Մի շատ ինքնակամ միաբան կար, որ մշտապես իր ծերից օրհնություն էր կորզում այն ամենի համար, ինչ նրան միտքն էր հուշում (այսինքն՝ զոռով օրհնություն էր վերցնում՝ ցանկանալով ըստ իր կամքի վարվել):
Մի անգամ, երբ աշխատում էր իր ծերի հետ և նրա օգնությունը խիստ անհրաժեշտ էր, ասաց ծերին.
- Օրհնի՛ր, հա՛յր, որ գնամ տասը րոպե քնեմ:
Ծերը պատասխանեց.
- Մի փոքր համբերիր, զավա՛կս, որովհետև այժմ ինձ պետք ես: Կես ժամից կավարտենք և այնժամ կգնաս քնելու:
Բայց միաբանն իրենն էր պնդում:
Ծերը կրկին ասաց.
- Հե՛ր օրհնած, համբերի՛ր: Մի՞թե տասը րոպեն բավական է քնելու համար, որ խնդրում ես:
- Այո՛, օրհնությունդ տուր, որ գնամ քնեմ,- իրենն էր շարունակում միաբանը:
Ի վերջո, ծերը ստիպված համաձայնեց, և միաբանը գնաց՝ քնելու:
Երբ պառկեց իր անկողնում, հանկարծ սատանային տեսավ, որը ցասումով նետվեց նրա վրա, բռնեց ու այնպես սեղմեց, ասես ձեռքինը կիտրոն լիներ: Ինքնակամ միաբանը փորձեց դուրս պրծնել, բայց ոչինչ չստացվեց: Շարունակելով պայքարը, ստիպված այսպես աղոթեց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ հանուն իմ ծերի»:
Մեծ վշտով ասված այս աղոթքը (քանի որ միաբանը գիտակցեց իր անհնազանդությունն ու անարժան լինելը) այրեց սատանային: Միաբանը հասկացավ, որ ինքը օգնություն խնդրելու իրավունք չունի, ուստի Քրիստոսին խնդրեց ողորմել իրեն հանուն ծերի: Հենց դա՛ այրեց բանսարկուին, և նա կատաղությամբ դուրս նետեց նրան պատուհանից՝ մոտ հիսուն մետր հեռու շպրտելով, սակայն միաբանը բոլորովին չվնասվեց, քանի որ Աստված պահպանեց նրան:
Նա, վախեցած, վազեց ծերի մոտ ու պատմեց գլխին եկածը, և ծերը տարակուսում էր, թե ինչպես այդ ամենը տեղի ունեցավ տասը րոպեում:
Աստծու թույլ տված փորձությունից քաղած դասի շնորհիվ նա ամենլավ միաբանը դարձավ ամբողջ անապատում և մեծ առաջընթաց ունեցավ հոգևոր կյանքում:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը