Ջրաղացպանը

Կար-չկար մի ագահ ջրաղացպան կար: Նրա փոքր ջրաղացը մի փոքրիկ գետի ափին էր: Անտառի եզրին ջրաղացպանը գետը պատնեշեց մի մեծ ամբարտակով: Ամբարտակի ետևում այնքան ջուր էր հավաքվում, որ մի ողջ լիճ էր դառնում: Հատուկ խողովակով ջուրը մեծ բարձրությունից հոսում էր ջրաղացի անիվին ու շարժման մեջ էր դնում այն: Նա ամեն օր մեծ քանակությամբ ցորեն էր աղում իր ջրաղացում:

Մի անգամ նա մի փոքր ճաք տեսավ ամբարտակի պատին: Մարդիկ խորհուրդ տվեցին անմիջապես վերանորոգել այն, որպեսզի որևէ դժբախտ դեպք չպատահի: Սակայն ագահ ջրաղացպանն ասաց, որ այդ մանրուքի մասին չարժե նույնիսկ խոսել և որ ճաքի միջով անցնող այդ մի քանի կաթիլը չեն կարող ամբարտակին վնասել: Իրականում, նա ուղղակի չէր ուզում ժամանակ ու գումար վատնել վերանորոգման վրա: Երեկոյան ճաքը մեծացավ: Աշխատողներն այդ մասին հայտնեցին ջրաղացպանին ու խնդրեցին փակել այն, սակայն ագահությունը մթագնել էր նրա առողջ բանականությունը:

- Այսօր արդեն ուշ է,- ասաց նա,- սպասենք մինչև վաղը:

Կեսգիշերին ջրաղացպանն արթնացավ ուժեղ աղմուկից: Վեր թռավ անկողնուց, աստիճաններով ցած վազեց ու տեսավ, որ ամբարտակը ճեղքվել է ու ջրով են լցվել իր համարյա բոլոր դաշտերը: Մի փոքր պատճառ, իսկ ինչ մեծ հետևանքներ…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

02.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․