25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):
Մեր Տերն այսօր ճշմարտությունը հայտնեց մեզ՝ հոգին է կենդանարար մարդու մեջ, մարմինը ոչինչ չի կարող անել: Եվ ինչպես ասում է Պողոս առաքյալը` «որովհետև մարմնի գործերը հայտնի են. այսինքն` շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն…» (Գաղատ. 5:19): Սրանք են մարմնի գործերը, իսկ հոգու գործերն են` առաքինություն, հավատ, հույս, սեր, խաղաղություն, համերաշխություն, հանդարտություն, երանություն, ի վերջո` Երկնքի Արքայություն: Հոգին է կենդանարար, որովհետև հոգին է Աստծու պատկերը մարդու մեջ, որովհետև Աստված մարդուն Իր պատկերով է ստեղծել: Եվ ինչպես Աստվածն է կենդանարար և կենաց աղբյուր, այդպես էլ հոգին է մարդու մեջ կենդանարար և բարիքներ բխող, առաքինություններ գործող: Եվ նա է իմաստուն մարդը, ով հոգին է կենդանացնում: Հոգին կենդանանում է աղոթքով, Աստծու խոսքով, բարությամբ, առաքինություններով, ողորմություններով: Հոգին մեռնում է մարմնի չար գործերով, մեղքերով: Արիստոտելն ասում էր. «Նա չէ իմաստուն, ով շատ գիտություն, հմտություն և ճարտարություն ունի, այլ նա է իմաստուն և խոհեմ մարդ, ով կարողանում է սանձել իր կրքերը, կառավարել իր մարմինը»: Այնուհետև մեր Տերն ասում է. «Այն խոսքը, որ Ես ձեզ ասացի, հոգի է և կյանք» (Հովհ. 6:64): Ուրեմն, հոգին է կենդանարար և հոգու կենդանությունը ապահովում են Քրիստոսի խոսքերը: Մեր Տերը մեկ ուրիշ տեղ ասում է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4:4): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, կենդանության աղբյուր է և ոչ միայն մեր հոգին է կենդանացնում, այլ նաև մեր միտքն է զվարճանում աստվածային խոսքերով: Նաև, եթե հոգին է կենդանանում, ապա մարմինն է առողջ և կենդանի: Եվ այդպես, մաքուր, պարզ մտքով, կենդանի և առողջ հոգով, զորացած և առողջ մարմնով քրիստոնյան ընթանում է դեպի Երկնքի Արքայություն: Այնուհետև Քրիստոս շարունակում է և ասում. «Դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե այդ Իմ Հորից տրված չէ նրան»: Դրա վրա` Նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս Նրա հետ չէին շրջում (Հովհ. 6:67): Հոգու կենդանությունը, աստվածային զորությունը մեր Տերը` Հիսուս Քրիստոս է տալիս երկնքից, բայց Ինքն է ընտրում, թե ում ինչ է տալիս և որքան է տալիս: Եվ ընտրությունը կատարում է ըստ մարդկանց կարողության, հոժարության և ձգտումի: Ով մաքրում է իր միտքը, իր սիրտն ու մարմինը ամեն տեսակի աղտեղություններից, Աստծու շնորհին է արժանանում, որովհետև մեր մարմնի անոթը Աստծու բնակարան պետք է լինի, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու…» (Ա Կորնթ. 6:19), և չպետք է Սուրբ Հոգու տաճարը դարձնենք դևերի բնակարան: Ով սրբում է իր տաճարը, Սուրբ Հոգին է այնտեղ բնակվում, որովհետև Սուրբ հոգին սուրբ է և նենգության, չարիքի և մեղքի մեջ չի կարող բնակվել: Եվ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, ճանաչում է բոլոր մարդկանց ի սկզբանե, իրենց ծնված օրվանից մինչև մահվան օրը, աշխարհի սկզբից մինչև աշխարհի վախճանն է ճանաչում մարդկանց. մենք դեռ չէինք ստեղծվել, Աստված մեզ գիտեր, և որևէ մեկը չի կարող Տիրոջ աչքից թաքնվել, և որևէ գործ, արարք` արդար կամ ոչ արդար, Տիրոջ աչքից չի կարող թաքնվել: Եվ Աստված է ընտրել բոլոր Իր զավակներին և Հայր Աստված է կնքել և հաստատել քրիստոնյաներին: Եվ որևէ մեկը առանց Տիրոջ ոչինչ չի կարող անել: Պողոս առաքյալը և մյուս առաքյալները Տիրոջ կողմից ընտրվեցին և իրենց թղթերում գրում են, որ Աստված իրենց ընտրեց, որպեսզի Տիրոջ գործը կատարեն երկրի վրա:
Քրիստոսի այդ խոսքերի վրա շատերը տրտնջացին, դժգոհեցին և հեռացան Նրանից: «Հիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթե դո՞ւք էլ ուզում էք գնալ»: Սիմոն Պետրոսը Նրան պատասխանեց. «Տեր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ Դու ես Քրիստոսը` Աստծու Որդին»» (Հովհ. 6:68-70): Քրիստոս արթնացնում է Իր առաքյալների միջի նախանձախնդրությունը, հավատքը Տիրոջ հանդեպ: Թեպետ շատերը հեռացան Տիրոջ խոսքերից, բայց առաքյալները չհեռացան, Քրիստոսի հետ եղան, որովհետև առաքյալները հավատացել էին և թողել էին ամեն ինչ` իրենց ընտանիքը, ունեցվածքը և գտել էին Երկնային Արքայության գանձը` Հիսուս Քրիստոսին: Այսօր կրկնենք Պետրոս առաքյալի խոսքերը և դարձնենք մեզ համար կարգախոս. «Տեր, ո՞ւր պետք է գնանք, Դու կյանքի խոսքերն ունես և ճշմարտապես ճանաչեցինք, որ Դու ես Քրիստոսը` Աստծու Որդին»: Ամեն:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան