Ինքնասպանի խոստովանությունը

Հոգևորականի իմ պրակտիկայում մի անսովոր դեպք պատահեց: Մի անգամ հեռավոր գյուղերից մեկում բնակվող ազգականուհիս խնդրեց ինձ իրենց գյուղ գնալ և օգնել կամրջի պես մի բան պատրաստել գետի մի ափից մյուսն անցնելու համար, քանի որ «աշխատասեր» գյուղացիները հին կամուրջը քանդել էին ու հանձնել որպես մետաղի ջարդոն…

Գնացի, սակայն չհաջողվեց միանգամից գործի անցնել. մորաքույրս որոշեց նախ հարևան գյուղում գտնվող մատուռը ցույց տալ ինձ, հարևանությամբ գտնվող կիսաքանդ եկեղեցին, հետո խնդրեց խանութ մտնել: Այդ ամենը տեսանք, շրջեցինք, արեցինք: Թվում էր արդեն կարելի է վերանորոգմանն անցնել, բայց ուր…

Մեզ անընդհատ ուշացնում էին. մի այրի եկավ մատուռ և խնդրեց իր ամուսնու համար հոգեհանգստի կարգ կատարել, խանութում զրուցասեր կանայք ևս տասնհինգ րոպեով ուշացրին ազգականուհուս, եկեղեցու ճանապարհին դպրոցի տնօրենը կանգնեցրեց և սկսեց նախատել ազգականուհուս՝ նրա խնամակալության տակ գտնվող դպրոցականի՝ թափթփված աշակերտի համար… Ես նյարդայնանում էի, շատ քիչ ժամանակ էր մնացել:

Վերջապես մեքենա նստեցինք, որպեսզի դեպի գետը գնանք… Եվ հենց այդ պահին, հայտնի չէ, թե որտեղից, ամբողջովին կարմրատակած ակնոցավոր մի երիտասարդ հայտնվեց հևալով, ծեծեց մեքենայի լուսամուտն ու հարցրեց.

- Պատահաբար եկեղեցուց չե՞ք:

- Եկեղեցուց եմ,- պատասխանեցի:

- Հոգևորական ե՞ք:

- Այո:

- Իսկ ես գնում եմ կախվելու և ուզում եմ խոստովանության գալ ձեզ մոտ նախքան դա:

Ընտանիքում խիստ գժտություններ կային, նրա տղամարդկային ինքնասիրությունն ու հպարտությունը ծայրաստիճան խոցված էին: Իսկ ինչպես հայտնի է՝ մի մեղքն իր հետևից մյուսն է տանում և այդպես մինչև ինքնասպանության մասին մտքերը:

Անհրաժեշտ ամեն ինչ ինձ մոտ էր՝ Ավետարանը, խաչը, մաշտոցը: Հանեցի այդ ամենը, անհրաժեշտ աղոթքները կարդացի, լսեցի այդ երիտասարդի շատ երկար խոստովանությունը: Ժամանակն աննկատ թռավ, բայց ինչպես հետո պարզվեց, շատ երկար էինք զրուցել և երիտասարդը մտափոխվել էր, այլևս ցանկություն չուներ ինքնասպան լինելու…

Աստծո ողորմածությամբ նա ողջ-առողջ է մինչ օրս, վերանայել է իր կյանքը, հասկացել՝ սխալները:

Եվ ահա, թե ինչ եմ մտածում: Փա՜ռք ողորմած Տիրոջը, որ հոգևորականին իր տնից 400կմ հեռու տարավ, պահեց այնտեղ, որտեղ և որքան պետք էր, որպեսզի հուսահատված մարդուն հնարավորություն տա ծեծելու նրա մեքենայի լուսամուտը և արդյունքում՝ ճշմարիտ ուղու վրա կանգնելու: Այն երիտասարդն այդ հնարավորությունից օգտվեց:

 

Ավագ քահանա Իգոր Ֆոմին

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.01.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․