Ինչո՞ւ «երանի սգավորներին…»

Տերը նախ երանի տվեց հոգևոր ախտերից աղքատացած հոգիներին (հոգով աղքատներին), այնուհետև`սգավորներին, «որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4):

Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը շեշտում է, որ Քրիստոս այստեղ երանի է տալիս «ոչ թե դատարկ բաների համար սգացողներին, այլ նրանց, ովքեր սգի մեջ են իրենց մեղքերի պատճառով. որովհետև խստորեն արգելված է այն սուգը, որ աշխարհի կյանքի համար է»: Առաքյալը ևս ասում է, որ «տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթ. 7:10):

Տեղին է մեջբերել սուրբ Ներսես Շնորհալու գեղեցիկ ու պատկերավոր օրինակը. «Երբ երկու մարդ` մեկը` ի ծնե կույր, մյուսը` աչյա, արգելափակված են խավար բանտում, նույն կերպ չեն սգում եղածի համար: Ի ծնե կույրն անտրտում է բանտում` խավարին սովոր լինելով, և անհոգ ծերանում է այդ վիճակում` եղածն իր համար բարիք համարելով: Իսկ նա, ով տեսել է այս լույսի գեղեցկությունը և գիտի ինչից է զրկվել, չափազանց սգում է խավար արգելարանում բնակվելու համար և շարունակ ցանկանում ու հնար է փնտրում` դարձյալ հասնելու այն լույսի վայելմանը, որից զրկվել է: Նույն կերպ էլ, ով ճշմարիտ բարին, որից մեր բնությունը զրկվել է, կարողանում է տեսնել և ապա մտածում է մեր բնության այժմյան թշվառության մասին, շարունակ սգո և տրտմության մեջ է լինում: Ուստի այս խոսքը («Երանի սգավորներին...») ոչ միայն հոգևոր տրտմության կիրքն է երանության արժանացնում, այլև մեր կորցրած բարու գիտության փափագը»: Եվ որքան ավելի ենք հասկանում մեր կորցրած բարու մեծությունը, այնքան ավելի ենք սգում, որովհետև մարդկային այժմյան բնության բազում չարիքներից` հոգևոր ախտերից ու մարմնի հիվանդություններից ոչ մեկին մեր մարդկային բնությունը ծանոթ չէր սկզբում: Ուրեմն` ով մտքի աչքերով տեսնում է այդ վերերկրային և խոսքերով չնկարագրվող ուրախությունը, նայում նաև տրտմություններով լի մեր այժմյան կյանքին և սգում իր և մեր ընդհանուր բնության` աստվածային կյանքից զրկված լինելու համար, նա՛ է արդարև երանելի սգի մեջ, որի պտուղը Սուրբ Հոգու մխիթարությունն է: «Իսկ ովքեր անզգա են այս ամենի հանդեպ` ոչ անցյալն են քննում, թե ինչ էինք, ոչ այժմյան տառապանքները և ոչ էլ ապագան, թե ինչ ենք լինելու, նման են ի ծնե կույրին` ըստ նախասացյալ օրինակի, և չեն տարբերվում անբան անասուններից, որոնք երբ կերակրով հագենում են, ուրախանում են, իսկ երբ կերակուրը պակասում է` թախծում»:

Ոչ միայն մեծ դժբախտություն, վիշտ ու կորուստ ունեցողներն են սգավոր լինում, այլև` մարդիկ, ովքեր ինչ-որ բան չափազանց կամենում են ունենալ, սակայն չունեն: Մարդ սգավոր է դառնում, տրտմում, քանի որ, հասկանալով երկրային բարիքների անցողիկությունը, երկնայինն է ցանկանում` ամենը, որ բարի է, առաքինի, Աստծուն հաճելի, սակայն ինքը չունի, այլ հակառակը` ունի մեղքեր, վատ սովորություններ, տգեղ արարքներ, որոնք իր համար դժբախտություն են:

Իսկ որտե՞ղ, ինչպե՞ս պիտի մխիթարվեն նրանք:

«Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ պիտի մխիթարվեն»,- ասում են հայրերը: «Եթե անգամ բյուրապատիկ տրտմությունների փոթորիկներ թափվեն քեզ վրա, բոլորից վեր կլինես, եթե Աստված մխիթարի քեզ: Աստված քո չարչարանքից շատ ավելի մեծամեծ բաներ կտա: …Ինքն այնքան մարդասեր է, որ իբրև պարգև՝ բավական չի համարում նրանց՝ տանջանքներից ու մեղքերից ազատվելը, այլ երանելի և մեծ մխիթարության արժանի էլ է դարձնում: Իսկ սգալ հրամայում է ոչ միայն սեփական անձի, այլ նաև ուրիշների համար, ինչպես սրբերի հոգիներն էին» (սբ. Հովհան Ոսկեբերան): Մխիթարիչը` Սուրբ Հոգին (Հովհ. 14:26) տեսնում է մեր տրտմությունն ու ապաշխարությունը, և անտեսանելիորեն գալիս է մեզ մոտ, պարգևում մխիթարություն ու բերկրանք, որ վերերկրային է և անսահման տարբեր` սովորական երկրային ուրախություններից:

Մեզ համար լավ օրինակ է աստվածաշնչյան հարուստի և աղքատ Ղազարոսի պատմությունը. «Հիշի՛ր,– ասում է Աբրահամը հարուստին,– որ քո կյանքում դու բարիքը ստացար, իսկ Ղազարոսը` չարչարանքը: Ուստի հիմա նա այստեղ մխիթարվում է, և դու այդտեղ` պապակում ես» (Ղուկ. 16:25): Այսինքն` հնարավոր չէ մասնակցել երկնային տոներին այլ կերպ, եթե ոչ` մարմնի նեղությամբ ձեռք բերվող առաքինությամբ և մաքուր վարքով: Ըստ հայրերի` քանի դեռ մարդը մեղքերի մեջ է, հոգով մեռած է և առաքինության վարքի հանդեպ անզգա, բայց երբ կամովին հրաժարվում է դրանցից, հիշում հավիտենական տանջանքներն ու անշեջ գեհենը, հաճելի ախտերից ընդարմացած հոգին վերստանում է զգաստությունը և դեպի լավը փոփոխմամբ երանելի դառնում:

 

 

Մարիամ Ավետիսյան

25.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․