«Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև»

Որոշ մարդկանց կողմից անընդունելի է առաքինություններից՝ խոնարհությունը, նրանց կարծիքով՝ այս առաքինությունը նսեմացնում է մարդու անհատականությունը, զրկում եռանդից, նախաձեռնող լինելուց և միայն կատարող դարձնում: Խոնարհության մասին նման սխալ հասկացությունն առաջ է գալիս հոգևոր անգիտությունից:  

Խոնարհության առաքինությունը գեղեցիկ կերպով բացահայտվում է ավետարանական մի շարք պատմություններում, օրինակ՝ հռոմեացի հարյուրապետի ծառայի բժշկության պատմության մեջ: Կափառնայում քաղաք այցելություններից մեկի ժամանակ Հիսուսին է մոտենում հռոմեացի մի հարյուրապետ հետևյալ խնդրանքով. «Տե՛ր, ծառաս տանը անդամալույծ վիճակում սաստիկ տառապում է»: Չմերժելով նրան՝ Հիսուս խոստանում է նրա տուն գնալ և բուժել ծառային: Յուրաքանչյուր հավատավոր մարդ մեծ ուրախություն կապրեր Հիսուսի այս խոսքերից, բայց հարյուրապետն անսովոր կերպով է արձագանքում. «Տե՛ր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու, միայն մի բա՛ն ասա, և իմ ծառան կբժշկվի»: Հարյուրապետի խորը հավատը և խոնարհությունը մեծ ուրախություն պատճառեցին Քրիստոսին, Նա ոչ միայն ակնթարթորեն բուժեց նրա ծառային, այլև հարյուրապետի հավատը՝ որպես օրինակ, մատնացույց արեց ողջ աշխարհին՝ ասելով. «Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ ունեցող մեկին չգտա» (Մատթ. 8:6-13): Լսելով Փրկչի բազմաթիվ բժշկությունների մասին՝ հարյուրապետը խորապես հավատացել էր Քրիստոսին: Բոլորովին չնսեմացնելով իր արժանապատվությունը՝ նա գիտակցեց, որ արժանի չէ Քրիստոսից հատուկ ուշադրություն պահանջելու, առավել ևս որ օտարական է և հեթանոս: Ընդ որում հարյուրապետը հիշեց, որ ինքը, լինելով սովորական մարդ, երբ հրամայում է իր ենթականներին, ապա նրանք առանց առարկության ենթարկվում են իրեն:  

Մի կողմից Աստծու ամենակարողության, մյուս կողմից սեփական անարժանության ընդունումը համարվում է հիմքը այն առաքինության, որ կոչվում է խոնարհություն: Երբ մարդը խորը հավատով հաղորդակցվում է աստվածային անսահման զորությանը, նա չի կարող չզգալ իր փոքրությունն ու տկարությունը, նա իրեն տեսնում է որպես փոքրիկ ավազահատիկ անսահման օվկիանոսում: Այդ պատճառով Աստծու հետ հաղորդակցության մեջ խոնարհությունը բնական վիճակ է: Իսկ հպարտանում է նա, ով հեռու է Աստծուց:

Ամուր հավատ ունեցողը խոնարհ է լինում, իսկ հպարտն ընդունակ չէ խորությամբ հավատալու, քանի որ ամբողջովին կլանված է իրենով: Հոգեպես թույլ լինելով՝ նա անհանգիստ է ու երկչոտ, ինչն ամեն կերպ ձգտում է թաքցնել: Կարծել, թե խոնարհությունը մարդու մեջ սպանում է նախաձեռնությունը և նրան դարձնում իներտ ու ստրկամիտ, նշանակում է չհասկանալ քրիստոնեության էությունը, որ կոչում է մարդուն կատարելության՝  կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5:48): Որպեսզի անհիմն չլինեն այն համոզումները, որ իրական մեծությունը միշտ զուգակցվում է խոնարհության առաքինությանը, կարող ենք հիշել սուրբգրային հետևյալ օրինակները՝ մեծ մարգարե Մովսեսը, որ ուսանել էր եգիպտական ողջ գիտությունը, որ Աստծու օգնությամբ հրաշքներ էր գործում և զրուցում էր Նրա հետ, ինչպես մարդիկ են միմյանց հետ խոսում, շատ ավելի հեզ էր, քան երկրի վրա ապրող բոլոր մարդիկ (Թվեր 12:3): Հսկա Գողիաթին հաղթող Դավիթ արքան, որ մեծ սխրանքներ էր գործել պատերազմների ժամանակ, նույնպես խոնարհ էր (Սաղմ. 24): Ս. Հովհաննես Մկրտիչը՝ բոլոր ժամանակների մեծագույն մարգարեն, որ իր քարոզներով հազարավոր մարդկանց սրտեր էր խանդավառել, նույնպես խոնարհ էր (Մարկ. 1:7): Սուրբ Մարիամ Աստվածածինը՝ աշխարհի Փրկչի մայրը, խոնարհաբար էր իր մասին խորհում (Ղուկ. 1:48): Վերջապես, Հիսուս Քրիստոս՝ Աստծու Որդին, որ Երկնքից երկիր իջավ, Ում խոսքին վայրկենապես ենթարկվում է ամեն ինչ, Ով կյանքի վերադարձրեց մահացածներին, օրինակ ծառայեց՝ Իր երկրային ծնողներին հնազանդվելով, հարկերը վճարելով, խոնարհաբար ներելով թշնամիներին, Իր խոսքն ուղղելով Իր հետևորդներին, ասում է. «Սովորեցե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք» (Մատթ. 11:29):

Եկեղեցու հայրերը հպարտությունն անվանում են խելահեղություն, քանի որ նրանով հիվանդացածը խոսում և գործում է մի շարք խելահեղություններ՝ այն վստահությունն ունենալով, որ ինքը ճշմարիտ է: Այս սարսափելի հիվանդության կործանարար լինելը վկայում է այս հիվանդության հայրը՝ չարը, ինչի պատճառով նա երկնքից երկիր նետվեց (Ծննդ. 3:1, Հայտն. 12:3-9):

Աբբա Դորոթեոսի խոսքով՝ երկու տիպի խոնարհություն կա. «Սկզբնական խոնարհությունը կայանում է նրանում, որպեսզի մերձավորիդ քեզնից առավել խելացի և լավը համարես: Երկրորդ տիպի խոնարհությունը կայանում է նրանում, որպեսզի քո հաջողություններն ու առավելությունները Աստծուն և ոչ թե քեզ վերագրես, սա է սրբերի կատարյալ խոնարհությունը: Այն բնական կերպով ծնվում է մարդու հոգում Աստծու պատվիրանները կատարելիս»: Աբբա Դորոթեոսը նշում է նաև, որ խոնարհ անձը նման է այն ծառի ճյուղերին, որոնց վրա շատ պտուղներ կան և որոնք ծանրությունից ներքև են կորանում, իսկ հպարտ անձը նման է այն ծառի ճյուղերին, որոնց վրա պտուղներ չկա և որոնք միայն դեպի վեր են բարձրանում:

Այսպիսով, խոնարհությունը թանկագին մի առաքինություն է, առանց որի անհնար է բարու մեջ առաջադիմել: Խոնարհությունն ուղղորդում է մարդուն Աստծու, իր և մարդկանց հետ ճշմարիտ հաղորդակցության, քանի որ այն մարդկանց մեջ հաստատում է խաղաղություն, նպաստում է ընտանիքի և առողջ հասարակության ստեղծմանն ու բարիքին: Խոնարհ անձն ընդունում է իր մեղքերն ու սխալները և ի տարբերություն հպարտի, որ համառում է իր մեղքերի մեջ, զղջում է և ձգտում կատարելության: Միևնույն ժամանակ նա, ընդունելով Աստծու մեծությունը, երկյուղում է Աստծու կամքից և զգուշանում Աստծու պատվիրանները խախտելուց: Եթե բոլորը խոնարհ լինեին, ապա մարդիկ կապրեին ամենաերջանիկ հասարակության մեջ, քանի որ չէին լինի ո՛չ հափշտակիչներ, ո՛չ բռնակալներ, ո՛չ ստախոսներ, մի խոսքով դրախտ կլիներ երկրի վրա: Աստված սիրում է խոնարհներին և ամեն ինչում օգնում նրանց. «Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է մնում, համբերություն է տալիս, տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել» (Եսայի 57:15): Իսկ Աստվածաշնչի Սիրաքի իմաստության գիրքը հորդորում է և ասում. «Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և Նա փառավորում է Իր կամքը կատարող խոնարհներին» (Սիրաքի իմաստ. 3:20):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

07.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․