«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանի կոմպոզիցիան

«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանը Հիսուսի հարության հետ կապված իրադարձության տեսարաններից է: Այն ներկայացված է ավետարանական տոների շարքին: Հաճախ այս տեսարանը ավելի հասկանալի դարձնելու համար մանրանկարիչները դրանք ուղեկցում են բացատրական մակագրություններով: Ավանդական պատկերագրական խմբագրությունը ներկայացնում է երեք կանանց՝ յուղի սրվակներ ձեռքին, որոնք եկել են Տիրոջ գերեզմանի մոտ: Բացված գերեզմանի վրա նստած է սպիտակափառ հրեշտակը, իսկ զարհուրած պահակները պառկած են կողք-կողքի:

«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» տեսարանի ենք հանդիպում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարներից մեկում, ձախ կողմում նստել է հրեշտակը: Ուղղաձիգ մեծ թևի ծայրամասերը միանում են իրար ու գլխի ետև սրտանման մոտիվ կազմում: Գերեզմանն ունի բրգաձև տանիք, որը բաժանված է երեք հորիզոնական երիզների: Հիմքում եզերված է փշատերևի գալարակով, իսկ կողքերում՝ կիսականթային տերևներով: Քովթարը հենված է երկու մեծ սյուների վրա: Կիսալուսինն ունի զարդային հյուսվածք և այս նույն մոտիվով են շրջառված կամարավոր դռան եզրերը: Մի մեծ ուղղանկյունի քար է դրված գերեզմանի վրա, որը ծածկված է երեք խաչով զարդարված շորով: Երկու կանայք խոսում են հրեշտակի հետ: Խորքում, ըստ արձանագրության, Հովհաննես և Պետրոս առաքյալներն են:

Սարգիս Պիծակի գրած և նկարազարդած «Բժշկության ավետարանում» հիվանդներին բժշկելու և մեռելներին վերակենդանացնելու տեսարաններից բացի պատկերված են, ինչպես ծաղկողն է նշում Քրիստոսի ծնունդն ավետող, ծննդյան, մկրտության, մահվան հետ կապված դրվագներ, պատկերազարդման մի համակարգ, որը հենց ինքը՝ նկարիչը, համարում է նորություն՝ ընդգրկված պատվիրատուի գիտությամբ.

Եւ պատկերնով նոր է ի գրի:

Գիտելութեամբ իմ Տէր Բասլի:

«Բժշկության ավետարանում» տեքստից անկախ, ինքնուրույն կոմպոզիցիա է «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» ինքնատիպ նկարը: Այն պատկերված է ուղղանկյունաձև շրջանակի մեջ, տեքստի միջին մասում, հնչեղ գուներանգներով, որոնց շնորհիվ էլ ընդգծվում է պատկերի սիլուետային բնույթը: Ֆոնն ամբողջապես ոսկի է, որի վրա շողշողում է հրեշտակի ձյունափայլ զանգվածը («Եւ էր տեսք նորա իբրև զփայլակն, և հանդերձ նորա իբրև զձիւն», Մատթ. 28:3): Լուսապսակի ու գլխի մի մասը, նաև ոսկիով նշված ոտնաթաթերը, որ ճեղքում են նկարի շրջանակը, առավել ցայտուն են դարձնում հրեշտակի գերիշխող դիրքը: Նա նստած է Հիսուսի գերեզմանի մի կողմում ընկած վեմի վրա, մեն-մենակ: Հրեշտակի տիրական դիրքը է՛լ ավելի ընդգծելու համար չեն պատկերված նույնիսկ քնած զինվորները:

Նկարիչն ստեղծել է պատկերավորման ձևերի, գծերի ու գույների մի յուրահատուկ հավասարակշռություն, մի հրաշալի և կուռ հյուսվածք: Հրեշտակը նկարի կենտրոնն է: Նրա աջ կողմում պատկերված են երկու Մարիամները, որոնց սպիտակավուն դեմքերը ներդաշնակում են ձախում պատկերված գերեզմանի ուղղանկյունաձև խորշում գտնվող սպիտակավուն սավանի հետ: Եվ եթե առաջին Մարիամի շալի գույնը խոսում է գերեզմանի դատարկությունը նշող մթին երանգի, ապա մյուս Մարիամի հագուստի կարմիրը՝ գերեզմանի եզրերի կարմիրի հետ: Հրեշտակի սիլուետը փոքր չափով կրկնվում է եկեղեցու կապտավուն ուրվաձևում: Եվ այդ ամենը ավելի են շեշտում հրեշտակի կերպարանքը:

Որպեսզի պարզ լինի, թե կիլիկյան արվեստն ինչ ոճական փոփոխություն է կրել Պիծակի մոտ, բավական է վերցնել «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» թեմայով արված երկու նկար 1260-70 թթ. ավետարանից (Երուսաղեմ, № 2658, վերատպված Լ. Ազարյանի նշվ. աշխ. մեջ, պատ. 104) և «Ճաշոցից» (Մատ., № 989, վերատպված 1967թ. ալբոմում): Երկուսն էլ ներկայացնում են Մատթեոսի ավետարանում նկարագրված հրեշտակի հայտնությունը, երկուսում էլ պատկերված են քնած զինվորները, ներկա են երեք յուղաբեր կանայք, ինչպես նշված է Մարկոսի ավետարանում (16:1): «Ճաշոցի» նկարում այդ ամենից բացի ներկայացված է աշակերտներից մեկը, որը զննում է թեք ուղղությամբ նկարված դագաղը և սպիտակ վարշամակներից բացի ոչինչ չի գտնում: Ոչ միայն այս թեմայի պատկերագրական երեք տիպ ենք տեսնում «Յուղաբեր կանանց» այս երեք պատկերներում, այլև ոճի յուրօրինակ զարգացում:

Երուսաղեմի ավետարանում շատ որոշակի է նկարի անկյունագծային շեշտվածությունը բաց երանգի շեշտով, և այդ շերտը շարժում ու կենդանի ռիթմ է հաղորդում ամբողջ նկարի մակերեսին՝ սկսած շրջանակից մինչև ծալազարդումները, ժեստերը, բեկբեկուն ուրվաձևերը:

«Ճաշոցի» նույն թեմայով պատկերում արդեն սկսվում է յուրօրինակ «մաներիզմ», ուրվաձևերի հստակում, միաժամանակ նկարի հարստացում շրջանակի շքեղ զարդերով, աքսեսուարներով, տեքստի ու նկարի ճարտարապետական համադրումով: Իսկ Պիծակի նկարում ամբողջապես վերացված են անկյունագծային թեք ուղղություններով ուրվաձևերը, այն ամենը, ինչ պոռթկում է հաղորդում նկարին: Պահպանված է տեքստի և պատկերի ճարտարապետական համադրումը, բայց դուրս են նետված բոլոր զարդերը, մանրամասները, աքսեսուարների առատությունը: Ամեն ինչ ենթարկված է խիստ կարգի, ամեն ինչ գտնվում է ուղղահայացների և հորիզոնականների մեջ ամփոփված ձևերի հանդարտ ռիթմի մեջ, նույնիսկ ծալազարդումները, ժեստերը:

Սարգիս Պիծակի լուսանցանկարներում «Յուղաբեր կանանց» տեքստի լուսանցքում Մարիամների ֆիգուրը միտված է երկրաչափորեն կանոնավոր ձևերի, հատկապես կորերի լայն օգտագործումով, որոնք կերպարին սահունություն և նազանք են տալիս: Կանանց պատկերներում դեմքի օվալը շրջափակում է ճակատի նույնպիսի կորը, բայց արդեն նշված գլխաշորի կոր ծալի ձևով: Այդ նրբությունը հատուկ է Պիծակին: Կիլիկյան

նախորդ շրջանի վարպետներից շատերը չեն էլ ձգտել դեմքի շրջագծի այդօրինակ կանոնավորության (գրեթե կատարյալ էլիպսաձև): Նրանց ավելի հետաքրքրել է շարժման պլաստիկան: Պիծակի նկարում բնորոշը հեզությունն է, ներքին խռովքը չի արտահայտված արտաքին շարժումների դրամատիզմով: Իսկ ֆիգուրները շրջագծող ոսկու բարակ և նուրբ շերտը նրանց վերջնականապես անջատում է արտաքին աշխարհի դրսևորումներից, ենթարկում ներքին երկրաչափական կորերի ու զուգահեռների ռիթմին:

Հեթում Բ արքայի «Ճաշոցում» «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» մանրանկարը էջի վերևի մասում է: Ներկայացված են երեք կանանք, որոնք եկել են Տիրոջ գերեզմանի մոտ և տեսել բացված գերեզմանի վրա նստած սպիտակափառ հրեշտակին, զարհուրած պահակները պառկած են կողք-կողքի, Պետրոս առաքյալը հակվել է բացված գերեզմանի վրա, որտեղ միայն պատանքն է մնացել: Ինչպես ավետարանական հիմնական շարքի մյուս տեսարաններում (ի տարբերություն երկրորդական տեսարանների և հինկտակարանային սյուժեների) նկարիչը ոչ թե հենց այդ տեքստն է պատկերում, որ գրված է նկարի կողքին, այլ տեսարանը ներկայացնում է ըստ կայացած պատկերագրության, որտեղ սովորաբար միացած են պահեր տարբեր աղբյուրներից, այստեղ Ավետարաններից:

Թորոս Տարոնացին մանրանկարի շրջանակով եզրային ֆիգուրները մասամբ հատելու մեթոդով հասնում է որոշ խորության և տարածականության, նույնիսկ այն տեսարաններում, ուր սակավաթիվ են գործող անձինք: Որոշ մանրանկարներ կառուցված են այնպես, որ դրանցից ստացվում է այն տպավորությունը, թե ֆիգուրները առաջ են շարժվում: Այդպիսի մանրանկարներից է «Եսայի Նչեցու ավետարանից» «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» մանրանկարը:

«Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» մանրանկարում Մոմիկը ներկայանում է որպես մի վարպետ նկարիչ, որ տիրապետում է խմբավորման արվեստին և հուզառատ ու հուժկու կերպարանքների և նրանց շարժումների միջոցով կարողանում է արտահայտել իրադրության վեհությունը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

17.07.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․