13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ (Առակներ 1:2):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս. Ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու տոնը: Հինգերորդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, անչափ կարևորելով Աստծո խոսքը հասարակ ժողովրդին հասու դարձնելու գործը, ձեռնամուխ եղան հայոց տառերի ստեղծմանը: Աստծո օրհնությամբ պսակվեց նրանց նախաձեռնությունը, Սուրբ Մեսրոպը աստվածակերտ տառերով վերադարձավ Հայաստան: Այնուհետև Սուրբ Գիրքը թարգմանվեց հայերեն: Առաջին վարդապետները ոչ միայն հասկացան Աստվածաշնչի թարգմանության գինը, այլև սուրբգրային մեկնությունները թարգմանեցին հայերեն՝ իրենց աշխատանքին միախառնելով իրենց երկնառաք աղերսները: Նրանք ոչ միայն թարգամանեցին, այլև իրենք ևս գրեցին մեկնություններ աստվածաշնչյան տարբեր գրքերի վերաբերյալ, աղոթքներ, շարականներ, որոնք կազմում են աստվածաբանական գրականության մեր հարուստ ժառանգության մի մասը: Միայն հիշենք Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը և Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքները, որոնք առ այսօր քրիստոնյա հայի աղոթական կյանքի անբաժան մասն են:
Սիրելինե՛ր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հոկտեմբերի 7-ին տոնում էր Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը, հոկտեմբերի 21-ին՝ Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակությունն է, հոկտեմբերի 28-ին տասներկու սուրբ վարդապետների՝ Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Հովհան Ոսկեբերանի, Եպիփան Կիպրացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց հիշատակության օրն է: Մարդիկ, որոնց քերթվածքներից ճառագել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի լույսը: Նրանք բոլորը Քրիստոսի խոսքը քարոզողներն ու տարածողներն էին ողջ աշխարհում: Թե՛ բանավոր և թե՛ գրավոր կերպով նրանք Աստծո Ավետարանը հասու դարձրին աշխարհի բոլոր ծագերում: Ինչպես սովորեցին իրենց Վարդապետից, այնպես էլ ուսուցանեցին բոլոր ազգերին: Նրանք առաջիններն էին, որոնք աստվածային իմաստության և ավետարանական պատվիրանների կրողները դարձան, ոչ միայն կրեցին իրենց մեջ այդ լույսը, այլև փոխանցեցին թե՛ իրենց ժամանակակիցներին, թե՛ հետագա բոլոր սերունդներին: Նրանց խոսքերը մեզ համար մեր կյանքի ճանապարհին լուսարձակներ են, որոնցով առաջնորդված՝ ընթանում ենք դեպի մեր Երկնային Տերը: Ինչպես ասվում է Առակաց գրքում. «Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջև և համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ» (Առակներ 1:20, 21): Ո՞վ է այդ իմաստությունը՝ իհարկե, Հիսուս Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին: Այդ Իմաստությունը ճանաչել բոլորին է հարկավոր: «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը՝ պարզամիտներին՝ խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի, դրանք լսելով, իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ» (Առակներ 1: 2-6): Մենք ուղղակի աղքատ կլինենք մեր իմաստության մեջ, եթե չառաջնորդվենք Քրիստոսով, եթե մեր կյանքում Նա չդառնա մեր իմաստության աղբյուրը, եթե Նա մեզ ուղեկից չլինի մեր քայլերում, քանի որ չարը որոգայթներ է լարում ամենուր և հեշտ է ընկնել մոլորության մեջ: «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, – ասվում է Աստվածաշնչում, – որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով» (Առակներ 1:7): Մեզ բոլորիս զգոնություն է անհրաժեշտ չնմանվելու համար փարիսեցիներին ու օրենսգետներին, որոնք, թվում է, օրենսգետ էին և հասու Աստվածային ճշմարտությանը և պետք է գովասանքի արժանանային Տիրոջ կողմից, այնինչ՝ պարսավանքի էին արժանանում, քանի որ իրենց գործերով աստվածապաշտներ չէին, «ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ պատվո տեղերը» (Մարկոս 12:38,39): Այսինքն՝ մենք պետք է իմաստուն լինենք, զուտ քարոզիչներ չդառնանք՝ սեփական վարքով հակասելով աստվածատուր պատվիրաններին: Մենք բոլորս քարոզիչներ լինել չենք կարող, բայց կարող ենք մեր գործերով վկայել մեր քրիստոնյա լինելը: Յուրաքանչյուր սիրով արված գործ, ծառայություն, զոհաբերություն, նյութական թե հոգեբանական աջակցություն քրիստոնեական հավատի քարոզություն է: Իմաստուն խորհուրդը քարոզություն է: Ուստի անհրաժեշտ է զգոն լինել ամեն հարցում, որովհետև մենք կարիք ունենք մեր եկեղեցական հայրերի խրատների ու հորդորների, որոնք մեր իսկ փրկության, իմաստության, հոգևոր առաջընթացի համար են գրվում և ասվում: Մենք կարիքն ունենք աստվածային խոսքի ճիշտ ըմբռնելու և ճիշտ կիրառելու: Դրա համար մեր հայրերը ճիգ ու ջանք չեն խնայել մեզ լուսավորելու, կրթելու, ուղղորդելու համար: Հետևաբար մենք պարտավոր ենք ճիշտ ընթանալու, որովհետև մենք ունենք հայրաբանական, մեկնողական հսկայական գրականություն, որը իսկապես մեր իմաստության և փրկության համար է, որը, գործի վերածելով, կփայլի մեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն մեր բարի գործերն ու փառավորեն մեր Հորը, որ երկնքում է (Մատթեոս 4:16): Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի հետ՝ խնդրելով Տիրոջից իմաստություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու, չարի առաջնորդությանը մեր միտքը չհանձնելու, կյանքի ուղիներում անսայթաք ընթանալու և աստվածային խորհուրդները գործի վերածելու համար. Իմաստութիւն Հօր Յիսուս, Տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել, խօսել և գործել Առաջի Քո յամենայն ժամ, Ի չար խորհրդոց, ի բանից և ի գործոց Փրկեա՛ զիս Եւ ողորմեա՛ Քո արարածոց և ինձ՝ բազմամեղիս:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան