Մի կին Մաղաքիա մարգարեի գիրքն էր կարդում: Երբ հասավ երրորդ գլխին, դրա երրորդ տողի խոսքերը՝ Նա [Աստված] կնստի ձուլելու և մաքրելու՝ որպես արծաթ, տարակուսանքի մեջ գցեցին նրան: Եվ կինը որոշեց որևէ արծաթագործ վարպետի այցելել՝ նրա աշխատանքին հետևելու:
Երբ հասավ արհեստանոց, տեսավ, որ վարպետը մի կտոր արծաթ է պահել կրակի վրա: Վարպետը բացատրեց, որ այդ կերպ են արծաթը մաքրում՝ պահելով կրակի բոցի վրա, որպեսզի բոլոր նստվածքներն այրվեն: Կինը մտածեց, որ Աստված ոսկերչի պես մեզ մաքրագործող կրակի մեջ է պահում և հարցրեց.
- Արծաթի մաքրման ողջ ընթացքում այդպես նստա՞ծ պետք է մնաք կրակի առջև:
- Այո՛: Եվ ոչ թե ուղղակի նստած մնամ և արծաթը կրակի մեջ պահեմ, այլ չպետք է աչքս դրանից կտրեմ, քանի որ եթե թեկուզ մի ակնթարթ ավելի պահեմ մետաղը կրակի մեջ, ապա վնասն անուղղելի կլինի:
Կինը մտածեց մի պահ, այնուհետև հարցրեց.
- Իսկ ինչպե՞ս եք որոշում, թե մետաղը երբ է անհրաժեշտ մաքրության հասել:
Վարպետը ժպիտով պատասխանեց.
- Երբ նրա մեջ արտացոլանքս եմ տեսնում:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը