14 Նոյեմբեր, Եշ
Ութ տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս գործում է սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Ամեն տարի Մեծ պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին, տիկնանց օժանդակ միությունը մասնակցում է Արևագալի ժամերգությանը, որին այս տարի՝ մարտի 4-ին, 11-ին և 18-ին, մասնակցեց՝ ուխտի մեկնելով Մխչյանի Ս. Հովհաննես, Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց և Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցիներ: Ամեն մի սրբավայրում տիկնանց միության անդամները ժամերգության ընթացքում շարականներ երգեցին, իսկ արարողության ավարտին հոգևորականի քարոզխոսությամբ հաղորդ դարձան տվյալ կիրակիի խորհրդին: Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում արարողության ավարտին ուխտավորներն այցելեցին հերոս նահատակների շիրիմներին՝ իրենց աղոթքը վերառաքելով առ Տեր նահատակների հոգիների հանգստության և աշխարհի խաղաղության համար:
Տիկնանց միության վերջին ուխտագնացությունը նվիրված էր մայրերին, քանի որ, ավանդույթի համաձայն, ամեն տարի՝ մարտի 21-ին, սիրիահայերը նշում են մայրերի տոնը: Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցում Արևագալի ժամերգության ավարտին ուխտավորները, Աստվածամոր և Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությանը դիմելով, աղոթք վերառաքեցին առ Տեր ողջ աշխարհի խաղաղության և հայ մայրերի համար, առավել ևս Տիրոջից ուժ և համբերություն խնդրելով այն հերոսածին մայրերի համար, որոնց որդիներն արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
Ժամերգության ավարտին Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը և խորհրդակատար Տեր Հայկազ քահանա Մասոյանը հոգեհանգստյան կարգ կատարեցին Սիրիայի Հալեպ քաղաքում վախճանված հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Պերպերյանի հոգու հանգստության համար: Այնուհետև Տեր Հարությունը զրուցեց ուխտավորների հետ՝ անդրադառնալով Մեծ պահքի Տնտեսի կիրակիի խորհրդին: Ապա երիցատան դահլիճում «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը սիրո ճաշ և մայրերին նվիրված ցերեկույթ ունեցան: Տեր Հայկազը շնորհավորեց մայրերին՝ իր բարեմաղթանքը հղելով նրանց: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը մայրերին շնորհավորական բացիկներ և վարդեր նվիրեց՝ Աստվածաշնչի Առակներ գրքի խրատական համարներով: Մայրերից մեկն արժանացավ «Առաքինի մայր» կոչմանը: Հետաքրքիր խաղերի միջոցով ընտրվեց արագաշարժ և աշխատասեր մայրը, ստուգվեց նաև ներկաների իմացությունը Աստվածաշնչի Առակներ գրքի վերաբերյալ: Այնուհետև տիկնանց միության անդամները ասմունքեցին, երգեցին: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը հոգեպես նորոգված ու զորացած վերադարձավ Երևան:
Կարինե Սուգիկյան