28 Հունվար, Դշ. Առաջավորաց Պահքի Գ օր
Ինչի համար էր պատվիրան տրվել նախամարդկանց
Աստծուց պատվիրան էր տրվել ոչ նրա համար, որ նախամարդկանց զրկեր իրենց անձնական ազատությունից։ Ինչպես արդեն նշել ենք, արարածները, լինելով արարչագործության արդյունք, ինքնավար չեն և, հետևաբար, ոչ միայն իրենց գոյությունն իրենցից չէ, այլև չեն կարող ո՛չ բարեկեցության, ո՛չ հավիտենության հասնել իրենց սեփական ուժերով, այլ ստանում են դրանք Արարչից։
Նրանց հարաբերությունները և կապը Արարչի հետ տեղի են ունենում պատվիրանը կատարելու միջոցով, որը գոյաբանական անհրաժեշտություն է։ Պատվիրան տալու մեջ դրսևորվում է Աստծու աննկարագրելի մարդասիրությունը, քանի որ Նա ցանկանում էր մարդուն պահել Իր կողքին։ Ոչ թե Աստված դրդեց անկման, այլ արարածների շեղումը Նրանից, Ով հենց Կյանքն Ինքն է։ Սուրբ Գիրքն արդարացիորեն բացահայտում է մեզ համար, որ «Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար» (Իմաստ․ Սող․ 1։13)։
Ինչու Աստված չխոչընդոտեց, իմանալով, որ Ադամը մեղանչելու է
Եթե Նա արգելեր, կստացվեր, որ Աստված միջամտում է ու վերացնում մարդու ազատությունը, որը հենց Ինքն էր տվել նրան որպես պարգև։
Եթե նա խլեր ազատությունը, ապա մարդու ամբողջ վարքը, և վերջնարդյունքում՝ փրկությունը կլինեին հարկադրաբար։ Մարդը կդադարեր անձ լինելուց և կվերածվեր սեփական կամքից զուրկ էակի։ Աստված նախընտրեց փոխել Իր մտադրությունը մարդու վերաբերյալ, քան խլել նրանից ազատությունը, որը մարդկային անձի հիմնական բաղադրիչն է։
Բացի այդ, Աստված, ի հակադրություն բանսարկուի նենգության ու նախանձի, արդարացիորեն վարվեց մարդու հետ՝ այդկերպ էլ բարիք գործելով նրա համար։ Սատանան ենթադրում էր, որ գայթակղելով մարդուն, կխանգարի Աստվածային ծրագրի կատարմանը և կզրկի մարդուն իր աստվածնմանությունից՝ դրանով իսկ վրեժխնդիր կլինի Աստծուց և մարդուց կխլի նրա արժանապատվությունը։
Աստված չխոչընդոտեց սատանայի նենգ ծրագրի իրականացմանը, որպեսզի ապագայում Իր մարդեղացմամբ ընդունելով մարդկային բնությունը՝ ամբողջովին ջախջախի նրան, իսկ մարդը, լինելով նենգության զոհ, այդկերպ բարձրացվի «ամեն իշխանության, պետության, զորության ու տերության և ամեն անվան վրա» (Եփես․ 1։21) ինչպես այժմ, այնպես էլ հավիտենության մեջ։
Հետևաբար, եթե Աստված հակազդեր մարդու անկմանը, դա վերջինիս կզրկեր այն պատվից, որը նա այժմ ժառանգել է շնորհիվ Աստծու հետ միավորման Նրա մարմնացման մեջ։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը