- Հա՛յր, դպիրը նույնիսկ ամռանը, տապին պարտադիր պետք է շապիկ հագած լինի՞: Ես ամռան շոգին ուղղակի կորչում եմ քրտինքի մեջ:
- Այ քեզ բա՜ն… Համա թե վանականություն է այժմ… Ի՜նչ ասեմ… Սրբազան Աթանաս Աթոսացին ճգնելիս հաստ հագուստ էր հագնում և շատ ծանր խաչ կախում վզից, իսկ մենք… Ո՜ւր ենք հասել: Երբ Ավստրալիայում էի, մի վանքում կարճ տաբատով դպիր եմ տեսել: «Նման տեսքով,- ասացի նրան,- ծովափ են գնում՝ ծովում լողալու»: «Իսկ ինձ,- պատասխանում է,- այսպես ավելի հարմար է»:
Դրանից սկսում են, կամաց-կամաց առաջ են գնում, իսկ հետո հասնում են այնտեղ, որ ասում են. «Եկեք փարաջաները հանենք, որ արևը մեզ չեփի»: Փարաջան խանգարո՞ւմ է: Հանի՛ր: Գլխաշորը, գլխանոցը խանգարում են, քրտինքո՞վ ես ողողվում: Դրանք էլ մի կողմ նետիր: Այո-այո, դրան ենք հասնում: Եղբա՛յր, եթե շոգ է, ապա յուրաքանչյուր վանական պետք է իր մասին մտածի: Թող կապայի տակից ավելի թեթև հագնվի:
- Հա՛յր, իսկ վանականը կարո՞ղ է փարաջան հանել և միայն շապիկով մնալ:
- Իսկ քահանաներն էլ թող կապաները հանեն և տաբատով մնան, հա՞: Ինչ պատասխան տամ քեզ… Փիլոնը վանականի հանդերձանքն է: Վանականը դրանով է զգեստավորվում ձեռնադրվելիս: Ձեռնադրության ժամանակ ձեռնադրող հոգևորականն է փիլոն հագնում: Ձեռնադրվողին փարաջա հագցնելուց հետո ձեռնադրողը հանում է իր փիլոնը և հագցնում նրան: Երբ Ալեքսանդրիայում էի, ապշել էի, տեսնելով, որ տեղացի որոշ կանայք ոտքից գլուխ սև են հագնված: Այդպիսին է նրանց ավանդույթը: Եվ դա այնտեղի շոգի պայմաններում: Իսկ մենք ինչ է, չե՞նք կարող դիմանալ մեր հայրերից ստացած փարաջաներին:
- Հա՛յր, ոմանք տարակուսում են. «Մի՞թե փարաջան է մարդուն քահանա դարձնում»:
- Իսկ դու, օրինակ, երկու ձիթենիների նայիր. մեկը տերևներ ունի, մյուսը՝ ոչ: Երկուսից ո՞րն ավելի շատ դուր կգա քեզ՝ տերևներո՞վը, թե՞ առանց տերևներինը: Մի անգամ, երբ Սուրբ Խաչի խցում էի ապրում, բակում աճող ձիթենու բնի կեղևը պոկեցի և գրեցի. «Ծառերն իրենց զգեստը մի կողմ են նետում, տեսնենք, թե որքան պտուղ են բերում», իսկ կողքն ավելացրեցի. «Տերտերն անփարաջա՝ բարոյազուրկ կերևա»: Այն ժամանակ բուռն քննարկվում էր քահանաների փարաջա հագնելու վերացման հարցը, և ոմանք գալիս էին դրա համար ինձնից օրհնություն ստանալու հույսով:
- Հա՛յր, մի մարդ մեր մենաստան մի ուղղափառ քահանայի բերեց, ով տաբատով էր: Արդյոք պե՞տք է նրանից օրհնություն վերցնել:
- Ի՞նչ օրհնություն: Ով էլ որ լինի այն քահանային ձեզ մոտ բերողը, պետք է նրան այսպես ասեիք. «Ներողություն ենք խնդրում, բայց մեր մենաստանում ընդունված է փարաջա տալ հոգևորականներին: Ինչպե՞ս կարող է քահանան տաբատով գալ կանանց մենաստան: Դա անպարկեշտ է»: Եթե ո՛չ այդ քահանան է ամաչում, ո՛չ նրան բերողը, ապա դու ինչո՞ւ պիտի ամաչես նրան փարաջա տալուց: Մի անգամ օդանավակայանում արտասահման մեկնող մի երիտասարդ ծայրագույն վարդապետի հանդիպեցի քաղաքացիական հագուստով: «Ես հայր այսինչն եմ»,- ներկայացավ նա ինձ: «Իսկ որտե՞ղ է քո փարաջան»,- հարցրեցի նրան և բնականաբար օրհնություն չվերցրեցի նրանից:
- Իսկ ոմանք պնդում են, հա՛յր, որ հոգևորականությունն ավելի մեծ օգուտ կբերի ավելի ժամանակակից դառնալով:
- Երբ Պատրիարք Դմիտրին, Ամերիկայում գտնվելով, այցելեց Սուրբ Խաչի աստվածաբանական դպրոցը, ապա որոշ ակնածալից ամերիկացի ուսանողներ նրան մոտեցան և ասացին. «Սրբազա՛ն, մեր դարաշրջանում հոգևորականությունը պետք է ավելի ժամանակակից դառնա»: Իսկ Պատրիարքը նրանց պատասխանեց. «Սուրբ Կոսմաս Էթոլիացին ասում է, որ երբ հոգևոր մարդիկ աշխարհիկների վերածվեն, աշխարհիկները դևերի կվերածվեն»: Նա լավ պատասխանեց նրանց, չէ՞: Նրա համար հիանալի սենյակ էին պատրաստել՝ ճոխ մահճակալով, հարուստ հարդարանքով, իսկ նա, այդ ամենը տեսնելով՝ ասաց. «Որտե՞ղ եք ինձ տեղավորելու: Այս սենյակո՞ւմ: Ավելի լավ է մի ծալովի մահճակալ բերեք ինձ համար: Հոգևոր անձն աշխարհիկանալով՝ սատանայի թեկնածու է դառնում»:
- Հա՛յր, հարկ է, որ հոգևորականի ավելի պա՞րզ զգեստներ կարենք: Միգուցե հարուստ ասեղնագործով զգեստները օգուտ չե՞ն բերում քահանաներին:
- Ձեզ պատիվ կբերի, եթե պատվիրատուներին այսպես ասեք. «Ահա, այսպիսի պարզ զգեստներ ենք կարում: Կարող ենք և շատ ասեղնագործով էլ կարել, բայց չենք անում, որովհետև անհանգստանում ենք այն մտքից, թե արդյո՞ք գայթակղության մեջ չենք գցում մարդկանց»: Բացի այդ, անհավատներն էլ են օգտագործում դա: Մեզ լուրեր են հասնում, որ ժողովրդի մեջ խոսում են. «Մենք հաց գնելու փող չունենք, իսկ տերտերները մի կույտ զգեստներ ունեն»: Եթե դուք պարզ ասեղնագործով զգեստներ կարեք, ապա լուրջ քահանաներն էլ կգնեն ձեզնից: Իսկ եթե աշխարհիկ մտածելակերպ ունեցող քահանաները ձեզնից հարուստ ասեղնագործով զարդարուն զգեստներ գնեն, ապա և՛ իրենք ծաղրուծանակի առարկա կլինեն, և՛ ձեզ կվարկաբեկեն: Իսկ ա՛յ Սուրբ Սեղանի, Սկիհի ծածկոցները կարող եք ավելի հարուստ ասեղնագործությամբ զարդարել: Եվ աշխատեք շապիկների, շուրջառների ներքի հատվածներում խաչեր և սրբերի պատկերներ չասեղնագործել: Զգեստների այդ մասերում ինչ-որ պարզ, ոչ սրբազան խորհրդանիշեր պատկերեք: Թե չէ քահանաները նստում են ուղիղ սրբերի, խաչերի վրա… Դա ակնածանք չէ:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի