22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մարդկանց չարությունը բոլոր սահմաններն անցել է: Մարդիկ ձգտում են խաբել միմյանց և խաբեությունը նվաճում են համարում: Իսկապես որ ինչպիսի՜ խաբեբա է դարձել աշխարհը: Ամեն ինչ անբարեխղճորեն են անում, անորակ, բայց ավելի շատ փող են վերցնում, քան՝ առաջ: Եվ դա ամեն ինչին է վերաբերվում: Մի անգամ մեկը լոլիկի սածիլներ բերեց ինձ համար: Յուրաքանչյուր սածիլ պոլիէթիլենային փոքրիկ պարկի մեջ էր դրված, որում սևահող ու խոշոր ավազ էր լցված, որպեսզի խոնավությունը պահպանվի: Այսինքն ուղղակի ջրելը դժվար էր նրանց համար:
Այդ խառնուրդը գոմաղբով պարարտացված չէր, միայն վերին շերտին էին մի քիչ ցանել՝ պղպեղի հատիկների պես: Եվ ի՞նչ: Երբ սածիլները պարկերից հանեցի, պարզվեց, որ արմատները նեխել են: Ստիպված սածիլներն ամբողջովին հողով ծածկեցի, որպեսզի կրկին արմատակալեն:
Համա՜ թե հիմարեցնում են մարդկանց: Մի անգամ մի տուփ քաղցրավենիք բերեցին ինձ: Չբացեցի, սպասում էի, որ ուխտավորների մեծ խումբ գա: «Այլապես,- մտածում էի,- եթե քաղցրավենիքը բաց տուփում մնա՝ մրջյունները կփչացնեն»: Եվ մի օր, երբ շատ ժողովուրդ հավաքվեց, իմ հաշվարկով տուփի քաղցրավենիքը պետք է բոլորին էլ բավականացներ, դեռ մի բան էլ՝ ավելանար: Սակայն տուփը բացելով տեսա, որ միայն դրա կենտրոնական մասում են մի քանի քաղցրավենիք դրել, իսկ մնացածը պլաստիկով է լցված: Մեկ ուրիշ անգամ լոխումի մի գեղեցիկ զարդարված տուփ բերեցին: «Կպահեմ Աֆոնիադայի* սաների համար»,- որոշեցի ես: Բայց երբ բացեցի, պարզվեց, որ լոխումը հին էր ու արդեն չորացել էր: Ես այդպիսի չոր լոխում մարդկանց չեմ տալիս, փափուկներն եմ ընտրում:
- Հա՛յր, իսկ նրանք, ովքեր այդպիսի բաներ են անում, չե՞ն հասկանում, որ դա ճիշտ չէ:
- Նրանք դա նվաճում են համարում, որովհետև մեղքը նորաձև է դարձել մեր օրերում և խաբեությունը հնարամտություն է համարվում: Դժբախտաբար աշխարհիկ ոգին մտքին խորամանկության միջոցով է սրություն հաղորդում և իր մերձավորի հետ անարդարացիորեն վարվողը կարծում է, թե դա նվաճում է: Դեռ նրա մասին էլ ասում են. «Մի տես, թե ինչ ճարպիկն է, իսկական սատանի ճուտ է», բայց հոգու խորքում այդ մարդու խիղճը տանջում է նրան ու նա դժոխքի փոքր չարչարանք է զգում:
* Աֆոնիադա («Աթոսի Եկեղեցական Ակադեմիա») հիմնադրված 1753թ.: Սուրբ Լեռան վրա տեղակայված փակ ուսումնական հաստատություն՝ տղաների համար: Միջնակարգ դպրոցի ծրագրից բացի Աֆոնիադայի սաներն աստվածաբանություն և եկեղեցական ծիսակարգին առնչվող առարկաներ են ուսումնասիրում (Սուրբ Գիրք, Վարք Սրբոց, Սուրբ Պատարագ, հին հունարեն լեզու, բյուզանդական եկեղեցական երգեցողություն, սրբանկարչություն և այլն):
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի