26 Դեկտեմբեր, Եշ
Նոյեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունն այցելեց Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում գտնվող Ավագ սերնդի խնամքի և զբաղվածության կենտրոն: Տիկնանց միության անդամների սիրո ջանքերի շնորհիվ կենտրոնի տարեցները նախ համախմբվեցին սիրո ճաշի, ապա ուրախ ծրագրի շուրջ, ինչը մեծ ոգևորություն պատճառեց իրենց: Տիկնանց միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանն ասաց, որ իրենց այցի գլխավոր նպատակն իրենք կյանքի կոչեցին. հաճելի անակնկալ, ուրախություն և ժպիտ պարգևեցին տարեցներին:
Տարեցների մասին հոգալը եկեղեցու սոցիալական ծառայության կարևորագույն ոլորտներից է և յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունը: «Աստված սիրում է աշխարհը իմ և քո միջոցով և նրանց միջոցով, որոնք դեռևս Իր սերն ու գութն են այս աշխարհում: Տվե՛ք ձեր ձեռքերը ծառայելու և ձեր սիրտը սիրելու: Սերը օրեցօր, մինչև մահ, պետք է այնքան սովորական լինի մեզ համար, որքան ապրելն ու շնչելը»,- ասել է Մայր Թերեզան:
Կարինե Սուգիկյան