Մի մարդ հանդիպեց իր ծանոթներից մեկին, ով նախկինում մոլի հարբեցող ու հայտնի կռվարար էր: Նայեց նրան ու միանգամից նկատեց, որ փոխվել է՝ ներկայանալի տեսք ունի, կոկիկ է հագնված, աչքերում լույս է փայլում: Հարցրեց, թե ինչ նորություններ կան նրա կյանքում և իմացավ, որ նրա որդին հոգևորական է դարձել: Մարդը զարմացավ. «Այդպիսի հոր որդին իր կյանքն Աստծուն ծառայելուն է նվիրել»: Իսկ ծանոթը շարունակեց, ասելով, որ որդու միջոցով ինքն էլ է հավատի եկել և արմատապես փոխել իր սխալ ուղին:
- Մի՞թե հնարավոր է,- զարմացավ այդ մարդը:
- Մի անգամ,- պատմեց նախկին հարբեցողը,- ամենավերջին բառերով վիրավորեցի որդուս: Իսկ նա խոնարհվեց իմ առջև ի պատասխան, և ներողություն խնդրեց: Որդուս այդ արարքը հոգիս տակնուվրա արեց: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ նա, հոգևորական լինելով, ինձ նման տականքից ներողություն կխնդրի: Ես նրա ողջ մանկությունը փչացրեցի, իսկ նա ինձնից ներողություն խնդրեց: Այդ պահին ինչ-որ բան տեղի ունեցավ ինձ հետ: Թողեցի խմելն ու փողոցներում քարշ գալը: Աստծուն հավատացի և ուրիշ մարդ դարձա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի