Մի պատանի տրտում նստած էր ճամփեզրին, երբ մի ալեհեր ծերունի անցավ նրա մոտով: Տեսնելով պատանու երանազուրկ հայացքը՝ մոտեցավ նրան և հարցրեց.
- Տղա՛ս, ինչո՞վ կարող եմ օգնել քեզ:
Պատանին նայեց ծերունուն և պատասխանեց,
- Դժվար թե կարողանաս օգնել ինձ, ո՛վ ծերունի: Ես փնտրում եմ այն, ինչը երբեք ոչ ոք չի տեսել:
Ծերունին զարմացած հարցրեց,
- Մի՞թե քո ուզածը վեր է մտքից:
Տղան պատասխանեց.
- Ես փնտրում եմ հրաշքների աշխարհը: Շատ եմ մտածում դրա մասին, բայց երբեք չեմ գտնում, ուստի կարծում եմ այս աշխարհում այն գոյություն չունի:
Ծերունին լուռ նայեց տղայի դեմքին, խորհրդավոր ժպտաց, այնուհետև ասաց.
– Ես գիտեմ թե որտեղ է այն… Ե՛կ իմ ետևից:
Պատանին իսկույն վեր ցատկեց տեղից և սրտի թրթիռով հետևեց ծերունուն: Քայլերը նրանց մոտակա եկեղեցի տարան: Եկեղեցու խորհրդավոր կիսախավարի մեջ ծերունին, հերթով մատնացույց անելով սրբապատկերներն, ասաց.
– Նայի՛ր, տղա՛ս, այս նկարում պատկերված են առաքյալները, որոնք հրաշքով քարոզեցին մեր Տիրոջ ավետարանն ամբողջ աշխարհով: Այս մյուս պատկերում Սուրբ Աստվածածինն է, որը հրաշքով ծնվեց և հրաշքով ծնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Իսկ այս խաչերը, որ տեսնում ես ամենուր պատկերված և փորագրված՝ վկայում են աշխարհի ամենամեծ հրաշքի՝ Հիսուս Քրիստոսի մասին, Ով խաչվեց հանուն մարդկային սերնդի փրկության, կործանեց դժոխքի դռները, և հարություն առավ մեռյալներից, այդպիսով դառնալով մարդկային ցեղի պատմության ամենամեծ հրաշքը:
Պատանին սկսեց մեղմիկ արտասվել և փառք տալ Աստծուն այն բանի համար, որ երկրի վրա գտավ հրաշքների աշխարհը:
Հրաչյա Բեգլարյան