25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ սուրբ խորհուրդ էր մատուցվում հայր Անտոնի լեռանը, և այնտեղ մի փոքրիկ ամանով գինի կար: Ծերերից մեկն այդ գինուց մի բաժակ լցրեց և տվեց հայր Սիսոյին, և նա ըմպեց: Մի բաժակ ևս լցրեց, և հայր Սիսոն այդ էլ ըմպեց: Երբ կամենում էր երրորդ անգամ լցնել, ծերը նրան ասաց. «Դադա՛ր տուր, եղբա՛յր, չգիտե՞ս, որ դևերը կենդանի են»: Եղբայրը նրան հարցրեց սուրբ կենցաղավարության մասին: Ծերը նրան ասաց. «Դանիելը գրել է. «Իմ սրտին ցանկալի կերակուրները չկերա» (Դան. Ժ 3): Եղբայրը հայր Սիսոյին հարցրեց. «Եթե մենք ճանապարհ գնանք, և մեր առաջնորդը մոլորվի, պե՞տք է, որ մենք նրան զգացնել տանք»: Ծերը նրան ասաց. «Ո՛չ, քա՛վ լիցի»: Եղբայրն ասաց. «Ուրեմն թողնենք, որ նա մեզ խոտորի՞ ճանապարհից»: Ծերն ասաց. «Իսկ ի՞նչ է, կամենում եք նրան բրածե՞ծ անել: Ասեմ քեզ, որդյա՛կ, տեսա ես եղբայրների, որ ճանապարհ էին գնում, և նրանց առաջնորդը, գիշերով մոլորվելով, շեղվեց ուղուց: Նրանք տասներկու հոգի էին, և բոլորն էլ գիտեին, որ սխալ են գնում, սակայն նրանցից յուրաքանչյուրը ճգնում էր առանձին, որպեսզի չասի և չհանդիմանի: Երբ այսպես եղավ, առաջնորդը հասկացավ, որ մոլորվել է ուղուց, և նրանց ասաց. «Թողությո՛ւն տվեք ինձ, եղբայրնե՛ր, որովհետև շեղվել ենք»: Այնժամ բոլորն ասացին. «Մենք նույնպես գիտեինք, սակայն լռեցինք և չասացինք»: Իսկ առաջնորդը, երբ լսեց այս, հույժ զարմացավ և ասաց. «Օ ՜հ, իմ այս եղբայրները մինչև մահ կճգնեին՝ լռություն պահելու համար»: Եվ գոհանում էր Աստծուց նրանց համբերության համար: Նրանց շեղված ճանապարհը կազմում էր շուրջ տասներկու մղոն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016