Գրքեր

Հովհաննեսի Հայտնության գրքի պատգամը

Սուրբ Գրքի ամենավերջին գիրքը, որը կոչվում է <<Հովհաննեսի Հայտնություն>>, իր խորհդրաբանական պատկերներով ու նկարագրությամբ մշտապես մարդկանց գրավել է և ապագայի վերաբերյալ մարգարեական նկարագրությամբ հետաքրքրել, թեև համարվել է ամենադժվար մեկնելի գիրքը: Գրվել է Հովհաննես առաքյալի կողմից` Եգեյան ծովում գտնվող Պատմոս կղզում: Գրության ժամանակի վերաբերյալ տարակարծությունները դեռևս մնում են, այնուամենայնիվ այն գրվել է ոչ շուտ, քան 64թ. ներոնյան հալածանքները և ոչ ուշ 95թ., քան Դոմիտիանոսի իշխանության շրջանը: <<Հայտնություն>>-ը ոչ միայն մեծ մարգարեական գիրք է ապագայի վերաբերյալ, այլև կանխորոշում է մշակույթի ճգնաժամն ու մարդկության արժեհամակարգի անկումը և միևնույն ժամանակ զգուշացնում վերահաս արհավիրքների մասին: Այդուհանդերձ Հայտնության գիրքը ավետում է Քրիստոսին հավատարիմ մարդկանց փրկության ու հաղթության լուրը և լուսավոր ապագայի հույսը վերստին վերահաստատում` հատկապես դժվարությունների և փորձությունների մեջ գտնվող քրիստոնյաների համար: Գրքի հունարեն վերնագիրը` apocalypsis, հրաշալիորեն թարգմանվել է հայտնություն բառով, ինչպիսին իրականում է: Ապոկալիպտիկ գրականությունը պատկանում է հրեական սրբազան գրվածքների գրական ժանրին: Նախ ինչ է ապոկալիպտիկը: Այն աստվածաշնչյան յուրօրինակ ժանր է և ընդհանրապես հնագույնը գրական ժանրում: Աստված հայտնում է ինչ-որ պատգամ, իրողություն` Իր կողմից ընտրյալ անձանց, ովքեր պատմում են աշխարհին, թե ինչ է տեղի ունենալու ապագայում, ինչպիսի ուժեր են կառավարում աշխարհը և թե ուր է գնում մարդկությունը և ամբողջ տիեզերքը: Ուստի, Հայտնության գիրքը մաս է կազմում աստվածաշնչյան գրական մի ուղղության, որը կոչվում է ապոկալիպտիկ: Գրական որևէ ժանր ճանաչելու համար անհրաժեշտ է ճանաչել այն դարաշրջանը, որին տվյալ երկը պատկանում է, շրջապատող հանգամանքներն ու մշակույթը: Հայտնության գիրքը բովանադակում է սիմվոլներ ու խորհրդանշանական ներկայացումներ: Կնիքները, փողերը, գավաթները և մյուս պատկերները վկայակոչում են ոչ թե պատմական իրադարձություններ կամ դրանց մանրամասները, այլ պատմության ընթացքում գործող սկզբունքներ: Դրանց գործունեության (նշանակության) ոլորտն ընդարձակ է: Բովանդակության և խորհրդանշանների վերլուծություն չներկայացնելով` համառոտ նշենք ընդհանուր դրույթները, որպեսզի պարզորոշ կերպով հայտնության պատգամը լուսաբանված լինի, քանի որ կան նաև բազմաթիվ մեկնություններ, աստվածաբաններ, մեկնաբաններ և հատկապես ինքնակոչ ժամանակակից <<մարգարեներ>>, ովքեր մակերեսային մոտեցում են ցուցաբերում` խառնելով որոշ հանգամանքներ, ինչպես օրինակ` հազարամյա թագավորության վերաբերյալ, որի մասին դեռևս Օգոստինոս Երանելին նշում է, որ ներկա ժամանակահատվածըª Քրիստոսի առաջին գալուստից մինչև Նրա վերադարձը, հազարամյա դարաշրջանն է և հազար թիվն այստեղ սիմվոլիկ իմաստ ունի` սկիզբ և ավարտ ունեցող լրման խորհուրդ և ոչ թե երկրային ժամանակագրական իմաստ: Այս մասին նաև իրենց աշխատություններում ներկայացնում են Մաղաքիա արք. Օրմանյանը և Շնորհք արք. Գալուստյանը: Հովհաննեսի Հայտնության ամբողջական մեկնության պահպանված առաջին երկը Փոքր Ասիայի Կեսարիա քաղաքի երանելի Անդրեաս արքեպիսկոպոս Կապադովկացու մեկնությունն է: Հավանաբար այն գրվել է 563-ից 614թթ-ում ընկած ժամանակահատվածում: Իր աշխատանքում նա բացահայտում է Հայտնության եռակի իմաստը` տառացի, բարոյական և խորհրդաբանական մեկնությունները: Հետագայում հայտնութենական այս գրքի բոլոր լուրջ լուսաբանումները հիմնված են Անդրեաս Կապադովկացու երկի մեկնության վրա` որպես առաջին հիմնական աղբյուր: Հայ հոգևոր իրականության մեջ Հովհաննեսի Հայտնության գրքի ամբողջական մեկնությանը անդրադարձել են Սուրբ Գրիգոր Տաթևացին և Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանը: Արևելքում երկար ժամանակ <<Հայտնություն>>-ը չէր ընդգրկվում Նոր Կտակարանի կանոնի մեջ, իսկ այն հայերեն է թարգմանվել 12-րդ դարում` Ներսես Լամբրոնացու կողմից և աստիճանաբար ընգրկվել հայերեն Աստվածաշունչ մատյանների մեջ: Սակայն եկեղեցական ծիսակարգում <<Հայտնություն>>-ից ոչ մի ընթերցում չի կատարվում:

Ռուս ուղղափառ եկեղեցու կարկառուն աստվածաբան Ալեքսանդր Մենն ասում է, թե շատերը կարծում են, որ Հայտնության գիրքը հասարակ մարդու համար ամբողջապես փակ ու անհասանելի գիրք է: Երբեմն կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ աստվածաշնչյան այս գիրքը գրված է ոչ թե մարդկանց համար, այլ ինչ-որ անհայտ նպատակով: Այդուհանդերձ Սբ. Պողոս առաքյալն ասում է, թե Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար (Բ Տիմ. 3:16): Հետևաբար այս գիրքը և ընդհանրապես վախճանաբանությունը չի համարվում արգելված` այն կարդալու ու հասկանալու համար, և նրա բովանդակությունը այդքան էլ անհասկանալի չէ, ինչպես թվում է: Հայտնության գրքի սիմվոլների իմաստների մեծ մասը ավելի հասկանալի է դառնում, երբ կարդում ենք Հին Կտակարանը, քանի որ հեղինակը կրում էր այդ լեզվամտածողությունը և մտածում էր այդ հասկացություններով, հինկտակարանյան պատկերներով ու խորհրդաբանությամբ: Այն սովորական ժանր էր Ք. ա. 1-ին դարում և Հայտնության առաջին ընթերցողները հրաշալիորեն հասկացել են այն: Նշենք նաև յոթ թվի կարևորությունը: Նամակներն ուղղված են Յոթ եկեղեցիների: Այս թիվը հայտնվում է մոտ հիսունչորս անգամ: Դա հավաստում է այն դրույթը, համաձայն որի խորհդրանիշները վկայակոչում են մարդկային վարքի, ինչպես նաև աստվածային կառավարման սկզբունքներ` իբրև կատարելության ու լիալրության նշան: Աստծո ծրագիրը մարդկանց փրկության հույսի ու Քրիստոսի գալստյան խոստման վերհիշեցումն է: Գրքի ուշադիր ընթերցանությունը վեր է հանում յոթ բաժնից կազմված գրական կառուցվածքը: Դրանք զարգանում են զուգահեռաբար: Բոլոր բաժիններն ուրվագծում են Քրիստոսի գալուստից մինչև Նրա վերադարձը: Ամեն անգամ, երբ որևէ բաժին հասնում է Դատաստանի օրվան, հեղինակը հետ է դառնում` քննություն առնելու մի նոր բաժին և սկսելու հենց սկզբից: Այդ բաժինը դարձյալ նկարագրում է նույն շրջանը, սակայն տարբեր դիտանկյունից և տարբեր խորհդրանիշներով: Այդ յոթ բաժինները կարելի է այսպես ներկայացնելª

ա. Քրիստոսի եկեղեցին աշխարհում – գլուխ 1-3 (ճրագակալները)

բ. Եկեղեցին տառապում է հալածանքից - գլուխ 4-7 (կնիքները)

գ. Եկեղեցու համար վրեժ է լուծված, այն պաշտպանված է ու հաղթանակած - (գլուխ 8-11 փողերը)

դ. Մեսայի մարտը չար ուժերի դեմ – գլուխ 12-14 (Քրիստոսն ու Վիշապը)

ե. Աստծո վերջնական զայրույթը հարվածում է չզղջացողներին – գլուխ 15-16 (յոթ սափորները)

զ. Բաբելոնի ու գազանների անկումը – գլուխ 17-19 (Բաբելոն)

է. Վիշապի դատապարտումը, Քրիստոսն ու Իր Եկեղեցին հաղթողներն են – գլուխ 20-22

Այսպիսով այս ամենը ներկայացնում են այն շրջանը, որն ընկած է Քրիստոսի առաջին գալստյան ու Նրա վերադարձի միջև: Հիշյալ հատվածները, սակայն պարզ կրկնություններ չեն: Դրանցից յուրաքանչյուրը մի նոր տարր է ավելացնում նախորդ բաժնի մտածողությանը: Ամեն բաժին իր տեղում է և ոչ մի տեղ չկա որևէ շփոթմունք: Այսպես, եկեղեցին գործում է ինչպես ճրագակալ: Այն կրում և տարածում է լույս: Իսկ մթությամբ պարուրված աշխարհը հալածում է Եկեղեցուն: Սա է հալածանքի յոթ կնիքների իմաստը: Սակայն, Աստված հալածողներին չի թողնում անպատիժ: Նա իր դատաստանն իրականացնում է նաև աշխարհի վրա, որի խորհրդանիշը յոթ փողերն են: Եթե աշխարհը հաշվի չի առնում այդ դատաստանը, ապա ստանում է աստվածային զայրությով լի յոթ գավաթ և այլն:

Ծանր ժամանակներ էին քրիստոնյաների համար: Իր խելացնոր ցանկությունների համար Հռոմը հրդեհի մատնած Ներոն կայսրն ամբողջությամբ մեղքը բարդում է քրիստոնյաների վրա ու սկսում են հալածանքները սաստկանալ: Անմեղ մարդկանց աննկարագրելի տանջանքների են ենթարկում: Բազմաթիվ քրիստոնյաներ նետվում են սոված գազանների առաջ, որպեսզի հեթանոս հանդիսատեսների համար ավելի հետաքրքիր ու տեսարժան ներկայացնումներ կազմակերպվեն: Մյուսներին այրում են, խաչը բարձրացնում` մոխրի մեջ պատված Հռոմ քաղաքի փողոցների երկայնքով, իսկ կայսրը իր շքախմբի հետ ձիակառքով շրջում է ու իր հաղթանակն ավետում քրիստոնյաների հանդեպª խոստանալով Հռոմեական կայսրության երեսից ջնջել քրիստոնյաներին: Ահա այսպիսի ահասարսուռ տեսարաննները, տանջանքները, հալածանքները, նահատակությունները անընդհատ հարց են առաջացնում քրիստոնյաների մոտ, թե մինչև երբ, Տեր... (Հայտ. 6:10): Եվ արդեն կրկին վերահաս հալածանքների ալիքը` հատկապես Փոքր Ասիայում Դոմիտիանոս կայսեր օրոք, կրկին դառնում են անմեղ քրիստոնյա զոհերի պատճառ: Իսկ Հովհաննես առաքյալն աքսորված է Պատմոս կղզի: Մյուս առաքյալները բոլորը նահատակված են: Քրիստոնյաների ապագան մշուշոտ ու մռայլ է երևում այս բոլոր իրադարձությունների ներքո, և այդ ժամանակ Աստված հայտնվում է առաքյալին ու տալիս պատասխանը, թե մինչև երբ..., որ Ինքը չի մոռացել իր ժողովրդին, իր եկեղեցուն և որ շուտով գալու է վերջ դնելու այդ տառապանքներին ու անարդարություններին: Ինչպես ասվում են Հայտնության վերջին խոսքերում, թե <<Ով այս մասին վկայեց, ասաց. <<Ես գալիս եմ շուտով>>: Ամեն: Ե°կ, Տե°ր Հիսուս Քրիստոս>> (Հայտն. 22:20):

Հովհաննես սրկ. Մանուկյան

07.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․