Գրքեր

Իմ ետևից, տղանե՛ր

Ռազմական գործողությունների թատերաբեմում զինվորական հոգևորականության գործունեության մասին երկու Գլխավոր հրամանատարներից էլ ես բախտ եմ ունեցել լսել փայլուն կարծիքներ: 1916 թվականի վերջին մի անգամ Կայսրն ասաց ինձ. - Ճակատից ինձ մոտ եկող բոլոր զինվորական հրամանատարներից ես լսում եմ լավագույն կարծիքներ բանակի շարքերում զինվորական հոգևորականների աշխատանքի մասին: 1915 թ. իր շտաբի անդամների ներկայությամբ ավելի վճռականորեն է արտահայտվել Մեծն իշխան Նիկոլայ Նիկոլայևիչը. -Մենք պետք է խոնարհվենք զինվորական հոգևորականության առաջ՝ բանակում նրանց կատարած հիանալի աշխատանքի համար: Այս խոսքերը ես երկու անգամ եմ լսել նրանից: Այսպիսի կարծիքների լիովին արժանի էր հոգևորականությունը: Մեծ պատերազմի ժամանակ զինվորական հոգևորականությունը առաջին անգամ աշխատում էր միասնաբար, ըստ շատ լայն ծրագրի: Հոգևորականները զինվորների հետ կիսում էին պատերազմի ողջ ծանրությունն ու վտանգները, ոգեշնչում էին նրանց, իրենց ներկայությամբ ջերմացնում էին տանջված հոգիները, արթնացնում էին խիղճը, պաշտպանում էին պատերազմի ժամանակ այդքան հնարավոր դաժանացումից և գազանացումից: Զինվորական և ծովային հոգևորականների սխրանքների մասին նկարագրությունները մի մեծ գիրք կկազմեին: Հիշատակեմ դրանցից մի քանիսը: 7-րդ Ֆինլանդական հրաձգային գնդի ավագ քահանա Սերգեյ Միխայիլի Սոկոլովսկին, իր քաջության համար ֆրանսիացիների կողմից անվանված «լեգենդար հոգևորական» (պատերազմի երկրորդ կեսը նա անցկացրել է ֆրանսիական ճակատում), կրկնակի վիրավոր, երկրորդ անգամ աջ ձեռքի դաստակի կորստով, կատարել է այսպիսի սխրանք. ավստրիական ճակատում 7-րդ Ֆինլանադական գնդին հարկավոր էր ոչնչացնել թշնամու մետաղալարե արգելափակոցը: Մի քանի փորձեր էին իրականացվել մեծ կորուստներով, սակայն հաջողության չէին հասել: Նոր փորձերի համարձակվողներ չկային: Այդ գործին իր կամքը հայտնեց հայր Սերգին:

- Արդյո՞ք դա Ձեր գործն է, հա՛յր,-պատասխանեց գնդի հրամանատարը:

- Թողնե՛նք այդ հարցը, պարո՛ն գնդապետ,-առարկեց հայր Սերգին:

- Գունդը պետք է ոչնչացնի արգելափակոցը… Ինչու՞ ես չեմ կարող դա անել: Դա սպանություն չէ: Գնդի հրամանատարը տվեց իր համաձայնությունը: Հայր Սերգին ուղևորվեց վաշտերից մեկը:

- Ո՞վ է գալիս ինձ հետ պատռելու արգելափակոցը,-դիմեց նա զինվորներին: Կամք հայտնեց մի քանի տասնյակ մարդ: Նա նրանց սպիտակ սավաններ հագցրեց (դեպքը տեղի էր ունենում ձմռանը) և, առաջ շարժվելով գիշերվա մթության քողի ներքո, ավիրեց արգելափակոցը: Գեորգիևյան Դուման պարգևատրեց նրան Գեորգիևյան 4-րդ աստիճանի շքանշանով:

9-րդ դրագունյան Կազանյան գունդը պատրաստվում էր ավստրիացիների դեմ հարձակման: Հրամանն արձակվեց, բայց գունդը չշարժվեց տեղից: Սարասափելի պահ: Հանկարծ իր ձիուկին հեծած դուրս ցատկեց գնդի համեստ և ամաչկոտ հոգևորական հայր Վասիլի Շպիչեկը և, «Իմ ետևից, տղանե՛ր» բղավելով, մղվեց առաջ: Նրա հետևից նետվեցին մի քանի սպաներ, իսկ նրանց հետևից էլ՝ ամբողջ գունդը: Հարձակումը չափազանց սրընթաց էր, և թշնամին փախուստի դիմեց: Գունդը տարավ հաղթանակ: Եվ հայր Վասիլին արժանացավ Գեորգիևյան 4-րդ աստիճանի շքանշանի:

1914 թ. հոկտեմբերի 16-ին հերոսաբար զոհվեց «Պռուտ» («Ճիպոտ») գծային սահմանապահ գնդի հոգևորական, Բուգուլմինյան միաբանության կուսակրոն քահանա, 70-ամյա Անտոնին (Սմիրնով): Երբ «Պռուտը» մարտի ժամանակ սկսել էր սուզվել ջուրը, հայր Անտոնին կանգնել էր տախտակամածին և Սուրբ Խաչով օրհնում էր ալիքների մեջ մահվան դեմ պայքարող իր հոտին: Նրան առաջարկեցին նստել մակույկ, բայց նա, չցանկանալով զրկել մերձավորին տեղից, հրաժարվեց: Այնուհետև նա իջավ նավի ներսը և, հագնելով սքեմը, նորից բարձրացավ տախտակամած՝ Սուրբ Խաչը և Ավետարանը ձեռքին, և ևս մեկ անգամ օրհնեց իր հոգևոր զավակներին՝ խաչակնքելով նրանց Սուրբ Խաչով: Իսկ հետո նա նորից իջավ նավը: Շուտով նավն անհետացավ ջրի տակ:

Դերբենդի 154-րդ հետևակային գնդի հոգևորական Պավել Իվանի Սմիրնովը իր արիությամբ և դժվարին պահին իր հանգստությամբ այնպես բարձրացրեց գնդի ոգին, որ հովվի շնորհիվ այն ոչ միայն հաղթահարեց դժվարությունները, այլև տարավ հաղթանակ: Հայր Պավելի անունը դրանից հետո հերոսական դարձավ Կովկասյան ողջ բանակի համար: Եվ նա պարգևատրվեց Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով:

1916 թ. հոկտեմբերի 19-ին մարտի ժամանակ Չերնոյարսկի 318-րդ գնդի հոգևորական Ալեքսանդր Տարնոուցկին, գվարդիական հրաձգային մի գնդում հոգևորականի պարտականություններ կատարող կուսակրոն քահանա (նրա անունը չեմ հիշում), և մի քանի այլ գնդերի հոգևորականներ սպանվել են, երբ խաչը ձեռքերին առաջնորդել են իրենց գնդերը: Ուրիշները զոհվել են մարտի դաշտերում՝ վիրավորներին վիրակապելիս և խնամելիս: Ողջ մնացած հերոս-հովիվներից 14-ը պագևատրվել են սպայական Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաչերով: Գեորգիևյան խաչի գոյության ողջ ընթացքում՝ սկսած Կայսրուհի Եկատերինա 2-րդից մինչև Մեծ պատերազմ, այս պարգևին արժանացել են ընդամենը 4 հոգևորական: Իսկ այս պատերազմի ժամանակ՝ 14: Այս տասնչորսից յուրաքանչյուրը իրագործել է ինչ-որ բացառիկ սխրանք: Բացի դրանից, 100-ից ավել հոգևորականներ արժանացել են Գեորգիևյան ժապավենով կրծքանշան խաչերի: Այս պարգևին արժանանալու համար նույնպես սխրագործություն էր հարկավոր: Պարգևատրվածներից ոմանք դրան արժանացել են թշնամու կրակի ներքո իրենց պարտականությունների կատարման բացառիկ արիության համար, մյուսները՝ վիրավորներին կրակի դաշտից տեղափոխելու և այլն:

Կոլոմենսկի 119-րդ հետևակային գնդի հոգևորական Անդրեյ Պաշինը փրկեց իր գունդը անխուսափելի մահից: Իրադրության և ուղղության մեջ չկողմնորոշվելով՝ այդ գնդի հրամանատարը ուղղել էր իր գունդը դեպի ամենավտանգավոր վայրը, որտեղ նրանց սպասվում էր գնդակահարում և գերություն: Հայր Անդրեյը հասկացավ հրամանատարի սխալը և կարողացավ համոզել նրան ուղորդել գունդը հակառակ ուղղությամբ:

Բոլորովին այլ բնույթի է երկրորդական հերթի գնդերից մեկի հոգևորական կուսակրոն քահանա Ն.-ի սխրանքը: (Չեմ կարող հիշել, ո՛չ նրա, ո՛չ էլ այն գնդի անունը, որտեղ նա ծառայել է): 1915 թ. կիրակի օրերից մեկին Գալիցեյան ճակատում, մարտական գծին մոտ, մի լքված եկեղեցում պատարագ էր մատուցում: Եկեղեցին լցված էր զինվորականներով: Եկեղեցում տեղի էր ունենում անարյուն զոհաբերություն, իսկ մոտակայքում մարտ էր ընթանում, թափվում էր մարդկային արյուն: Պատերազմի համար սովորական պատկեր… Անընդհատ որոտում էին հրանոթները, արկերը մերթ սլանում էին եկեղեցու վրայով, մերթ էլ, չհասնելով, ընկնում նրա առաջ: Իսկ աղոթողները, որոնք համակերպվել էին թնդանոթների հևոցներին և արկերի երգերին, կարծես էլ չէին նկատում վտանգը: Պատարագը մոտենում էր ավարտին. երգում էին «Քեզ ենք երգում…»: Հոգևորականը կարդում էր աղոթք: Հանկարծ արկը, ընկնելով եկեղեցու վրա, ճեղքում է տանիքը և խորանի առաստաղը և ընկնում գահի մոտ աջ կողմից: քահանան հանգիստ ընդհատում է աղոթքի ընթերցումը: «Անիծվես դու, անիծյա՛լ»,-բարձրաձայն ասում է նա, խաչակնքում ռումբը և նույն հանդարատությամբ շարունակում է ընդհատված աղոթքի ընթերցումը: Արկը չպայթեց, իսկ աղոթողները, տեսնելով հոգևորականի հանգստությունը, մնացին իրենց տեղերում և շարունակեցին աղոթել: Պատարագի ավարտից հետո արկը դուրս բերվեց եկեղեցուց: Իմանալով այդ իրադարձության մասին՝ Կայսրը պարգևատրեց քաջարի կուսակրոն քահանային Գեորգիևյան ժապավենով կրծքանշան խաչով:

Պրագյան 58-րդ գնդի հոգևորական Պարֆենի Խոլոդնին արժանացել է այդ պարգևին մեկ այլ բնույթի սխրանքի համար: Պրագյան 58-րդ հետևակային գունդը այդ ժամանակ գործում էր Գալիցիայում: Հայր Պարֆենին գնդի բժշկի և կրտսեր սպաներից մեկի հետ կամրջի վրայով անցնում էր գետը: Այդտեղ նրանք հանդիպում են կամրջի տակ դարանակալած ավստրիացիներին: Դուրս ցատկելով հրացաններով՝ ավստրիացի զինվորները շրջափակում են նրանց: Հայր Պարֆենին չի կորցնում իրեն: Խաչակնքելով իր թշնամիներին՝ նա դիմում է նրանց՝ տեղեկացնելով, որ չարժե արյուն թափել և, բացի դրանից, առջևից և ետևից մեծ ռուսական ջոկատներ են, դարանողերը չեն կարողանա խուսափել մահից, և դրա համար ավելի լավ է, առանց արյուն թափելու, վայր դնեն զենքերը: Հայր Պարֆենիի խոսքը հասկանալի էր, քանի որ հարձակվողների մեջ մեծամասնությունը չեխեր և ուգրոռուսներ էին: Շշնջալով իրար մեջ՝ նրանք սկսեցին հանձնել զենքերը: Եվ գերիները, սպայի, բժշկի և հայր Պարֆենիի ուղեկցությամբ, բերվեցին մոտակայքում գտնվող գնդի վաշտ: Որքան հիշում եմ, հայր Պարֆենին առաջին հոգևորականն էր, որը Մեծ պատերազմի ժամանակ զարդարվեց Գեորգիևյան ժապավենով կրծքանշան խաչով:

Ակնառու են և թվերը: Ռուս-ճապոնական պատերազմում զոհվել է մի հոգևորական (35 դիվիզիայում), այն էլ պատահաբար, իր իսկ փամփուշտով: Ցուսիմում և այլ մարտերում նավերի վրա զոհված կուսակրոն քահանաներին չեմ հաշվում: Այնտեղ նրանք կիսել են ընդհանուր ճակատագիրը: Այս պատերազմում սպանված և վերքերից մահացած հոգևորականների թիվը 30-ից ավել է: Ռուս-ճապոնական պատերազմում վիրավոր և կոնտուզիահար հոգևորականների թիվը 10 էլ չկա, Մեծ պատերզամում 400-ից ավել է: 100-ից ավել զինվորական հոգևորականներ գերի են ընկել: Հոգևորականի գերեվարումը վկայում է, որ նա եղել է իր պաշտոնում, ոչ թե փորձել մնալ թիկունքում, որտեղ վտանգ չի սպառնում:

 

Հայր Գեորգի Շավելսկի – Ռուսական բանակի և նավատորմի վերջին ավագերեցի հուշերը: Հատոր 2-րդ, գլուխ 4, Զինվորական հոգևորականության գործունեությունը Մեծ պատերազմում

Ռուսերենից թարգմանությունը՝ Գևորգ սրկ. Համբարձումյանի

25.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․