Սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Խաչիկ քահանա Միսիրեանի ուղեկցությամբ, ուխտի մեկնեց Հովհանավանք: Ուխտավորներն աղոթքի ու խոկման ուղի անցան և հասնելով սրբավայր՝ մասնակից եղան Առավոտյան ժամերգության: Նրանց ողջունեց Արագածոտնի թեմի սպասավոր Տեր Սարգիս քահանա Սարգսյանը և ներկայացրեց վանքի բազմադարյան պատմությունն ու զրուցեց Խաչվերացի տոնի մասին: Այնուհետև տիկնանց միության որոշ անդամներ Սուրբ Խաչին նվիրված շարականներ երգեցին, Տեր Խաչիկը Անդաստանի արարողություն կատարեց և օրհնված ռեհանով զարդարված Խաչը վարդաջրով ցողեց: Արարողության ավարտին ներկաները օրհնված ռեհան ստացան, ապա ուխտավորները համախմբվեցին սիրո ճաշի շուրջ: Տիկնանց միությունը տաղավար տոնին նվիրված հոգեշահ ծրագիր էր պատրաստել, որն անցավ ազգային երգերով, խաղերով ու անակնկալներով:
Քրիստոնյայի համար Խաչը փրկարար ուժ է, որ օգնում և զորացնում է իրեն իր ճանապարհին: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ Խաչը տեղադրվել է երկրի կենտրոնում, որի մասին Դավիթ մարգարեն գրել է. «Ողջ աշխարհը պիտի երկրպագի Քեզ, սաղմոս պիտի երգի Քեզ ու Քո անվանը սաղմոս ձոնի» (Սաղմ.65:4): Աշխարհի կենտրոնում Աստծու Որդին ողջ մարդկության փրկության համար խաչվեց և Իր արյունը թափեց Խաչի վրա, որի ստորին մասը խորհրդանշում է դժոխքի ավերումը, Խաչի վերին մասը՝ հավատավորների համար Երկնքի Արքայության մուտքը, աջ և ձախ թևերը վկայում են, որ Տերն իր ձեռքերը մեկնել է տիեզերքի բոլոր կողմերը և սպասում է մոլորյալների վերադարձին: Քրիստոսի հետևորդները քաջատեղյակ են Խաչի փրկարար զորության մասին, ինչն ուրախացնում է իրենց, քանի որ իրենցից յուրաքանչյուրը փրկություն ունի Խաչի միջոցով։
Կարինե Սուգիկյան