Երկու ընկեր նավակով ճանապարհորդում էին լեռնային արագահոս գետի վրայով: Ճանապարհին մի կղզյակ տեսան՝ ավազե ափով ու հարթ մարգագետնով: «Հանգստանալու և ձկնորսության համար հրաշալի վայր է»,- որոշեցին ընկերները: Նավակը թփերից կապեցին, մարգագետնում վրան խփեցին, ձուկ որսացին, մի քիչ նստեցին խարույկի մոտ ու պառկեցին քնելու:
Գիշերվա կեսին ամպրոպի ձայն լսվեց, սուլեց սրընթաց քամին և տեղատարափ անձրև սկսեց: Առավոտյան անձրևը դադարեց և ճանապարհորդներն արթնացան գետի շառաչից: Վրանից դուրս նայեցին ու տեսան, որ տեղատարափ անձրևներից հեղեղվել է լեռնային գետը, քշել-տարել է իրենց նավակն ու ջուրն արդեն բոլորովին մոտ է իրենց:
- Պետք է շուտափույթ հեռանալ այստեղից,- տագանապած ասաց ընկերներից մեկը:
- Ինչպե՞ս,- շփոթված հարցրեց մյուսը:
- Միայն լողալով: Վազեցինք,- շտապեցրեց նրան ընկերը:
- Ո՛չ, ո՛չ, իսկ քնապարկե՞րը, մթերքնե՞րը, մեր իրե՞րը, վրա՞նը, փաստաթղթերը, վերջապես:
- Միայն փաստաթղթերը գրպանդ դիր ու վերջ,- ասաց ընկերն ու վրանից դուրս վազելով՝ պատրաստվեց ալեկոծ ջուրը մտնել, իսկ մյուս ընկերը դեռ այս ու այն կողմ էր վազվզում վրանում:
Շուտով նա էլ դուրս եկավ վրանից՝ ուսապարկով ու ծանր կոշիկները հագին:
- Գժվե՞լ ես,- ապշեց մյուս ընկերը,- մի կողմ նետիր դրանք, այլապես չես փրկվի:
Ընկերը մեծ դժկամությամբ հետևեց նրա խորհրդին և առանց իրերի՝ ջուրը նետվեցին: Մեծ դժվարությամբ, հոսանքի կողմից այս ու այն կողմ նետվելով, մի կերպ ափ դուրս եկան: Ետ նայելով՝ ջրի վրա լողացող իրենց իրերն ու վրանը տեսան: Նրանց կղզյակն այլևս չէր երևում:
«Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում…» (Մտթ. 6:19):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի