Ժամանակն է, որ իմանանք, թե ինչ է ցանկանում Տերը մեզանից

«Չեմ դադարում գոհություն հայտնել ձեզ համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ Հայրը փառքի, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի իրեն ճանաչելու համար» (Եփես. 1:16-18): Պողոս առաքյալն, իր խոսքն ուղղելով թե՛ եփեսացիներին և թե՛ բոլոր ժամանակների ու ազգերի քրիստոնյաներին, կարևորում է այն հանգամանքը, որ կատարելության ձգտող քրիստոնյան նախ պետք է կրթի և զարգացնի իր հոգին ու սիրտը: Ճշմարտապես կրթվում է այն անձը, որը միաժամանակ կրթում է թե՛ իր միտքը, թե՛ կամքը և թե՛ սիրտը: 

Շատ հաճախ մտքի զարգացման ձգտող անձն իր առջև փակում է սրտի ու կամքի հոգևոր զարգացումն ու աճը: Կարծես մարդու մեջ արժեք ունի միայն միտքը, մնացածն անարժեք են և կարիք չունեն զարգացման: Հասարակության մի ստվար հատված, կրթության մեջ առավել կարևորելով գիտությունը,  հետին պլան են մղել հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Որոշ ծնողներ կարծում են, որ հոգևոր դաշտում իրենց երեխաներին պետք է ազատություն տալ, կարծես նրանց կամքը պետք չէ ուղղորդել դեպի բարին ու ճշմարիտը: Ըստ նրանց՝ միտքն այն ուժն է, որ իրենց զավակների առջև բաց է անում գիտության դուռը, ուղղորդում բարձրագույն կրթության և աշխարհճանաչման, պատվավոր պաշտոնի, փառքի և սերունդների մեջ անմահ հիշատակի: Մարդկային մտքի գործունեությունը, իրապես, բազմապտուղ կլիներ, եթե իր հիմքում ունենար քրիստոնեական հավատը և Աստծու խոսքը, այս դեպքում մարդիկ հարուստ կլինեին ոչ միայն գիտելիքներով, այլ նաև առաքինություններով: Գիտության լույսը ողողել է մարդկանց, բայց չի ջերմացրել, հրահրել է ջանասեր և տքնաջան աշխատանքի, բայց չի ջերմացրել մարդու սիրտը Արարչի հանդեպ  կենարար սիրով, մերձավորի հանդեպ կարեկցանքով և անկեղծ ընկերությամբ:  

Մի՞թե գովելի է նա, որ թեև զարգացած միտք ունի, գիտակ է, տիրապետում է բազմաթիվ լեզունների, բայց անազնիվ է, անբարո և իր պահվածքի պատճառով արժանի չէ վստահության ու հարգանքի: Մի՞թե գովելի է նա, որ թեև խելացի է, բայց անխիղճ է և անգութ՝ պատրաստ ամեն չարիք գործելու իր մերձավորին: Մարդկանցից ո՞վ տեղյակ չէ, որ խաղաղ և երջանիկ հասարակական կյանքը կառուցվում է նախ և առաջ անկեղծ, խոնարհ, բարի և մաքուր սիրտ ունեցող մարդկանց սիրո ջանքերի շնորհիվ:  

Այս պատմությունը վկայում է վերը նշվածը: Մի դպրոցի տնօրեն յուրաքանչյուր նոր ընդունված ուսուցչի նամակ էր հանձնում, որի մեջ գրված էր. «Հարգելի՛ ուսուցիչ, ես տեսել եմ, թե ինչ է համակենտրոնացման ճամբարը, վերապրել եմ այն, ինչ չպետք է տեսնի ոչ մի մարդ: Ես տեսել եմ, թե ինչպես են պրոֆեսիոնալ ինժեներները կառուցում գազով բանտախցեր, ինչպես են բարձրակարգ բժիշկները թունավորում երեխաներին, ինչպես են փորձառու բուժքույրերը խեղդում նորածիններին, ինչպես են բարձրագույն կրթություն ունեցողները կրակում կանանց և երեխաների վրա: Այդ պատճառով չեմ վստահում կրթությանը: Ես խնդրում եմ ձեզ, օգնեք երեխաներին մարդ դառնալ: Ձեր կրթած սերունդը չպետք է լինի կրթված հրեշ, անգիր արած հոգեկան հիվանդներ, կրթված մարդասպաններ: Խնդրում եմ, օգնեք մեր երեխաներին ավելի մարդկային լինել»:

Ինչո՞ւ է մարդ աշխարհ գալիս և ի՞նչ է սպասվում նրան մահից հետո: Մի՞թե մարդ ծնվել է երկրային կյանքի համար և երկրի վրա է մնալու հավիտենապես: Այժմյան կյանքը ոչ այլ ինչ է, քան ուղի, որով ընթանում ենք դեպի հավիտենություն: Մարդ ծնվում է ո՛չ հանուն հարստության և փառքի, ո՛չ հանուն համեղ սննդի և գեղեցիկ հագուստի, ո՛չ գեղեցիկ առանձնատան և այլ բաների համար, քանի որ այդ ամենը նա թողնելու է մահվան ժամանակ, այլ աշխարհ է գալիս, որպեսզի աստվածահաճո կյանքով ապրելով՝ հավիտենական երանության արժանանա: Հայրաբանությունը հորդորում է ծնողներին և ուսուցիչներին երեխաներին ուսացանել ոչ միայն գրագիտություն, այլ ազնիվ կյանք և Աստծու հադեպ երկյուղ, քանի որ գրագիտությունն առանց Աստծու երկյուղի, նույնն է, ինչ սուրն անմիտի ձեռքին:

Սուրբ Գիրքն ասում է՝ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է (Սաղմ. 110:10), երեխայի սրտում անհրաժեշտ է Աստծու երկյուղը սերմանել, քանի որ մարդու բնությունը մանկուց հակված է չարին: Ինչպես չարը, այնպես էլ բարին պատանի հասակում արմատանում է երեխայի սրտում և ինչին, որ սովորում է, այնպիսին էլ մնում է չափահաս տարիքում, ինչպես երիտասարդ ծառը, որ կողմ թեքես, այնպես էլ մինչև վերջ կմնա: Երեխայի սրտում Աստծու երկյուղը սերմանելու համար, պետք է նրան հաճախակի հիշեցնել, որ Աստված ամենուր է, և տեսնում ու լսում է յուրաքանչյուրի մտածումը, խոսքն ու գործը:

Երեխայի կրթության մեջ, ինչպես նշում է երանելի Հովհան Կրոնշտադտացին, հարկավոր է ամեն ինչ անել, որ երեխայի «սրտի աչքերը լուսավորվեն» (Եփես. 1:18). «Չե՞ք նկատել, որ սիրտը մեր կյանքի առաջին գործիչն է, այն տեսնում է ակնթարթորեն, ամբողջական և իր տեսածի բացառիկ գործողությունը փոխանցում է մտքին, որտեղ կատարվում է վերլուծություն: Կրթության մեջ չափազանց վտանգավոր է զարգացնել միայն բանականությունն ու միտքը՝ անուշադրության մատնելով սիրտը: Կյանքի այս աղբյուրը՝ սիրտը, անհրաժեշտ է մաքրել և նրանում միշտ վառ պահել կյանքի հուրը, որպեսզի այն այրվի ու չհանգչի՝ ուղղություն տալով մտքին, ցանկություններին և ձգտումներին»:

Երանելին ծնողներին և դաստիարակներին հորդորում է տեղի չտալ երեխաների քմահաճություններին, հակառակ դեպքում նրանք կմոռանան իրենց սիրո արժեքը, նրանց սիրտը կվարակվի չարությամբ և վաղ կկորցնեն սուրբ, անկեղծ և ջերմ սերը, իսկ չափահասության տարիքում կտրտնջան, որ մանկության տարիքում շատ են իրենց փայփայել և քմահաճությունները կատարել. «Քմահաճությունը սրտի այլասերման սաղմն է, սրտի ժանգն է և չարության սերմը: Մի՛ թողեք ձեր երեխաներին առանց ուշադրության, արմատախիլ արեք նրանց սրտից մեղքերի որոմները, պիղծ, խորամանկ և հայհոյալից մտքերը, մեղսալից սովորությունները, հակումներն ու կրքերը, քանի որ բոլոր մեղքերի սերմերը կան նաև երեխաների սրտում: Երեխաներին ներկայացրեք բոլոր մեղքերի վտանգները, մի՛ թաքցրեք նրանցից մեղքերը, որպեսզի նրանք անգիտության պատճառով չամրանան մեղսալից ունակությունների և կրքերի մեջ, որ աճում են և պտուղ բերում արդեն չափահասության տարիքում»:     

Ասում են, որ մարդն ազատ է և չի կարելի նրան հարկադրել ո՛չ հավատի և ո՛չ ուսման մեջ: Երանելի Հովհան Կրոնշտադտացին այս կարծիքը համարում է դիվային. «Եթե մարդուն չհարկադրեն բարուն, այլ ապրի այնպես, ինչպես կարգադրում է իր ախտավոր սիրտը, հպարտ, կույր և անհեռատես բանականությունը, ապա ինչպիսին կլինի մարդը: Ասա՛ ինձ, ինչ վիճակում կհայտնվի մարդ, եթե իրեն չստիպի որևէ բանի, չեմ ասում բարուն, այլ անհրաժեշտին և օգտակարին: Հասարակությունը բարոյազրկվել է քրիստոնեական դաստիարակության պակասից: Ժամանակն է, որ քրիստոնյան իմանա, թե ինչ է ցանկանում Տերն իրենից. «Երանի սրտով մաքուրներին»,- ասում է Քրիստոս (Մատթ. 5:8)»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

26.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․