4 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր, մարդիկ կան, որ իրենց կյանքում դժվարության հանդիպելով՝ միանգամից սկսում են ինքնասպանության մասին մտածել:
- Եսասիրությունն է գործին խառնվում: Մարդկանց մեծամասնությունը, որ ձեռք է բարձրացնում իր կյանքի վրա՝ սատանային է լսում, ով նրանց ասում է, որ եթե իրենք իրենց կյանքին վերջ տան, ապա կփրկվեն այն ներքին տառապանքից, որ զգում են: Եսասիրությունից են այդ մարդիկ սպանում իրենց: Օրինակ, եթե մարդը գողություն է անում և հետո դա բացահայտվում է, ապա գողն ասում է. «Վերջ, ես ինձ անվանարկեցի», և ապաշխարության, խոնարհության ու մեղքերի թողություն միջոցով հոգին հավիտենական տանջանքներից ազատելու փոխարեն՝ գնում և սպանում է իրեն: Մեկ ուրիշը կյանքին վերջ է տալիս, որովհետև կաթվածահար երեխա ունի: «Ինչպե՞ս թե. ե՛ս ու կաթվածահար երեխա ունե՞մ»,- ասում է այդպիսի մարդն ու հուսահատության գիրկն ընկնում: Բայց, եթե իր երեխայի կաթվածահար վիճակի պատասխանատվությունն իր վրա է և նա ընդունում է իր մեղքը, ապա թող ապաշխարի: Ինչպե՞ս կարելի է ձեռք բարձրացել ինքդ քո վրա և երեխայիդ բաց երկնքի տակ թողնել: Մի՞թե դրանից հետո նրա մեղքն ավելի մեծ չի լինի:
- Հա՛յր, հաճախ ենք լսում, որ մարդն ինքնասպան է եղել, որովհետև հոգեկան հիվանդ էր:
- Ինքնասպանություն գործած հոգեկան հիվանդ մարդիկ մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, որովհետև իրենց գիտակցությունը տեղում չէ: Նույնիսկ ուղղակի երկնքում հավաքված ամպերը տեսնելով՝ այդպիսի մարդն արդեն սկսում է հոգեկան ծանրություն զգալ: Իսկ եթե դրան ինչ-որ խանգարվածություն է միախառնվում, ապա ամպերը կրկնապատկվում են: Սակայն, եթե մարդ ինքնասպանություն է գործել առանց հոգեկան հիվանդ լինելու, ապա Եկեղեցին չի աղոթում նրանց համար, այնպես, ինչպես չի աղոթում մահացած հերետիկոսների համար: Եկեղեցին այդ մարդկանց Աստծո ողորմածությանն ու դատաստանին է թողնում: Այդպիսի մարդկանց անունները հոգևորականը չի հիշատակում Պատարագի ժամանակ, որովհետև այդպիսի մարդիկ, ինքնասպանության միջոցով, հրաժարվում են կյանքից, արհամարհում այն: Իսկ կյանքն Աստծո պարգևն է: Սակայն ինքնասպանության միջոցով այն ավարտելով՝ այդպիսի մարդիկ, նույնն է, թե այդ պարգևն Աստծո երեսին են շպրտում:
Սակայն մենք պետք է շատ աղոթենք ինքնասպանների համար, որպեսզի Բարեգութ Աստված նրանց համար էլ ինչ-որ բան անի: Քանի որ չգիտենք, թե նրանք ինչու են ձեռք բարձրացրել իրենց վրա, չգիտենք նաև, թե իրենց կյանքի վերջին պահին ինչ վիճակում են գտնվել: Միգուցե հոգին մարմնից բաժանվելու պահին նրանք ապաշխարել են, Աստծուց թողություն են խնդրել և նրանց ապաշխարությունն ընդունվել է: Եվ հնարավոր է, որ Աստծո հրեշտակն է նրանց հոգին ընդունել:
Մի աղջնակի մասին պատմություն եմ լսել, ով գյուղում էր ապրում և այծիկին տանում էր արածեցնելու: Նա այծիկին կապում էր մարգագետնում, իսկ ինքը խաղում էր մոտակայքում: Մի անգամ, երբ նա խաղով էր տարված, այծը կապից արձակվեց ու փախավ: Աղջիկն սկսեց փնտրել նրան, սակայն չգտավ և տուն վերադարձավ առանց այծի: Նրա հայրը սարսափելի բարկացավ, ծեծեց ու դուրս արեց նրան տանից: «Գնա, փնտրիր այծին,- ասաց նա,- եթե չգտնես, ապա ավելի լավ է կախվես»: Խեղճ աղջիկը գնում է այծին որոնելու: Գիշեր է գալիս, իսկ աղջիկը դեռ տուն չի վերադառնում: Ծնողներն անհանգստանում են, գնում են նրան փնտրելու և գտնում ծառից կախված: Նա օղակ էր պատրաստել այծին կապած պարանից ու կախվել էր: Խեղճ աղջիկը բարեպաշտ էր և հոր խոսքը բառացի էր հասկացել: Նրան գերեզմանոցի ցանկապատից դուրս թաղեցին:
Եկեղեցին, իհարկե, ճիշտ է վարվել՝ եկեղեցու ցանկապատից դուրս թաղելով նրան: Դա արել է այն մարդկանց արգելակելու համար, ովքեր չնչին մի պատճառով ձեռք են բարձրացնում իրենց կյանքի վրա: Սակայն Քրիստոս էլ ճիշտ կվարվի, եթե այդ աղջկան Դրախտ վերցնի:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի