23 Նոյեմբեր, Շբ
Ցուրտ եղանակին մի երիտասարդ զգուշությամբ ձեռքը մոտեցնում է կարիճին, բռնում է, վեր բարձրացնում և պարծենալով ընկերներին ասում.
- Տեսնում եք, թե ինչքան քաջություն, զգոնություն և ճկունություն եմ ձեռք բերել, որ կարողացա կարիճին բռնել:
Ապա ներս են մտնում տուն ու մոտենում վառարանին: Տաքությունից կարիճն ակտիվանում է, խայթում երիտասարդին, որը բաց է թողնում նրան ու այդ սենյակից վախեցած փախչում:
Երբեմն մարդուն թվում է, թե ինչ-որ բանի է հասել, ավելի փորձառու և կատարյալ դարձել, հատկապես հոգևոր կյանքում, բայց հենց իրավիճակը փոխվում է, կամ երբ հայտնվում է այլ իրավիճակում, տեսնում է, որ շատից քիչն է սովորել, կամ էլ իր անձում ոչինչ էլ իրականում հիմնավոր կերպով չի փոխվել...
Հովհաննես Մանուկյան