25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր հարցրեց հայր Պալատիոնին և ասաց. «Ի՞նչ անեմ, ասա՛, հա՛յր, քանզի արդեն երեք տարի է՝ երկուական օրով պահեցողություն եմ անում և չեմ կարողանում ազատվել պոռնկության դևից»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, երբ Տերը Եսայի մարգարեին ուղարկում էր Իսրայելի ժողովրդի մոտ, նրան ասաց. «Գոչի՛ր ողջ զորությամբ և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ և պատմի՛ր ժողովրդին իր՝ Հակոբի տան մեղքերն ու անօրենությունները … որովհետև ինձ են փնտրում և կամենում են մերձենալ ինձ և ասել. «Մենք ծոմ պահեցինք, բայց դու չիմացար, խոնարհեցրինք մեր անձերը, բայց դու չնայեցիր մեզ» (Եսայի ԺԸ 1-3): Սրանց պատասխան տվեց և ասաց. «Ձեր պահեցողության օրերին ձեր չար կամքն էիք կատարում, վշտացնում էիք նրանց, ովքեր ձեր ձեռքի տակ էին, դատաստանների ու կռիվների մեջ էիք պահում»: Եվ Տիրոջից այս լսեցին. «Ես ինձ համար այդպիսի պահեցողություն չընտրեցի,– ասում է Տերը,– եթե քո պարանոցը կորացնես երկաթի լծօղակի նման և քուրձերով նստես մոխիրների վրա, այդ ևս պահեցողություն չեմ համարի» (Եսայի ԺԸ 5): Ուրեմն, որդյա՛կ, երբ դու պահեցողություն ես անում, ինչպե՞ս ես ապրում կամ ի՞նչ ես անում»: Եղբայրն ասաց. «Ես առավոտյան արմավաճյուղեր եմ գործում և բերանացի սաղմոսում, ապա ժամը երեքին և վեցին վեր եմ կենում և աղոթում, մի փոքր ննջում, հետո դուրս եմ ելնում և մի քիչ շրջում, ապա դարձյալ ներս մտնելով` նստում եմ ու շարունակում ձեռագործս` մինչև որ երեք մախաղ ավարտեմ: Հետո՝ ժամը իննին և երեկոյան, աղոթում եմ, հարյուր անգամ ծունր եմ իջնում, մի փոքր ննջում, վեր կենալով՝ ողջ գիշեր՝ մինչև առավոտ, աղոթում եմ: Երկրորդ օրը` ժամը իննին, մի փոքր եփած կերակուր եմ ուտում` մինչև հաջորդ լուսաբաց»: Ծերը նրան ասաց. «Դա կատարյալ պահք չէ, քանզի եթե քեզ պահես կերակուրներից, իսկ մեղքերից` ոչ, և կամ ինչոր մեկին չար բան ասես, դատես կամ չարախոսես, ախորժես՝ որևէ մեկին չար բան անել և կամ խորհես ախտաժետ, զազիր և պիղծ գործերի մասին, ապա քեզ համար ավելի լավ է՝ օրը հինգ անգամ կերակրվել և զգուշանալ սրանցից, որ թվեցի, քան թե քաղցած լինել հացից և հագենալ այդպիսի զազրելի մեղքերով ու չարիքներով, որովհետև ի՞նչ շահ, եթե կերակուրներից զրկվես, սակայն լի լինես ամեն տեսակ ախտերով: Ըստ հայրերի՝ ճշմարիտ պահքը ամեն տեսակ մեղքերի դադարեցումն է: Իսկ դու չգիտե՞ս, որով սրտով ու մտքով ցանկություններն է կատարում, թեկուզ հացաքաղց և ցամաքած էլ լինի, նա մեղքով հագեցած է և արբած: Սակայն եթե դու կամենում ես Աստծուն հաճելի պահք պահել, նախ ա՛յս պահիր. թո՛ղ երբեք քո բերանից տգեղ խոսք դուրս չգա, հրաժարվի՛ր ըկերոջդ դատելուց և ամեն տեսակ չարախոսությունից, ամեն տեսակ դատարկաբանություն լսելուց, որքան կարող ես` սրբի՛ր քո սիրտն ու միտքը, մաքրի՛ր քեզ բոլոր գարշելի ու աղտեղի խորհուրդներից, որոնք հոգին ու մարմինը պղծողներն են, ինչպես նաև՝ ամեն տեսակ ոխակալությունից ու ագահությունից: Եվ որ օրը պահես, հացն ու ջուրը թո՛ղ քեզ բավական լինեն, իսկ որ օրը չուտես, հաշվի՛ր այդ օրվա կամ օրերի ուտելիքի ծախսը և այն տո՛ւր տառապած եղբորն ու բաժանի՛ր աղքատներին, որպեսզի նրանք էլ աղոթեն քեզ համար: Թառամեցրո՛ւ մարմինդ տքնությամբ, ծնրադրությամբ, աշխատանքով և մահվան հիշողությամբ, իսկ երբ ննջես, նստա՛ծ ննջիր, այն էլ` մի փոքր: Մախաղի գործը թո՛ղ և զամբյո՛ւղ հյուսիր, և հիշի՛ր, որ եթե երիտասարդությունը չվարժեցվի մեծամեծ վշտերով, նեղություններով, պահքերով, ճգնությամբ, տքնությամբ ու գետնախշտությամբ, չի կարողանա դևերից ազատվել: Սրա համար էլ մեր երանելի հայրերը երիտասարդներին սենյակներ չէին կանչում և ոչ էլ թույլ էին տալիս առանձնախցերում բնակվել, այլ կարգադրում էին եղբայրների միաբանությունում կենալ, համբերել և վարժվել: Փափուկ հագուստներ չէին հագցնում, այլ՝ հին, կարկատված և խարազն, և ճգնավոր ծերի էին հանձնում և խիստ զգուշացնում, քանզի պարապությունն ու մարմնի հանգիստը, երկու անգամ ուտելն ու քունը և նմանատիպ բաները ոչ միայն պոռնկության դևերին են մեզ վրա գրոհել տալիս, այլև ձանձրույթ, ամբարտավանություն և այլ բազում չարիքներ են արմատավորում մեր մեջ, և թո՛ղ այդ ամենից մեզ Տերը փրկի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016