25 Նոյեմբեր, Բշ
Եղբայր Իոհանը մտածում էր. «Ուզում եմ հրեշտակների նման լինել: Նրանք Աստծո մեծաշուքությունը դիտելուց բացի ոչինչ չեն անում»: Եվ այդ նույն գիշերն էլ թողեց մենաստանն ու անապատ գնաց:
Մեկ շաբաթ անց ետ վերադարձավ: Դարպասների մոտ կանգնած եղբայրը լսեց թակոցն ու հարցրեց, թե ով է եկողը:
- Ես եղբայր Իոհանն եմ: Սոված եմ:
- Չի կարող պատահել,- ասաց դռնապանը,- Եղբայր Իոհանն անապատում է, իրեն հրեշտակի է վերածում: Նա այլևս սով չի զգում և կարիք չունի աշխատելու, որպեսզի կերակրի իրեն:
- Ներիր հպարտությունս,- ասաց եղբայր Իոհանը,- Հրեշտակներն օգնում են մարդկանց: Դա նրանց աշխատանքն է և այդ պատճառով էլ տեսնում են Աստծո մեծաշուքությունը: Ես էլ կարող եմ տեսնել դա իմ ամենօրյա աշխատանքում:
Խոնարհության այդ բառերից հետո եղբայրը բաց արեց դարպասը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի