6 Հոկտեմբեր, Կիր
Սուրբ Դանիել մարգարեն մեկն է աստվածաշնչյան այն մարգարեներից, ում անունով կա Աստվածաշնչի մաս կազմող գիրք: Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից և չորս մեծ մարգարեներից մեկն է: Ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում: Դանիելն ու նրա երեք ընկերները՝ Անանիան, Ազարիան և Միսայելը, այն հրեաներից էին, ովքեր 597թ-ին գերի էին տարվել Բաբելոն: Այս չորսն էլ պատկանում էին հրեա արքայական ու իշխանական տներին և այն երիտասարդներից էին, ովքեր ընտրվել էին քաղդեացիների կողմից՝ երեք տարի դաստիարակվելու, և ապա բարձր պաշտոններ զբաղեցնելու համար: Այդ երիտասարդները պիտի լինեին գեղեցիկ տեսքով, անթերի մարմնով, խելացի և ուշիմ: Այսպիսով, Դանիելն ու նրա երեք ընկերներն ապրում էին արքունիքում և ստացել էին նոր անուններ. Դանիելին տրվել էր Բաղդասար անունը, իսկ նրա ընկերներին՝ Սեդրակ, Միսաք և Աբեդնագով: Այս չորս հրեա երիտասարդները, չնայած օտար երկրի արքունիքում ապրելուն, հավատարիմ էին մնում հրեական օրենքներին և իրենց հայրերի Աստծուն: Նրանք մերժում են ուտել թագավորական կերակուրները և խմել գինին: Պատճառը նախ այն էր, որ այդ կերակուրը պատրաստված էր, ըստ Մովսեսի օրենքի, անմաքուր կենդանիների ու թռչունների մսից, ինչպես նաև այդ միսն ու գինին շատ անգամ Բաբելոնի աստվածներին մատուցված զոհեր էին: Տասը օր երիտասարդները միայն բանջարեղեն ուտելով ու ջուր խմելով ավելի գեղեցիկ տեսք ունեին ու նրանց մարմինները ավելի գեր էին, քան այն պատանիներինը, որոնք թագավորի սեղանի ճաշերով էին սնվել: Աստված օրհնում է այս չորս երիտասարդներին իրենց օրինապահության համար ու նրանց տալիս իմաստություն ու հանճար, իսկ Դանիելին նաև՝ երազ մեկնելու իմաստություն:
Մի անգամ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան վաթսուն կանգուն բարձրությամբ և վեց կանգուն լայնությամբ իր ոսկյա արձանն է կանգնեցնում և հրամայում, որ բոլորը գան, երկրպագեն դրան: Այդ ժամանակ Դանիելը Բաբելոնից բացակայում էր, մինչ մյուս երեք երիտասարդները հրավիրվում են այդ մեծ հանդեսին մասնակցելու և արձանին երկրպագելու: Երիտասարդները, անդրդվելիորեն հավատարիմ լինելով աստվածային պատվիրաններին, մերժում են այդ կուռքին երկրպագել: Թագավորը խիստ զայրանում է և հրամայում նրանց գցել բորբոքված հնոցի կրակի մեջ: Նույնիսկ, երբ նրանց մահ էր սպառնում, նրանք միակ ճշմարիտ Աստծուց չեն հրաժարվում և ուրախությամբ վկայում են իրենց հավատն առ Աստված: Երիտասարդներին գցում են կրակի մեջ, սակայն հայտնվում է Աստծո հրեշտակը և չորսով միասին օրհներգում են Աստծուն: Նաբուգոդոնոսորը ևս սա տեսնում է, և խիստ զարմանում ու զարհուրում: Երիտասարդներին կրակից հանում են և տեսնում, որ նրանց ոչինչ չի պատահել, անգամ մազերը չեն այրվել, զգեստները չեն դեղնել և նույնիսկ նրանց վրայից կրակի հոտ չի գալիս: Նաբուգոդոնոսորն ինքն էլ սրանից ազդված, երկրպագում է Իսրայելի Աստծուն և օրհնում Նրան. «Օրհնյա՜լ լինի Սեդրակի, Միսաքի ու Աբեդնագովի Աստվածը…Որքա՜ն մեծ են Նրա նշանները և ի՜նչ հզոր՝ Նրա հրաշքները: Նրա թագավորությունը հավիտենական է ու Նրա իշխանությունը՝ հավերժ» (Դանիել 3): Նաև հրաման է արձակում, որ ով հայհոյական խոսքեր ասի Սեդրակի, Միսաքի և Աբեդնագովի Աստծո դեմ, պիտի պատժվի: Մեր եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի ճրագալույցի Պատարագից առաջ, բեմից հանդիսավորապես ընթերցվում է այս երեք երիտասարդների պատմությունը և փառաբանության երգը:
Դանիելի երեք ընկերների օրինակով առավոտյան ժամերգության ընթացքում «Հարցն» է երգվում: Հայցում ենք Տիրոջից, որ ինչպես նրանց փրկեց այրվելուց, այնպես էլ մեզ փրկի մեղքերի կրակներից, որոնք միշտ տոչորում ու այրում են մեր մարմիններն ու հոգիները: «Հարցն»-ը կրկնվում է երեք անգամ, քանի որ երեք մանուկների երգն է: Սաղմոսը վաթսուն տուն է, որովհետև Նաբուգոդոնոսորի կանգնեցրած արձանը վաթսուն կանգուն բարձրություն ուներ (Մովսես Քերթողահայր, «Երեք մանուկների»-ի երգի մեկնությունը):
Բաբելոնում ծառայող այս չորս երիտասարդների մեջ, սակայն, իր աստվածատուր իմաստությամբ և մարգարեական շնորհով, առանձնանում է Դանիելը: Դեռևս վաղ տարիքից նա աչքի է ընկնում բարեպաշտությամբ և իմաստությամբ:
Դանիել մարգարեն, աստվածային իմաստությամբ լցված, Շուշան անունով անմեղ մի կնոջ փրկում է երկու վատաբարո ծերունիների անհիմն ամբաստանությունից: Նրա համբավը տարածվում է երկրում, հատկապես երբ մեկնում է Նաբուգոդոնոսոր արքայի մի երազը, որն ուրիշ ոչ ոք նրանից առաջ չի կարողանում մեկնել: Սակայն սա շարժում է որոշ անձանց նախանձը և կամենալով Դանիելին վնասել, ստիպում են, որ թագավորը հրահանգ տա, որ ով թագավորից բացի ուրիշ Աստված է պաշտում, պիտի գցվի առյուծների գուբը: Թագավորին հայտնում են, որ Դանիելը շարունակում է իր Աստծուն պաշտել, ուստի նրան գցում են առյուծների գուբը, չնայած այն սիրուն, որ արքան տածում էր Դանիելի հանդեպ: Սակայն Աստծո հրամանով, առյուծները Դանիելին ձեռք չեն տալիս: Սա պատճառ է դառնում, որ Նաբուգոդոնոսորն առավել երկյուղածություն ձեռք բերի Դանիելի Աստծո հանդեպ: Դանիելը բազմիցս արժանանում է զարմանալի և սքանչելի տեսիլքների, որոնց միջոցով Աստված հայտնում է մի շարք կարևոր մարգարեություններ կապված հատկապես Քրիստոսի մարդեղացման խորհրդի և աշխարհի վախճանի հետ: Այս տեսիլքները նկարագրված են Դանիելի գրքում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը