22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Փետրվարի 15-ին Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 6-րդ «Դ» դասարանի օրվա վերջին դասաժամը տարբերվում էր մյուս օրերի դասաժամերից: Դասարանի դասղեկ՝ Հասմիկ Համբարձումյանի նախաձեռնությամբ երեսունինն աշակերտների հետ հանդիպեցին և զրուցեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը և սպասավոր Գևորգ սարկավագ Համբարձումյանը: Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով: Հոգևորականներն աշակերտների հետ զրուցեցին Ս. Սարգսի, Տեառնընդառաջի և Վալենտինի տոների վերաբերյալ: Այն որ աշակերտները տեղյակ էին տոների նախապատմությանը, նկատելի էր նրանց ուղղված հարցերի պատասխաններից: Աշակերտները համակ ուշադրությամբ ունկնդրում էին հոգևորականների բացատրությունները տոների խորհուրդների և նշանակության վերաբերյալ: Երեխաներն առիթ ունեցան խորհելու հոգևորականների կողմից առաջադրված հետևյալ հարցին, թե՝ ի՞նչ տոն եմ նշում և ինչո՞ւ: Երեխաների մոտ արմատավորվեց այն գիտակցումը, որ իրենք, հայ քրիստոնյա լինելով, պետք է քաջատեղյակ և մասնակից լինեն ազգային-եկեղեցական տոներին՝ հեռու մնալով օտարամոլ տոներից: Աշակերտների հետ զրույցն ավարտվեց հարց ու պատասխանով:
Տեր Վահանը հոդորեց չմկրտված երեխաներին մկրտվել, իսկ մկրտվածներին՝ ծնողների առաջնորդությամբ մասնակից լինել Սուրբ և Անմահ Պատարագին: «Սիրեք Աստծուն և եկեղեցին, որպեսզի Աստծո օրհնությամբ ու ներկայությամբ ապրեք ձեր կյանքը»,- ասաց Տեր Հայրը և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը և նվերներ՝ Ս. Սարգսի պատկերով նոթատետրեր, իսկ դասղեկին՝ «Զորավոր Ավետարանը» պակերագիրք-ուսումնասիրությունը:
Կարինե Սուգիկյան