անհաշտելի ատելություն ունի: Եթե չարը հափշտակիչ է, ապա մեզանից է կախված, թույլ կտանք, որ նա հափշտակի»: Ծանոթ լինելով չարի գայթակղություններին և խարդավանքներին՝ սբ. Պողոս առաքյալը հորդորում է քրիստոնյաներին չարի դեմ սպառազինվել կարևոր ու փրկաբեր զենքերով (Եփես. 6:13-19):

Հոգևոր պայքարում ուխտի ճանապարհները քրիստոնյային հոգեպես զորացնելու ուղիներից են: Այս զորավոր ուղին հերթական անգամ ընտրեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Հոկտեմբերի 29-ին ուխտավորները,  ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր:

Առաջին սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Ապարանի տարածաշրջանի Ափնա գյուղի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին էր (4-5-րդ դդ.), ուր ներկա գտնվեցին Սուրբ և Անմահ Պատարագի, որ մատուցեց Տեր Վահանը: Քարոզին Տեր Հայրը, կարևորելով մարդկային փոխհարաբերություններում քրիստոնեական քաղցրությունն ու ջերմությունը, նշեց, որ այս առաքինությունները սնունդ են առնում հավատքից, Սուրբ Հոգու մեծագույն շնորհներից են և սիրո մեծ ցուցիչներ. «Կարևոր է, երբ քաղցրախոսությունը շողոքորթություն չէ, երբ նպատակ է հետապնդում չվիրավորել և Քրիստոսի սիրով վերաբերվել յուրաքանչյուր անձի: Ճշմարիտ քաղցրախոսությունը հակառակ է բարկության: Միաժամանակ այն չի ստում, չի կառուցում սուտուփուչ հարաբերություններ: Քանի որ ստեղծված ենք Աստծու պատկերով և նմանությամբ, պիտի կարողանանք ջերմություն և քաղցրություն հաղորդել մարդկանց՝ թեկուզ նրանց լսելով, մեր ժամանակից նրանց տրամադրելու մեր ցանկությամբ և ինչպես սբ. Պողոս առաքյալն է ասում.«Որպես Աստծու կողմից ընտրված, սրբված և Նրա սերը վայելող մարդիկ, եղե՛ք գթասիրտ, ողորմած, քաղցր, խոնարհ, հեզ և համբերատար: Միմյանց հանդեպ եղե՛ք հանդուժող և ներեցե՛ք միմյանց, երբ մեկդ մյուսի դեմ մի տրտունջ ունենաք: Ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց ձեզ, այնպես էլ դո՛ւք ներեցեք միմյանց» (Կողոս. 3: 12-14)»: Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները սիրո ճաշը վայելեցին, ապա շարունակեցին իրենց աղոթական ուղին:

Հաջորդ սրբավայրերը, ուր աղոթական ներկայություն ունեցան ուխտավորները, յոթերորդ դարում կառուցված Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին և Թալինի Կաթողիկե կամ Թալինի Մեծ տաճարն էր: Բոլոր սրբավայրերում ուխտավորները, դիմելով օրվա հիշատակելի սրբի՝ սբ. Հովհան Ոսկեբերանի բարեխոսությանը, միասնական աղոթք վերառաքեցին առ Տեր՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության համար:

Զորավոր ուղիներն անհրաժեշտ են քրիստոնյայի համար չարի դեմ պայքարում չտկարանալու և համբերությամբ այն մղելու համար՝ հիշելով Տիրոջ խոստումը՝ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները (Ղուկ. 21:18): Չարի դեմ հաղթանակածին սպասում է հավիտենական պարգևը Երկնային Արքայությունում:

 

Կարինե Սուգիկյան

 

29.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․