21 Դեկտեմբեր, Շբ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին:
Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում է Երկնային այն օգնությունը, որն ուղեկցում է այն զինվորին, ով ապավինում է Բարձրյալին առանց երկմտանքի: Հայոց մեր պատմությունը վկայում է այս մասին: Հիշենք Ավարայրի ճակատամարտը՝ մեր պատմության ամենահիանալի դրվագներից մեկը: Ղևոնդ Երեցը ճշմարտության համար պայքարող այն քաջ եկեղեցականներից էր, ով իր հավատքով, հոգեշունչ քարոզներով ու ճառերով քաջալերում և խրախուսում էր բանակին, բարձր էր պահում զորքի բարոյական տրամադրությունը: Եվ միայն Ղևոնդ Երեցը չէ. Վարդանանց պատերազմի նախօրյակին բանակին քաջալերելու համար զինվորների կողքին էին նաև Հովսեփ կաթողիկոսը՝ եկեղեցական դասի բոլոր ներկայացուցիչներով՝ եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ, որոնք՝ իբրև զինված մարտիկներ, չէին զարհուրում մահից՝ իրենց սրտում ունենալով հետևյալ կարգախոսը. «Եթե մեռնենք՝ կապրենք»: Չէին վախենում մահից, քանի որ. «գիտակցական մահը անմահություն է»: Նրանց սիրտը լի էր այդ անմահությամբ: Հավատում էին, որ չկա անկարելի բան, երբ Աստծո կամքն ու մարդու կամքը համաձայն են իրար: Իսկ պատերազմից առաջ սաղմոսերգում էին, աղոթում, մատուցվում էր Սբ. Պատարագ և բոլոր զինվորները հաղորդվում էին: Ովքեր մկրտված չէին, մկրտվում էին: Զինվորները արիանում էին՝ ապավինելով Աստծո օգնությանը: Նրանք կռվում էին Աստծո փառքի և հայրենիքի բարիքի համար: Նրանք իրենց կրոնի ու հայրենիքի համար իրենց արյունով արժևորեցին իրենց կյանքը և ընդունեցին նահատակության անթառամ պսակը՝ արձանագրելով իրենց անունները «Կենաց դպրության» մեջ: Եվ նրանց ջանքերը ի զուր չանցան: Իսկ այն, որ արդարների հոգիներն Աստծո ձեռքին են և մահը չի մոտենալու նրանց, և որ նրանք գտնվում են խաղաղության մեջ, վկայում են Աստվածաշնչի հավերժական խոսքերը (Իմաստություն Սողոմոնի 3:1-3):
Այսօր էլ հայ զինվորները, մեր նախնիների քաջարի օրինակը իրենց սրտում դրոշմելով, հոգևոր սպասավորների առաջնորդությամբ և օրհնությամբ, իրենց ծառայության ճանապարհին ապավինելով Բարձրյալին, զորացնում են իրենց հավատը, հույսը և սերն առ Աստված:
Տեր Ենովք քահանա Եսայանը ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի 5-րդ բանակային զորամիավորման հոգևոր պատասխանատուն է և արդեն յոթ տարի է, ինչ ծառայում է զինված ուժերում: Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր եկեղեցու համայնքից ներս իր հոգևոր ծառայությունն է իրականացնում հոգևոր սպասավորը, նույնպես և Հայոց բանակի զորամասում՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարության փակ համակարգում, նշանակված հոգևորականն է կոչված այդ ծառայությանը, միայն այս պարագայում հոգևորականի համար զորամասն է ծառայում որպես համայնք: Եվ յուրաքանչյուր զորամասում հոգևոր մշակությունը ստանձնած հոգևոր մշակները Տիրոջ խոսքն են սերմանում զինծառայողների սրտում՝ բավարարելով նրանց հոգևոր պահանջները:
Իսկ թե ի՞նչ ազդեցություն է թողնում հոգևորականի ներկայությունն ու ծառայությունը Հայոց բանակում, այս մասին Տեր Ենովքն ասաց, որ դա տեսանելի կերպով նկատելի է զինվորների միջև եղած փոխհարաբերության մթնոլորտից: «Եվ սա թե՛ հոգևորականի և թե՛ հոգեբանի միասնական աշխատանքի արդյունքներն են: Աճը շատ մեծ է, արդյունքները բազմազան են՝ բազմաթիվ զինվորներ են մկրտվում, նրանց միջև ձևավորվում է հոգևոր հարազատություն՝ սանիկ-կնքահայր փոխհարաբերությամբ: Եվ այս մեծ ընտանիքի ջերմ մթնոլորտը պահպանվում է ոչ միայն ծառայության ընթացքում, այլ նաև նրանից դուրս: Այն վստահությունը, որ կա զինվորի և սպայի միջև, նաև այդ ծառայության արդյունքում է լինում: Զինվորները նաև մասնակից են լինում Սբ. Պատարագի՝ հաղորդվելով Տիրոջ կենարար Մարմնին և Արյանը: Տերունական օրվա կարևորագույն արարողությանը զինծառայողները պատրաստվում են ուրբաթ օրը՝ անկախ զորամասում անցկացվող դասընթացներից և հանդիպումներից: Կիրակի օրը սարկավագները նրանց ուղեկցում են այդ տարածքում գտնվող եկեղեցի, իսկ եթե չկա եկեղեցի, ապա տարվա համապատասխան եղանակին՝ գարնանը և աշնանը, շարահրապարակում ընդհանրական Սբ. Պատարագ է մատուցվում՝ բոլորի մասնակցությամբ»,- ասաց Տեր Հայրը:
Հոգևոր ծառայությունը բանակում խաղաղության տարածման միջոց է: Այն խաղաղության, որ Քրիստոսի կողմից է տրված և տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից. «Խաղաղություն եմ թողնում ձեզ. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից: Մի՛ խռովվեք և մի՛ վախեցեք» (Հովհաննես 14:27): Խաղաղությունից ավելի վեհ ընկալում չկա այս աշխարհում: Քրիստոս երանի է տալիս խաղաղարներին: Հոգով խաղաղության մասին է խոսքը: Իսկ մենք խաղաղ ենք այն դեպքում, երբ ճանաչում ենք Աստծուն:
Գայանե Սուգիկյան