Երկու մարդ անցնում էին լեռներով և մի այնպիսի վայր հասան, որտեղ ժայռերը մարդկանց, տարբեր կենդանիների ու տարօրինակ, ֆանտաստիկ արարածների պատկերներ էին հիշեցնում:
- Նայի՛ր,- բացականչեց ճամփորդներից մեկը,- այնտեղ կնոջ գլուխ է:
Մյուսը նայեց ու պատասխանեց.
- Ո՜չ, ծերունու գլուխ է:
Նրանք սկսեցին վիճել՝ փորձելով յուրաքանչյուրն իր իրավացիությունն ապացուցել: Հանկարծ տեղերով փոխվելու միտք հղացավ նրանց գլխում:
- Իսկապես որ,- բացականչեցին միասին,- մի տեղից կնոջ գլուխ է թվում, իսկ մյուսից՝ ծերունու:
Չնայած երկու դեպքում էլ այդ պատկերները լոկ ժայռեր էին:
«… պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը որոշելու մեջ» (Եբր. 5:14)։
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի