Կանանց քահանայագործելու խնդիրը

Ինչո՞ւ առաքելահաստատ եւ աւանդական եկեղեցիներում կանայք չեն կարող ստանալ քահանայութեան աստիճան: Ֆէմինիստական շարժումները վերջին ժամանակներում քրիստոնէական եկեղեցուն առաջադրում են կանանց քահանայագործութեան խնդիրը: Հայ եկեղեցին միշտ ժխտական պատասխան է տուել այս հարցին, մինչդեռ Անգլիկան եկեղեցին, բողոքական եւ այլ կրօնական հաստատութիւններ կանանց թոյլատրում են ձեռնադրուել: Հայ եկեղեցու համար ընդհանրապէս խորթ է կանանց քահանայագործելու հասկացողութիւնը: Եկեղեցու այս գաղափարի մերժման հիմքում կանանց իրաւունքները ոտնահարող որեւէ միտում կամ ստորադասում չկայ: Այս հարցն ունի աստուածաբանական լուծում, որն առընչւում է քահանայութեան դերի ու կոչման ճիշդ ընկալման եւ գիտակցման հետ:

Ֆէմինիստները, նշելով հետեւեալ նախադասութիւնը՝ «Քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ», ասում են, թէ սա արական սեռի տիրելու անիրաւ գերիշխանութիւն է: Ասում են, թէ տղամարդ աստուածաբանները սա աւելացրին՝ յետագայում հաստատելու տղամարդու տիրապետութիւնը: Բայց «իշխի քեզ վրայ» ասուածը երբէք չի նշանակում կնոջը ցածրացնել կամ ստորադասել, այլ՝ սիրել, հոգալ, խնամել ու պաշտպանել: Քահանան Աստծու Որդու՝ Յիսուս Քրիստոսի խորհրդանշական պատկերն է («իկոնա»), որը եւ չի կարող ունենալ հակառակ սեռի ներկայացուցիչը: Սա չի նշանակում, թէ կնոջ դերը եկեղեցում սահմանափակ է եւ երկրորդական: Սա կանանց «համարժէքութեան» կամ «ազատագրութեան» խնդիր չէ: Ընդունելի չէ ենթադրել, թէ եկեղեցին հերքում է ու չի գնահատում կանանց դերի կարեւորութիւնը քրիստոնէական դաստիարակչութեան ու հաւատի տարածման հարցում: Կանայք միշտ կրել ու կրում են աւետարանելու բարեգործութիւնը, նահատակութիւնը, աղօթքն ու բարերարութիւնը: Եկեղեցին կանանց չի պարտադրում քահանայագործութեան ծանր խաչակրութեան լուծը: Այստեղ ոչ այնքան իրաւունքների խախտման հարցն է, որքան կանանց մասին խնամքն ու հոգատարութիւնը: Հետեւաբար, տղամարդու քահանայ լինելը երբէք չի նշանակում խտրականութիւն կամ ստորադասում մտցնել: Քահանայութիւնն Աստծու սահմանած նուիրաբաշխումն է: Աստուած կնոջն օժդել է մէկ այլ մեծագոյն շնորհով՝ մայրութեամբ։ Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանն իր «Աստուածաշունչը եւ գենդերային հաւասարութիւնը» յօդուածում նշում է. «Այսօր կանայք փորձում են յաղթահարել նոյնիսկ բնական անհաւասարութիւնը, որը, սակայն, անհնարին է: Յաճախ հարց է ծագում, թէ ինչո՛ւ քահանայութիւնը կանանց չի տրւում: Ես պատասխանում եմ հետեւեալ կերպ. «Ինչո՞ւ մայրութիւնը չի տրւում տղամարդկանց»։ Երբ կարդում ենք Աստուածաշունչը, պարզ երեւում է, թէ մայրութիւնը քահանայութեանը չի զիջում ոչ մի բանով. մայրութիւնը նոյնիսկ աւելին է, քան քահանայութիւնը: Սա նշանակում է, որ եթէ հաւատում ենք Աստուածային Նախախնամութեանը, ապա տեսնում ենք, թէ երկու բարձրութիւն կայ մարդկութեանը տրուած՝ քահանայութիւնը եւ մայրութիւնը: Մէկը վերապահուած է տղամարդկանց, իսկ միւսը կանանց, որպէսզի այս երկու բարձրութեամբ երկու անհաւասարները հաւասար դառնան: Ինչո՞ւ քահանայութիւնը վերապահուած է լոկ տղամարդկանց: Սա չափազանց խոր աստուածաբանական նշանակութիւն ունի, որովհետեւ տղամարդը ստեղծուեց Աստծու անմիջական միջամտութեամբ, իսկ կինը ստեղծուեց այր մարդուց: Աստուածադիր քահանայութիւնը երկնային հաստատութիւն է, որտեղ եւ կարգեր կան: Այն տղամարդուն է վերապահուած, ու սա Աստծու ծրագիրն է, եւ պէտք չէ այստեղ անհաւասարութիւն որոնել ու սրա դէմ ըմբոստանալ, թէ ինչո՛ւ երկուսին էլ միաժամանակ ու հաւասար պայմաններում չստեղծեց: Հին Կտակարանում ոչ մի տեղ չի ասւում, թէ ինչո՛ւ է քահանայութիւնն արգելուել կնոջը, քանի որ սա չափազանց բնական է համարւում: Ամէն ամուսին իր ընտանիքում քահանայ էր: Եթէ կինն ամուսնական կեանքում ենթարկւում է ամուսնուն ու գտնւում նրա հոգածութեան ներքոյ, ուրեմն քահանան էլ կարող է դիտուել որպէս տէր. ուստի տէր լինելու շնորհը տրուած է տղամարդուն: Բնական անհաւասարութիւն է սա: Անզէն աչքով նայելիս էլ նկատւում է, թէ կինն ու տղամարդը տարբերւում են իրարից. եթէ կայ տարբերութիւն, ուրեմն չեն կարող ամէն ինչով հաւասար լինել… Ամուսինը պէտք է ղեկավարի, եւ կինը պէտք է հնազանդուի, որ ստորացնել չի նշանակում: Լիարժէք մարդը տղամարդու ու կնոջ միութեամբ է»[1]:

Ահարոնեան աստուածադիր քահանայութիւնն իբրեւ նախատիպ սահմանուեց Մովսէս մարգարէի շնորհիւ եւ իր լրմանը հասաւ Քրիստոսով՝ ըստ Մելքիսեդեքի կարգի քահանութեան: Քահանայ կարող էր ընտրել միայն արական սեռի ներկայացուցիչը՝ յատուկ ցեղից: Նոր Ուխտում եւս այդ նախատիպն հաստատուեց առաքեալների ու նրանց կարգած պաշտօնեաների յաջորդականութեամբ. ըստ որում՝ Քրիստոս՝ Եկեղեցու գլուխն ու Նոր Ուխտի Միջնորդը, Աստծու ու մարդկանց միջեւ լինելով իսկական Քահանայապետն ու հաշտեցուցիչը, իր Եկեղեցու հաստատութեան ու սպասաւորութեան համար ընտրեց առաքեալներ: Քրիստոս հաստատեց Ձեռնադրութեան սուրբ կարգը եւ Ձեռնադրութեան իրաւունքն ու խորհրդաւոր քահանայութեան շնորհը պարգեւեց Իր առաքեալներին ու նրանց իրաւայաջորդներին: Այժմ ոչ թէ միմիայն Ահարոնեան ցեղն է սպասաւորում Աստծու փրկագործութեան սուրբ Խորհրդին, այլ նաեւ, իսկական Քահանայապետը՝ Քրիստոս, որ Եկեղեցու խորհուրդները Կատարողն է՝ «ըստ Մելքիսեդեկի կարգի», որ թէ՛ պատարագում է ու թէ՛ պատարագւում (Եբր. 5, 1-10)։ Այժմ արական սեռի ամէն մի ճշմարիտ հաւատացող, նուիրուելով Նրան ու Նրա՝ առաքելական յաջորդոկանութեամբ Ձեռնադրութեան շնորհն ընդունելով,  կարող է լինել Աստծու այդ սուրբ Ուխտի սպասաւորը: Այժմ ոչ թէ միմիայն մի ընտրեալ ցեղի է վերապահւում Աստծու քահանայական պաշտօնը, ինչպէս էր Հին Ուխտում Ղեւիի ցեղին, այլ արական սեռի իւրաքանչիւր հաւատացեալ եւս կարող է, կոչումն զգալով, մտնել յատուկ սպասաւորութեան գործի մէջ (Ա. Պետ. 2, 10): Ուստի, եկեղեցու բնօրինակ գիտակցութիւնը բացառում է կանանց մասնակցութիւնը՝ համաձայն Տիրոջ օրինակի, Առաքելական աւանդոյթի, եկեղեցու փորձառութեան, նուիրապետական գործելակերպի ու մասնաւորապէս, համաձայն Պօղոս առաքեալի՝ տղամարդկանց ու կանանց միջեւ փոխյարաբերութիւնների ուսմունքի՝ քրիստոնէական այս նոր իրականութեան լոյսի ներքոյ (Գաղ. 3, 27-29): Տղամարդկանց ու կանանց միջեւ սեռային տարբերակումը՝ խորհրդաւոր քահանայութեան վերաբերեալ, գալիս է Քրիստոսի փրկութեան ծրագրի՝ «Ադամ-Քրիստոս» եւ «Եւա-Մարիամ» տիպաբանական կապի աւելի խորը հասկացողութիւններից: Ուղղափառ աւանդութեան մէջ քահանայութիւնը երբէք եւ ոչ մի դէպքում չի համարուել որպէս եկեղեցում կանանց դերի նսեմացում: Կանանց յատուկ դերն արտայայտւում է Եւայի ու Մարիամի տիպաբանական համանմանութեամբ ու կանանց իւրայատուկ վերաբերմունքով Սուրբ Հոգու յատուկ ներգործութեան ամբողջ փրկութեան ծրագրում: Ադամի ու Քրիստոսի տիպաբանական յարաբերութիւնը, որտեղ Ադամը նախատիպն է Քրիստոսի, իսկ Քրիստոս՝ որպէս Նոր Ադամ՝ հին Ադամի պատկերը, որ ներկայացնում է մարդկային ցեղը, ամբողջ հայրաբանական աստուածաբանութեան եւ եկեղեցական կեանքի հիմքն է: Այս առումով, այս տիպաբանութիւնը նաեւ սահմանում է կանանց ծառայութեան յատուկ բովանդակութիւնը Նոր Ադամի գլխաւորութեամբ՝ համայն մարդկային ցեղը միաւորել փրկութեան իրականացման գործում: Կանանց յատուկ ծառայութեան ու փրկութեան իրականացման գործում կենտրոնական անձը Մարիամ Աստուածածինն է, որի միջոցով մարմնաւորւում է Աստծու Բանը: Մարիամից Եւա վերադարձի այս տիպաբանական կապն անհրաժեշտ էր՝ լուծելու Եւայի պատուիրանազանցութեան խնդիրը եւ Աստուածորդու մարմնաւորումը Մարիամ Աստուածածնից Սուրբ Հոգով: «Այն ժամանակ, երբ Եւան, պատուիրանը խախտելով, դարձաւ իր եւ ամբողջ մարդկութեան մահուան պատճառը, սբ. Կոյս Մարիամն իր հնազանդութեամբ դարձաւ իր եւ ամբողջ մարդկութեան փրկութեան պատճառը»[2]:  Աստուածամայրը ներկայանում է որպէս Եկեղեցու պատկերը: Եկեղեցին, ինչպէս եւ Աստուածածինը, ընդունում է Սուրբ Հոգին, Որի ներգործութեամբ ծնւում է Քրիստոս, ինչպէս նաեւ Քրիստոսով՝ նոր մարդկութիւնը: Այսպիսով, հայրաբանական աւանդոյթը ցոյց է տալիս Աստուածածնի եւ եկեղեցու մայրութեան միջեւ տիպաբանական կապը: «Այդ տիպաբանական կապը՝ Աստուածածնի օրինակով, հիմնաւորում է եկեղեցու ամբողջ գիտակցական բովանդակութիւնը՝ քրիստոսակենտրոն խորհրդաւոր քահանայութեան՝ կանանց նախաձեռնութեան անհնարինութիւնը»[3]: Բայց երբ այս եկեղեցական գիտակցութիւնը փոխւում է, այն ժամանակ առաջանում են լուրջ խնդիրներ: Այսպիսով, ըստ Եկեղեցու սրբազան Աւանդութեան՝ կանանց ձեռնադրութեան արգելքներն են, նախ՝ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի օրինակը, Ով ոչ մի կին չընտրեց Իր առաքեալների շարքերում, երկրորդ՝ սբ. Կոյս Մարիամի օրինակը, ով եկեղեցում չէր զբաղւում քահանայագործութեամբ, թէեւ արժանացել էր մարմնացած Աստուածորդու մայրը դառնալու պատուին, երրորդ՝ Առաքելական աւանդութիւնը, որի համաձայն առաքեալները եւ իրենց յաջորդները, հետեւելով Տիրոջ օրինակին, երբէք կանանց չեն ձեռնադրել քահանայագործելու համար, չորրորդ՝ Պօղոս առաքեալի ուսմունքի որոշ դրոյթները՝ եկեղեցում կանանց դերի վերաբերեալ, հինգերորդ՝ համանմանութեան չափանիշները. եթէ թոյլատրուէր կանանց քահանայագործումը, ապա այդ ծառայութիւնը հիմնականում պէտք է իրականացնէր Աստուածածինը: Հետեւաբար, կինը կրում է մայրական ծառայութիւնը եւ չի կարող կրել հայրական ծառայութիւն: Չի կարելի այս երկու հասկացողութիւնները շփոթել ու փոխարինել: Բայց կանանց քահանայագործութեան ջատագովներ ասում են, թէ հրէական միջաւայրում կինը շատ ճնշուած կարգավիճակում էր, եւ սա է պատճառը, որ Քրիստոս ընտրեց տղամարդկանց: Բայց ընդհակառակն՝ Քրիստոս վերացնում է հին Օրէնքի սահմանափակումները կնոջ նկատմամբ: Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի ժամանակ կանայք Տիրոջ ամենանախանձախնդիր հետեւորդներն էին (Ղուկ. 8, 2-3): Նրանք ընդունում էին Քրիստոսին իրենց տներում, ամբողջ սրտով հաւատքով ընկալում էին Նրա Աստուածային Խօսքը, Նրան հետեւում էին Գալիլիայից մինչեւ Գողգոթա՝ Աստծու Որդուն մենակ չթողնելով ո՛չ չարչարանքների, ո՛չ էլ մահուան ժամանակ (Մատթ. 27, 55): Պատահական չէ, որ Յարութեան մասին առաջին քարոզչութիւնը Փրկիչը տալիս է Մարիամ  Մագդաղենացուն, այլ ոչ թէ առաքեալներին (Յովհ. 20, 17-18): Քրիստոս վերացրեց կնոջ նկատմամբ եղած հին Օրէնքի աւանդական սահմանափակումները: Նա յատուկ ուշադրութեան է արժանացնում կանանց (Ղուկ. 8, 38-40: Յովհ. 4, 6-27, Մարկ. 1, 29): Յիսուս ներում եւ պաշտպանում է օրէնքով դատապարտելի շնացող կնոջը (Յովհ. 8, 3-11) ու սրանով ցոյց է տալիս նաեւ, որ այս հարցում կնոջ պատիժն աւելի խիստ պէտք չէ լինի, քան տղամարդունը: Տէրը նոյնպէս վերացնում է տղամարդու` կամայականօրէն կնոջն արձակելու օրէնքն ու հաստատում է հաւասար իրաւունքներ նրանց միջեւ (Մատթ. 19, 3-9: Մարկ. 10, 2-11): Յիսուս յարութիւնից յետոյ նախ կանանց է երեւում, իսկ Նրա յարութեան լուրը հրեշտակները կանանց են յանձնարարում հաղորդել առաքեալներին (Մատթ. 28, 7-10): Հետեւաբար, Յիսուս երբէք չէր կարող զանց առնել այնպիսի կարեւոր հանգամանք, ինչպիսին քահանայութիւնն է:

Եկեղեցու վարդապետներից մէկն ասում էր, թէ կինը, յանդգնելով քահանայ լինել, այդ կերպ միայն բացէիբաց ցոյց է տալիս իր անհնազանդութիւնը աստուածաշնչեան վարդապետութեանը: Քրիստոսի քահանայական իշխանութիւնն իր շարունակական ընթացքն ունեցաւ առաքեալների միջոցով: Յիսուս ոչ մի կնոջ չի ընտրել առաքեալ: Բոլոր առաքեալները տղամարդիկ էին, քանի որ քահանայութեան ծառայութեան բոլոր չափանիշները վերաբերում են միայն տղամարդկանց: Պօղոս առաքեալն ասում է, թէ հոգեւորականը կարող է լինել միայն «մէ՛կ կնոջ մարդ», որն «իր իսկ տանը լաւ վերակացու լինի» (Ա. Տիմ. 3, 2-4: Տիտ. 1, 6): Հետաքրքրական է սբ. Գրիգոր Տաթեւացու դիրքորոշումը կանանց քահանայութեան գաղափարի վերաբերեալ: Նա համարում է, թէ դա հերձուածողութիւն է ու յանդուգն հայհոյութիւն եկեղեցու կարգերի դէմ: Սբ. Գրիգոր Տաթեւացին մերժում է կանանց կողմից կատարուող խորհրդակատարումները, նոյնիսկ ծայրայեղ կարիքի պարագային՝ ասելով. «Հերձուածող ազգից ոմանք ասում են, թէ թէպէտ մկրտութիւնը քահանայի գործն է, բայց ժամանակի պահանջի համաձայն, եթէ քահանայ չկայ, մկրտութեան կարգը իմացող որեւէ մէկը կարող է մկրտել: Եւ եթէ այր մարդ չկայ, ու հիւանդ տղան մահամերձ է, կինը կարող է մկրտել, եթէ գիտէ մկրտութեան կարգն այնպէս, ինչպէս Քրիստոս սովորեցրեց «յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ». ցանում է ջուրը եւ ասում՝ «մկրտուած լինի»: Եւ սա մեծ հերձուած է ու յանդուգն հայհոյութիւն Եկեղեցու կարգերի դէմ»[4]: Այնուհետեւ, սբ. Գրիգոր Տաթեւացին թուարկում է այդ հերձուածի դէմ լինելու իր բոլոր պատճառները. «Նախ եւ առաջ՝ որովհետեւ այդպիսի չար աղանդ գոյութիւն չունի քրիստոնէական այլ եկեղեցիներում: Երկրորդ՝ որովհետեւ այս խորհրդի նշանը մարդկային արարածներից նախ Ադամին տուեց Աստուած, այլ ոչ թէ կնոջը, երբ Ադամի դիմաց դրեց կենդանիներին, որպէսզի նրանց անուն դնի: Երրորդ՝ որովհետեւ եթէ հնարաւոր էր, որ կնոջ ձեռքը տրուած լինէր շնորհը, ապա ինչո՞ւ Յորդանան գետում Աստուածածին կոյս Մարիամը ներկայ չէր իր զաւակի մկրտութեանը: Չորրորդ՝ որովհետեւ եթէ Փիլիպպոս առաքեալին հնարաւոր լինէր մկրտել, որը եօթը սարկաւագներից մէկն էր, Հոգին չիջաւ իր վրայ, մինչեւ որ տարուեց Ազովտոս։ Եւ յետոյ Հոգին նրանից իջաւ մկրտուողի վրայ, ապա ինչո՞ւ կնոջ ձեռքով պիտի տրուեր Հոգու շնորհները՝ ջրով մաքրուելու համար: Հինգերորդ՝ որովհետեւ եթէ կնոջը հնարաւոր էր հարկ եղած դէպքում քահանայի պաշտօն վարել, ինչո՞ւ կոյս Նունէն չկարողացաւ մկրտել որեւէ վրացու, երբ վրացիներին դարձրեց աստուածագիտութեան, այլ նրանց ուղարկեց սբ. Գրիգորի Լուսաւորչի մօտ ու խնդրեց քահանաներին՝ մկրտել նրանց: Վեցերորդ՝ որովհետեւ եթէ կինը հարկ եղած դէպքում կարող էր մկրտել, որեւէ կնոջից շատ աւելի պատուական եղող սբ. Գրիգոր Լուսաւորիչն ինչո՞ւ հաւատացեալներից ոչ ոքի չմկրտեց, մինչեւ որ գնաց Կեսարիա՝ ձեռնադրուելու. եւ յետոյ գալով գետում մկրտեց հազարաւորների ու բիւրաւորների: Եօթերորդ՝ որովհետեւ մկրտելը քահանայի գործ է, եւ քահանայութիւնը Աստծու սպասաւորութիւն է: Աստծու այսպիսի սպասաւորութիւնը [նոյնիսկ] կռապաշտները չունէին՝ պատարագի ընթացքում իրենց սնոտի կուռքերին մատուցելու իրենց կանանց միջոցով: Նման պատարագ են մատուցում բոլոր հեթանոսները: Եթէ հեթանոսների համայնքում հարկաւոր էր բարձրագոյն պարկեշտութիւն ցուցաբերել Աստծու նկատմամբ, ապա որքա՜ն աւելի հարկաւոր է նոյնը մեր եկեղեցիներում, որ [ներկայացնում է] ճշմարիտ կարգաւորութիւնն ու սրբութեան օրէնքը: Ութերորդ՝ որովհետեւ եթէ կանանց սեռն արտօնութիւն չունի կենդանիներ մորթելու, որ նշանակում է խտրութիւն դնել մարմնաւոր սրբութիւների միջեւ, ապա ինչպէ՞ս արտօնել կանանց սեռին՝ մերձենալ հոգեւոր սրբութեան կարգ ընդունելու: Իններորդ՝ որովհետեւ մկրտութիւնը քահանայի գործ է. եւ քահանայութիւնն ազատ է, այսինքն՝ որեւէ մէկի հարկադրանքին տակ չի գտնւում: Իսկ կինը ծառայ եւ օգնական է ամուսնուն։ Այս պատճառով ծառան պէտք չէ, որ Տիրոջ գործը անի, ինչպէս որ գրուած է Նիկիական կանոնում, թէ ծառային հրաման չի տրւում դառնալ եկեղեցական ժառանգորդ: Իսկ նա (ծառան) ազատ է Տիրոջ կամքով, ինչպէս Ոնեսիմոսն էր: Իսկ եթէ տղամարդը, որ ծառայում է եկեղեցուն, սուրբ հայրապետներից հրաման չունի եկեղեցական պաշտօն ստանալու, որքան առաւել կանանց համար հերձուած կը լինի, երբ Աստուած նրանց ասում է. «Քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ» (Ծննդ. 3, 16)՝ հրաման չտալով, որ կինը քահանայի պաշտօն առնի, որն ազատ մարդկանց համար է եւ ոչ թէ ծառայի: Տասներորդ՝ որովհետեւ մկրտութիւնը քահանայի գործ է, որ կատարւում է աղօթքով, իսկ կանանց սեռին աղօթելու ընթացքում առաքեալը պատուիրում է գլխին շղարշ դնել հրեշտակների՝ այսինքն քահանաների համար, որոնք Սուրբ Գրքերում կոչւում են հրեշտակներ: Հետեւաբար, որքան ծանր դատապարտութիւն է կանանց համար յանդգնել քահանայական գործ կատարելու: Կան նաեւ այլ բազում վկայութիւններ Սուրբ Գրքերում, որ նման հերձուածները յայտնի են դառնում որպէս սուտ ու կեղծ»[5]:

Հին Ուխտում քահանայապետն Աստծու Յայտնութեան եւ Սրբութիւն Սրբոցի անմիջական պաշտօնեան էր. քահանան ստորադրեալ էր եւ սպասաւորում էր ղեւտացիներին։ Քահանայապետն ու քահանան, որ ըստ Աստծու կամքի՝ պարտադիր տղամարդ էին, բովանդակելով քահանայ բառի իմաստը, իւրաքանչիւրն իր պաշտօնի համեմատ Աստծու ու մարդկանց միջնորդն էր, որ զոհաբերում էր, աղօթում ու քաւում էր մարդկանց մեղքերն Աստծու առաջ, ուսուցանում էր եւ Աստծու կամքը յայտնում ժողովրդին։ Նոր Ուխտում եւս այդ նախատիպն իրագործուեց առաքեալների ու նրանց կարգած պաշտօնեաների յաջորդականութեամբ. ըստ որում՝ Քրիստոս Ինքը, լինելով Աստծու ու մարդկանց միջեւ իսկական Քահանայապետ, Եկեղեցու հաստատութեան ու սպասաւորութեան գործի համար ընտրեց առաքեալներ։

Ուստի, սուրբ Պատարագի ընթացքում քահանան ներկայացնում է Քրիստոսին ու քահանայագործում  Նրա անունով՝ Աստծու ժողովրդի համար: Յիսուս՝ յաւիտենական Քահանայապետը «ըստ  Մելքիսեդեքի կարգի», որ ե՛ւ պատարագում է, ե՛ ւ պատարագւում (տե՛ս Եբր. 5), դեռ առաքեալներից սկսած քահանայական պաշտօնը շնորհում է միայն տղամարդկանց, որոնք, առաքելական յաջորդականութեամբ ընդունելով Ձեռնադրական շնորհը, դառնում են Աստծու սպասաւորներ։ Սա այն անհրաժեշտ միջոցն է, որով առաքեալներն ու հիմա իրենց յաջորդները ընտրեալ ընծայացուներին աւանդում են այն շնորհը, որ պահանջւում է Աստծուն քահանայագործելու համար։ Արդեօ՞ք սրա մէջ որեւէ անարդարութիւն կայ կանանց նկատմամբ: Եթէ խօսքը լինէր աշխարհիկ որեւէ հիմնարկութեան մասին, որտեղ կանանց չեն թոյլատրում զբաղեցնելու բարձր պաշտօն կամ ստանալու բարձր վարձատրուող աշխատանք, որոնք կանայք կարող են իրականացնել, ապա դա իսկապէս անարդար կը լինէր։ Բայց եկեղեցին հիմնովին տարբերւում է աշխարհիկ հասարակութեան հիմնարկութիւնից: Աշխարհում մարդիկ մրցում են տարբեր շահերի ու նպաստների հասանելիութեան համար, օրինակ՝ հեղինակութիւն ձեռք բերելու կամ էլ բարձր վարձատրուող շահաբեր աշխատանք ստանալու համար: Եւ, իհարկէ, առանց սեռային խտրականութեան մարդիկ պէտք է ունենան հաւասար հնարաւորութիւններ՝ հասնելու իրենց ձգտումներին: Բայց եկեղեցում քահանայի պաշտօնն առաւելութիւն չէ, որին հասնում են մարդկային մրցակցային պայքարի շնորհիւ: Քահանայ դառնալը ոչ թէ ձեռքբերում է, այլ զոհաբերութիւն: Քահանայութիւնը հեղինակաւոր պաշտօն չէ, այլ զոհաբերուող ծառայութիւն, որն առաջադրում է խիստ ու լուրջ անձնազոհութիւն:

Քահանան խորհրդանշական ու ծիսական պատկերն է Քրիստոսի: Խորանը Խորհրդաւոր ընթրիքի վերնատունն է: Պատարագը Խորհրդաւոր ընթրիքն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոս Ինքը բաշխեց Իր Մարմինն ու Արիւնը: Բաժակը վերցնելով՝ Յիսուս ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ դա է նոր ուխտի իմ արիւնը» (Մատթ. 26, 28), այլ ոչ թէ սբ. Կոյս Մարիամը վերցրեց բաժակը եւ ասաց. «Խմեցէ՛ք, դա՛ է իմ Որդու արիւնը»: Մենք հաղորդւում ենք Քրիստոսի արեամբ, որ Ինքը Քրիստոս տուեց մեզ: Դա է պատճառը, որ քահանան, հաղորդութիւնը բաշխելով, պէտք է լինի խորհրդանշական պատկերը Քրիստոսի, այլ ոչ թէ՝ Աստուծամայրը: Կինը երբէք չի կարող դառնալ Քրիստոսի խորհրդանշական պատկերը: Այնպէս որ, քահանայութիւնը վերաբերում է միայն արական սեռի ներկայացուցիչներին:

Պօղոս առաքեալն ասում է. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ: Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան: Եւ Ադամը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց» (Ա. Տիմ. 2, 11-14): Աստուած եկեղեցում տղամարդկանց եւ կանանց համար տարբեր դերեր կարգեց: Ու սա հետեւանք է այն բանի, թէ ինչպէ՛ս է մարդկութիւնը ստեղծուել (Ա. Տիմ. 2, 13), եւ ինչպէ՛ս է մեղքն աշխարհ մտել (Ա. Տիմ. 2, 14): Աստուած Պօղոս առաքեալի նամակով սահմանափակում է կանանց ծառայութեան դերը՝ հանդէս գալու որպէս տղամարդկանց հոգեւոր ուսուցիչներ: Սա ինքնին անհնար է դարձնում կանանց քահանայագործումը, քանի որ այն իր մէջ ներառում է քարոզելու, ուսուցանելու եւ տղամարդկանց վրայ հոգեւոր իշխանութեան կամք ունենալու դրսեւորումները: Այս տեսակէտի վերաբերեալ կան բազմաթիւ առարկութիւններ: Առաւել տարածուած է այն յայտարարութիւնը, թէ Պօղոս առաքեալը սահմանափակում է կանանց հոգեւոր ծառայութիւնը, քանի որ առաջին դարում կանայք սովորաբար անուս էին: Բայց կրթութեան կարգավիճակը նշուած չէ վերոյիշեալ հատուածում (Ա. Տիմ. 2, 11-14): Եթէ կրթութիւնը որոշէր ծառայութեան պիտանիութիւնը, ապա Յիսուսի աշակերտների մեծամասնութիւնը բացարձակապէս ոչ պիտանի պիտի լինէին: Երկրորդ յայտնի կարծիքն այն է, թէ Պօղոս առաքեալի խօսքերը կիրառւում են միայն Եփեսոսի եկեղեցու կանանց համար (նշուած նամակն ուղղուած էր Տիմոթէոսին, որ ծառայում էր Եփեսոս քաղաքի եկեղեցում): Եփեսոսը յայտնի էր իր Արտեմիս տաճարով, որտեղ կանայք, երկրպագելով յունական հեթանոսական չաստուածուհուն, ունեցել են ամենաբարձր հեղինակութիւնը: Սակայն Արտեմիսը բնաւ նշուած չէ Տիմոթէոսին ուղղուած նամակում, եւ Պօղոս առաքեալը վերոյիշեալ հատուածում (Ա. Տիմ. 2, 11-12)՝ երբէք չի խօսում Արտեմիսի պաշտամունքի մասին որպէս սահմանափակումների պատճառ: Երրորդ առարկութիւնն այն է, որ ասում են, թէ Պօղոս առաքեալն այստեղ գրում է միայն ամուսինների եւ իրենց կանանց մասին, այլ ոչ թէ տղամարդկանց եւ կանանց մասին ընդհանրապէս: Իսկապէս, յունարէն բառը, որն օգտագործւում է Ա. Տիմ. 2, 11-14-րդ համարներում, կարող է վերաբերուել ամուսիններին եւ իրենց կանանց, բայց հիմնական բառերի իմաստն է տղամարդն ու կինն ընդհանրապէս: Նոյն յունարէն բառերն օգտագործւում են նաեւ Ա. Տիմ. 2, 8-10-րդ համարներում: Մի՞թէ միայն ամուսնացած «տղամարդիկ պէտք է աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքերը բարձրացնեն դէպի վեր՝ առանց բարկութեան եւ երկմտութեան» (Ա. Տիմ. 2, 8): Մի՞թէ միայն ամուսնացած կանայք «համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն… բարի գործերով, ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց» (Ա. Տիմ. 2, 9-10): Իհարկէ, ո՛չ: Ա. Տիմ. 2, 8-10-րդ համարներում յստակ նշւում է ընդհանրապէս տղամարդկանց ու կանանց մասին, այլ ոչ թէ միայն ամուսինների եւ իրենց կանանց մասին: Ոչինչ հատուածի համատեքստում չի նշանակում, թէ Ա. Տիմ. 2, 11-14 հատուածը հասցէագրւում են միայն ամուսիններին եւ իրենց կանանց: Ինչո՞ւ կանայք չեն կարող ուսուցանել եւ իշխանութիւն ունենալ տղամարդկանց վրայ: Պատճառը պարզ է, «որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան: Եւ Ադամը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց» (Ա. Տիմ. 2, 11-14): Աստուած նախ ստեղծեց Ադամին, յետոյ Եւային որպէս «օգնական»: Այս արարչական կարգն ունի համընդհանուր կիրառում ե՛ւ ընտանիքում (Եփես. 5, 22-23), ե՛ւ եկեղեցում: Այն փաստը, որ Եւան էր խաբուել առաջինը, նոյնպէս բացատրութիւն է, թէ ինչու կինը պէտք չէ ծառայի եկեղեցում՝ որպէս հովիւ կամ ունենայ հոգեւոր իշխանութիւն տղամարդկանց վրայ: Հետեւաբար, Աստուած եկեղեցում քահանայագործելու իշխանութիւնը տուեց տղամարդուն: Իսկ կանայք գերակշռում են հիւրընկալութեան, ողորմածութեան, աջակցութեան մէջ եւ այլ հոգեւոր ծառայութիւններում: Եկեղեցում կանայք չեն սահմանափակւում ընդհանրական աղօթքում (Ա. Կորն. 11, 5), այլ վերացւում է միայն տղամարդկանց վրայ նրանց հոգեւոր իշխանութիւնը: Աստուածաշնչում ոչ մի տեղ չի ասւում, թէ կինը չի կարող օգտագործել Սուրբ Հոգու պարգեւներն ու շնորհների զանազանութիւնները (տե՛ս Ա. Կորն. 12-րդ գլ.): Կանայք, ինչպէս տղամարդիկ, կոչուած են ծառայելու ուրիշներին՝ ցոյց տալով Հոգու պտուղները՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն (տե՛ս Գաղ. 5, 22-23), եւ աւետարանել ու վկայել կորած հոգիներին (տե՛ս Գործ. 1, 8: Ա. Պետր. 3, 15): Աստուած պատուիրեց, որ միայն տղամարդիկ քահանայագործեն եկեղեցում: Ու սա ոչ այն պատճառով, որ տղամարդիկ որոշակիօրէն աւելի լաւ ուսուցիչներ են, կամ նրանք պիտի իշխեն կանանց, կամ էլ կանայք պակաս խելացի են: Կանայք կոչուած են ուսուցանելու ու խրատելու դեռատի կանանց (Տիտ. 2, 3-5) եւ երեխաներին, որպէսզի Աստծու խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի: Միայն մէկ բան հասանելի չէ կանանց գործունէութեան համար ուսուցանել տղամարդկանց եւ հոգեւոր իշխանութիւն ունենալ տղամարդկանց վրայ: Սա՛ է վերացնում հնարաւորութիւնը, որպէսզի կինը քահանայ ձեռնադրուի: Սա ոչ մի դէպքում չի նուազեցնում կանանց կարեւոր դերը, այլ աւելի շուտ ուղղորդում է նրանց՝ ծառայելու այն առանձնայատուկ պարգեւներով, որոնք Աստուած տուել է իրենց:

Կանանց քահանայագործելու ջատագովները նշում են Պօղոս առաքեալի խօսքերը, որ ասում է, թէ Քրիստոսով խտրականութիւն «չկայ ո՛չ արուի եւ ո՛չ էգի» (Գաղ. 3, 28): Նոյնպէս ասում են, թէ գրուած է. «Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետր. 2, 9։ Ելք 19, 6։ Յայտ. 5, 10): Պարզաբանենք. նախ, ակնյայտ է, թէ չի կարելի առաքեալի վերոյիշեալ խօսքը հասկանալ որպէս սեռային հաւասարութեան հռչակում այս երկրային կեանքում: Այստեղ ընդգծւում է ոչ թէ սեռային տարբերութիւնների վերացումը, այլ բոլոր քրիստոնեաների առանձնայատուկ ներքին վիճակի տարբերութիւնը արտաքին այլ մարդկանցից: Այնպէս որ, քրիստոնեաներն ունեն նոյն ներքին բարոյական ու կրօնական համակարգը, որը տարբերում է իրենց բոլոր այլ աշխարհիկ մարդկանցից: Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Այս տարբերութիւնն արդէն կասեցւում է ու չեղեալ է դառնում հաւատի միասնութեամբ: Սակայն տարբերութիւնը պահւում է մահկանացուների յարաբերութիւններում, եւ նոյնիսկ առաքեալներն են սովորեցնում, թէ անհրաժեշտ է այս կեանքում հաշուի առնել դա»[6]: Եթէ մենք խօսում ենք մահկանացու մարդկանց հաւասարութեան մասին, ապա հաւասարութիւն գոյութիւն չունի թէկուզ այն պատճառով, որ տղամարդիկ չեն կարող ծննդաբերել: Նրանք երբէք չեն ունենայ «իրաւունք» ծննդաբերելու կամ կրծքով կերակրելու: Իսկ կնոջ համար չկայ «իրաւունք» քահանայագործելու: Տղամարդը չի կարող մայրութիւն անել, իսկ կինը չի կարող հայրութիւն անել: Հաւանաբար, եթէ Արարիչն ուզէր նման գռեհիկ գաղափարի ֆիզիոլոգիական հաւասարութիւնը, ապա տղամարդուն ու կնոջը Նա չէր ստեղծի այդքան տարբեր: Չէ՞ որ կինը՝ որպէս մարդ արարած, իր ծագումնաբանութեամբ, արտաքին տեսքով, մտածելակերպով ու հոգեկան աշխարհով տարբերւում է տղամարդուց, եւ կեանքում նա ձեւաւորուած է բոլորովին այլ դերի համար՝ լինելու կին ու մայր: Նրա յուզական ու հոգեբանական բնութիւնը կատարելապէս ստեղծուել է գլխաւորապէս այդ նպատակին ծառայելու համար ու բոլորովին ստեղծուած չէ գլխաւորելու եւ առաջնորդելու համար:

Երկրորդ՝ քրիստոնէական քահանայութեան երկու ըմբռնում գոյութիւն ունի. «Առաջինը քրիստոնեաների համընդհանուր քահանայական կարգն է, որ տրւում է մկրտութեամբ` փրկութեան եւ յաղթանակած Եկեղեցու անդամ դառնալու համար: Սրանով, իրօք, վերանում են բոլոր տեսակի սեռային, ազգային, տարիքային, դասային եւ այլ տարբերութիւնները, եւ ամէնքը հաւասարւում են փրկութեան շնորհի առջեւ: Երկրորդը պաշտօնակատար կամ սպասարկու քահանայութիւնն է, որով համընդհանուր քահանայութեան միջից ընտրուած անձինք, ձեռնադրութեամբ ստանալով առաքելաւանդ իշխանութիւնը, կոչւում են կատարելու սրբազան խորհուրդներն ու պաշտամունքային ծիսակարգերը եւ դառնալու Տիրոջ տեսանելի ու շօշափելի խորհրդանիշները: Այս երկրորդ պարագայում էլ հէնց կանանց առջեւ պատնէշւում է բնական եւ աստուածադիր արգելքը: Այսուհանդերձ յստակեցնենք, թէ տղամարդու եւ կնոջ համար հաստատուած այս կարգը երբէք էլ խտրականութիւն կամ ստորադասում չի նշանակում, այլ՝ Աստծու սահմանած նուիրաբաշխում: Աստուած կնոջը տուել է մէկ այլ մեծագոյն շնորհ` մայրութիւնը, որով նա կարողացաւ բարձրանալ իր ճնշուած դիրքից եւ հասնել Աստուածամօր փառքին»[7]:

Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետը, մեկնաբանելով Պօղոս առաքեալի՝ Տիմոթէօսին ուղղուած նամակը (Ա. Տիմ. 2. 12), ասում է. «Աստուածային օրէնքը կանանց հեռացրեց այս [քահանայական] ծառայութիւնից, իսկ նրանք փորձում են ներխուժել այնտեղ, բայց քանի որ ինքնին չունեն իշխանութիւն, ամէն բան անում են ուրիշների միջոցով, եւ նման անհիմն կերպով իրենք իրենց իշխանութիւն են վերագրում՝ քահանաներ ե՛ւ ընտրելու ե՛ւ մերժելու՝ ըստ իրենց կամայականութեան: «Ոտքի տեղը գլուխ» ասացուածքը կատարւում է այստեղ գործնականում: Ղեկավարներին վերահսկում են ենթարկուողները, որ թէեւ տղամարդիկ, բայց նրանք, որոնց չի թոյլատրւում սովորեցնել: Ի՞նչ եմ ասում՝  սովորեցնել: Նրանց սաստեց երանելի Պօղոսը, որպէսզի չխօսեն եկեղեցում (Ա. Կորն. 14, 34): Ես մի մարդուց լսել եմ, թէ նրանց թոյլ են տուել նման յանդգնութիւն, որ նոյնիսկ նկատողութիւններ են անում եկեղեցու թեմի առաջնորդներին ու նրանց հետ վերաբերւում են աւելի խիստ, քան գործատէրերը՝ իրենց ծառայողներին»[8]:

Նոր Կտակարանում չկայ որեւէ ուղղակի փաստ, որ կինը խորհրդակատար լինի: Կանայք չեն պատկանում Քրիստոսի ընտրած տասներկու, ոչ էլ նոյնիսկ եօթանասուն աշակերտների շարքերին: Տէրը կանանց չի շնորհել քահանայական պաշտօն: Առաքեալներն ու իրենց հետեւորդները ոչ մի կնոջ չէին ձեռնադրում, թէեւ քրիստոնեայ կանանց օգնութիւնը նշանակալի էր: Օրինակ՝ անցեալում կար սարկաւագուհիներ ձեռնադրելու հինաւուրց մի աւանդութիւն: Սա պայմանաւորուած էր նրանով, որ նախնի եկեղեցում մկրտութեան ժամանակ դրոշմում էին ոչ միայն մարմնի որոշ մասերը, այլ օծում էին մկրտուողի ամբողջ մարմինը: Այստեղ է, որ սարկաւագուհիների ներկայութիւնն անհրաժեշտ էր դառնում, երբ մկրտուողը չափահաս կին էր: Այս պարագայում քահանան մկրտուող կնոջ վրայ կատարում էր միայն ջրով մկրտելու արարողութիւնը եւ օծում էր նորադարձ կնոջ միայն ճակատը, մինչդեռ սարկաւագուհին օծում էր նրա ամբողջ մարմինը: Սարկաւագուհիների պարտականութիւնն անցեալում եղել է կանանց եւ երեխաների հոգեւոր դաստիարակութիւնն ու մկրտութեան ժամանակ օգտակար հանդիսանալը, որտեղ այր սարկաւագի գործը սահմանափակւում էր: Նրանք մի տեսակ աշխարհիկ ճգնուորներ էին, որոնց պարտականութիւնն էր համայնքի համար աղօթելը, հիւանդ խնամելն ու մահացած կանանց մարմինները լուանալը: Նրանց խստիւ արգելւում էր քարոզչական պարտականութեան կամ խորանի սպասարկման որեւէ իրաւասութիւն: Հետեւաբար, սարկաւագուհին չէր կարող այնպիսի արարողութիւն կատարել եկեղեցում, որ համարւում էր իրաւասութիւնը այր սարկաւագի կամ քահանայի: Սարկաւագուհիների բոլոր փորձերը՝ շորթել չարտօնուած քահանայական աստիճան, դատապարտուել են Սուրբ Հայրերի կողմից: Նիկիայի Տիեզերական խորհուրդը, Եկեղեցու Հայրերը, վարդապետները, ինչպէս նաեւ բիւզանդական կայսրերը կանանց եկեղեցական ծառայութիւնը որոշում էին ոչ թէ որպէս խորհրդակատարման ծառայութիւն, այլ որպէս օժանդակ օգնութիւն: Աստուածապաշտութեան ու բարեգործական արարքների կանանց մասնակցութիւնը պայմանաւորուած էր ժամանակի կարիքների եւ արտաքին յարմարաւէտութեամբ:

Ուղղափառ վարդապետութեան՝ քահանայութեան մասին յատուկ ըմբռնումը տարբերւում էր միւս քրիստոնէական դաւանանքներից: Ուղղափառ եկեղեցու սահմաններից դուրս, այլ դաւանանքների համակարգում, յատկապէս բողոքականութեան յարանուանութիւններում, «կանանց քահանայութիւնը» միանգամայն տրամաբանական է: Ռուս ուղղափառ եկեղեցու սարկաւագ Անդրէյ Կուրայեւն ասում է, թէ բողոքականութեան մէջ «կանանց քահանայութեան» գաղափարին ուղղափառները դէմ չեն, քանի որ ընդհանրապէս այն բոլոր ծառայութիւնները, որոնք մատուցում են բողոքական համայնքի հովիւները, կարող են իրականացնել նաեւ ուղղափառ կանայք: Ի՞նչ գործառոյթներ են իրականացնում բողոքական համայնքի հովիւները: Բողոքական հովիւը, նախ եւ առաջ, քարոզիչ է: Բայց մեզ մօտ էլ իւրաքանչիւր փորձառու կին կարող է լինել ուսուցանել կիրակնօրեայ դպրոցում եւ աստուածաբանական կրթօջախներում: Բողոքական հովիւը կարող է լինել հոգեւոր խորհրդատու, որ լսում է ժողովրդի խոստովանութիւնները միայն: Բայց նա չի արձակում խոստովանողների մեղքերը (այս խորհուրդը բողոքականութիւնը չի թոյլատրում), այլ պարզապէս հանդիսանում է որպէս մարդկային ապաշխարութեան կամ վկայութեան խորհրդատու: Եւ մեր մայրապետները, միանձնուհիները եւ հոգեպէս փորձառու կանայք կրում են նոյն ծառայութիւնը եկեղեցական կեանքում: Բողոքական հովիւը կազմակերպում է իր հօտի համայնքային կեանքը, բայց մեզ մօտ էլ այդ աշխատանքով զբաղւում են կանայք, որոնք ակտիւ դերակատարութիւն ունեն մեր թեմերում՝ իբրեւ տիկնանց միութեան անդամներ, կիրակնօրեայ դպրոցների եւ հայորդեաց տների ուսուցիչներ, դասաւանդում են եկեղեցական երիտասարդաց միութիւններում, եկեղեցու երգչախմբում անփոխարինելի դեր կատարում, եւ այլն: Հայ Եկեղեցին մշտապէս առանձնայատուկ դեր է շնորհել կանանց, եւ պատահական չէ, որ մեր պատմութեան մէջ բազմաթիւ սրբուհիներ կան՝ կանայք, իշխանուհիներ, ովքեր եկեղեցիներ են կառուցել, ձեռագրեր պատուիրել, շարականներ գրել եւ այլն: Սակայն բողոքականները՝ ո՛չ կանայք, ո՛չ էլ տղամարդիկ սուրբ Պատարագ չեն մատուցում: Նրանք հակառակ են ընթանում առաքելական կարգերին ու վարդապետութեանը, եւ վերացնելով շնորհաբաշխական աւանդական կարգը՝ չքացնում են անգամ Եկեղեցու կոչումը, եւ իւրաքանչիւր անհատի կամայական ինքնագլխութիւն տալիս։ Այստեղից էլ ծագում են Եկեղեցու անտեսանելի լինելու մոլորութիւնը, անհատների ինքնափրկութիւնը, առաքելական յաջորդականութեան մերժելը, կանանց «քահանայի» պաշտօնն ընդունելը ու նման շատ ուրիշ ծայրայեղութիւններ։ Ըստ իրենց ուսմունքի՝ սուրբ Պատարագի խորհուրդ ու պաշտամունքային ծիսակարգեր գոյութիւն չունեն: Ինչպէս նշում է Ադրէյ սարկաւագ Կուրայեւը, այնտեղ կայ միայն ծխական թատրոն, որի մէջ մարդիկ ներկայացնում են աւետարանական տեսարաններն ու կիսւում իրենց «յիշողութիւններով»: Քահանայութիւն՝ ուղղափառ հասկացողութեամբ, բողոքականները չունեն: Այդ պատճառով էլ իրենց հովիւները չեն կարող իրականացնել քահանայական ծառայութիւններ: Այստեղ, իրօք, կարեւոր էլ չէ պաշտօնեայի սեռը: Բողոքական համայնքի սպասաւորները աշխարհական դիրք են ստանում ու հռչակւում են լոկ հրապարակային մի կարգադրութեամբ, եւ ոչնչով չեն տարբերւում աշխարհականներից, այլ միայն պաշտօն ունեն ուսուցանելու (ինչպէս աշխարհական  պրոֆէսորը, որ խօսում է եկեղեցական ամբիոնից) եւ զբաղուելու համայնքի վարչական աշխատանքով: Բայց այս պարզապէս հակառակ է Աստուածաշնչի՝ քահանայական շնորհն ստանալու վարդապետութեանը[9]։ Իրօք, այս դէպքում հարց է ծագում, թէ ինչո՛ւ, ունենալով վարչական դիրք եւ պերճախօս կարողութիւն, կինը չի կարող անել այդ ծառայութիւնը: Ուղղափառներն այլ կերպ են հասկանում քահանայագործութեան իմաստը: Եկեղեցու իւրաքանչիւր խորհուրդ իրականացւում է Քրիստոսի միջոցով, ու ձեռնադրեած քահանան Նրա ներկայացուցիչն է ու վկան այն ամէնի, ինչ կատարում է Տէրը: Սա մի խորհուրդ է, որ գերազանցում է մարդկային միտքը: Սուրբ Երրորդութեան երկրորդ անձը, որ Աստծու Խօսքն է, մարմնացաւ եւ ընդունեց մարդկային բնութիւն ոչ թէ որպէս Աստծու դուստր, այլ որպէս Աստծու Որդի: Ինչո՞ւ: Մենք չգիտենք, բայց չէ՞ որ Աստծուն ենք վերապահում աստուածատուր ազատութիւնը գործելու այնպէս, ինչպէս Նա տեսնում է մեր փրկութիւնը: Եւ սրա մէջ կանանց ոչ մի նուաստացում չկայ: Սրա մէջ է մեր փրկութեան տնօրէնութեան խորհուրդը: Իւրաքանչիւր քահանայի քահանայագործութիւնը չի գալիս իր անձնական յատկանիշների եւ արժանիքների շնորհիւ, այլ Քրիստոսի քահանայութեան շնորհիւ, որը տրուած է իրեն եկեղեցուն ծառայութեան համար: Հետեւաբար, քահանան կարող է լինել միայն այն մէկը, ով նման է Տիրոջը՝ իր արական բնութեամբ, քանի որ «այրն է տիրական» եւ ոչ՝ կինը, ծառան կամ ճորտն ու ստրուկը[10]։ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինոդն իր կարծիքն արդէն յայտնել է բողոքականների՝ կանանց քահանայագործութեան մասին՝ ասելով. «Մենք չենք տեսնում որեւէ հիմք առարկելու այլ կրօնական յարանուանութիւնների ցանկացած որոշումն այս հարցի վերաբերեալ, ուր քահանայութիւնը չի ճանաչւում որպէս խորհուրդ, եւ ուր, հետեւաբար, ուղղափառութեան տեսակէտից նուիրապետական քահանայագործութիւն որպէս այդպիսին գոյութիւն չունի»[11]:

Եկեղեցին չի խօսում միայն կանանց «ենթակայութեան» մասին: Պօղոս առաքեալն ասում է, թէ ամուսինները պէտք է սիրեն իրենց կանանց, փայփայեն նրանց որպէս դիւրաբեկ անօթի, քանի որ աւելի նուրբ ու փխրուն արարածներ են: Երբեմն ամուսինն իր կնոջը սիրում է յիշեցնել՝ «թող կինը վախենայ իր ամուսնուց», եւ ամէն ինչ, որ կարդացւում է ամուսնութեան սուրբ Պսակի ժամանակ, ինչ-ինչ պատճառներով մոռանում են: Սակայն, առաջին հերթին, ամուսի՛նը պէտք է սիրի իր կնոջը: Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «[Ամուսի՛ն], նոյն խնամքը տա՛ր [կնոջդ համար], ինչպէս Քրիստոս է խնամք տանում եկեղեցու համար: Նոյնիսկ եթէ անհրաժեշտ լինի կեանքդ զոհել նրա համար, այո՛, եւ կտոր-կտոր լինել տասը հազար անգամ, այո՛, ու դիմանալ եւ ենթարկուել ցանկացած տառապանքի. ինչ էլ որ լինի, չհրաժարուես դրանից»[12]։ Ամուսնու եւ կնոջ միջեւ յարաբերութեան պատկերը պէտք է լինի այնպէս, ինչպէս Քրիստոսի եւ եկեղեցու պատկերն է: Ամուսնու յարաբերութիւնն իր կնոջ նկատմամբ պէտք է լինի նոյնը, ինչպէս Քրիստոսի յարաբերութիւնն է Եկեղեցու նկատմամբ ընդհանրապէս: «Ինչպէս որ կինն իր գոյութիւնն առաւ ամուսնու կողից, այնպէս էլ եկեղեցին հիմնուեց Քրիստոսի կողից բխած ջրի ու արեան` սուրբ Մկրտութեան եւ սուրբ Հաղորդութեան խորհուրդների վրայ: Եւ եթէ առաջին Ադամը մեղքի ու մահուան իշխանութեան տակ ընկաւ կողակցի դրդումով, ապա երկրորդ Ադամը` Քրիստոս, ազատեց իր «կողակցին»` եկեղեցուն, այդ իշխանութիւնից եւ հաստատեց անարատութեան եւ սրբութեան մէջ: Ինչպէս որ ամուսինն ու կինը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս եւ եկեղեցին: Քրիստոս, որ գլուխն է եկեղեցու, իրականացրեց մարդկութեան փրկութիւնն իր մարմնի խաչելութեամբ ու յարութեամբ եւ շարունակում է փրկագործութիւնը դարձեալ իր խորհրդական մարմնի` Եկեղեցու միջոցով: Քահանան հանդէս է գալիս ոչ թէ սոսկ իբրեւ մարմնի անդամներից մէկը, այլ խորհրդանշում է հէնց գլուխը` Քրիստոսը, ուստի նա պէտք է Նրան նման լինի նաեւ սեռով»[13]:

Քրիստոնէական ընտանիքում ամուսնուն են վստահուել շատ աւելի մեծ պարտականութիւններ: Պարտականութիւններ, այլ ոչ թէ գերիշխանութեան իրաւունքներ: Այսպիսով, մենք չենք կարող յստակ ասել, թէ առաջնահերթութիւնը տրւում է տղամարդուն, եւ կինը երկրորդական տեղ է զբաղեցնում: Անիմաստութեան այս նախատինքը բացայայտւում է այն անսահման սիրոյ մէջ, որ եկեղեցին տածում է սբ. Մարիամ Աստուածածնի նկատմամբ. մէկը կանանց ից, որին եկեղեցին մեծարում ու համարում է աւելի վեհ, փառայեղ ու գերազանց, քան բոլոր հրեշտակային դասերը: Այսպիսով, տղամարդու եւ կնոջ միջեւ ի՞նչ առաջնահերթութեան մասին խօսք կարող է լինել: Հիմա աշխարհիկ հասարակութիւնն ամբողջութեամբ հիմնւում է այլ սկզբունքների վրայ եւ, հետեւաբար, դաստիարակում է այնպիսի մարդկանց, որոնք ի վիճակի չեն ընտանեկան կեանքին: Աշխարհիկ ընտանիքն այսօր անկայուն է, եթէ հաշուի առնենք ամուսնալուծութիւնների բարձր տոկոսադրոյքը: Եկեղեցու նպատակն է ամուր պահել աւանդական ընտանիքը: Եթէ կինը ձգտում է փրկութեան, ապա նա անխուսափելիօրէն գալիս է այն սկզբունքին, որն ի սկզբանէ էր սահմանուած իր փրկութեան համար: Քրիստոնէական այդ սկզբունքը դիմացկուն է արտաքին ազդեցութիւնների հանդէպ միայն այն պատճառով, որ այնտեղ խնամքով պահպանուել են հնազանդութեան հնագոյն սկզբունքները յանուն Աստծու՝ ի հակադրութիւն աշխարհիկ միտումների, ուր այդ սկզբունքները չեն պահպանուել: Ուստի կինը, ազատ լինելով ֆէմինիստական հասարակութեան մէջ, երբէք չի կարող լինել երջանիկ: Նա ունի բոլորովին տարբեր պարտաւորութիւն, քան տղամարդը: Նա, ունենալով անբնական հաւասար իրաւունքներ տղամարդու հետ ու գրաւելով նրա տեղն ու դիրքը, չի կարող գտնել երջանկութիւն, քանի որ կնոջ երջանկութիւնը բոլորովին այլ տեղում է: Այն որոշւում է Աստծու սահմանած տեղով ու դիրքով ամբողջ հասարակութեան մէջ ընդհանրապէս: Այսօր այս տեղից ու դիրքից կնոջը վտարում են կամ էլ ինքն իրեն է վտարում: Սա հաւատուրացութեան եւ Աստծուց հեռանալու չափանիշներից մէկն է: Կանայք կարող են բարձր պաշտօնակատար դիրքեր գրաւել, խիստ օժտուած ուսուցիչներ ու ղեկավարներ լինել, սակայն այդ պարգեւները չեն կարող իրականացուել եկեղեցում՝ տղամարդկանց վրայ իշխելու համատեքստում։ Սա ճիշդ է ոչ թէ այն պատճառով, որ կանայք հոգեպէս զիջում են տղամարդկանց, այլ այն պատճառով, որ Աստծու օրէնքն է պատուիրում դա։ Աստուած սահմանել է կարգ ու կանոն Իր արարչական տնօրինութեան մէջ՝ օրէնք, որ արտացոլում է Իր կամքն ու բնոյթը եւ, հետեւաբար, պէտք է արտացոլուեն Իր եկեղեցում։ Իւրաքանչիւր մարդ, անտեսելով կամ մերժելով Աստծու հրամանը, թուլացնում է եկեղեցին եւ անարգում Նրան։

Ամփոփելով այս ամէնը՝ կարելի է վստահութեամբ յայտարարել, թէ եկեղեցու հայրաբանական աւանդոյթի մէջ չկան բացայայտ մարդաբանական, ծիսական ու պատմական բնոյթի ցուցումներ, որոնց հիման վրայ հնարաւոր լինի խօսել եկեղեցում կանանց քահանայագործելու հնարաւորութեան մասին: Այս խնդիրն իր արմատներն ունի ոչ թէ եկեղեցական աւանդոյթի մէջ, այլ պարզապէս կապուած է ժամանակակից ֆէմինիստական ու համաշխարհայնացման (գլոբալիզացման) գաղափարների զարգացման հետ, որոնք հետապնդում են սեռային երկուութեան (դուալիզմի) քայքայումն ու ոչնչացումը, որն արդէն իսկ կտրականապէս ազդում է ժամանակակից ընտանիքի վիճակի վրայ: Եկեղեցու հայրաբանական աւանդոյթում այս հարցը ոչ միայն չի քննարկուել, այլ չէր կարող նաեւ ձեւակերպուել: Բայց այսօր աշխարհում բաւական մեծ տարածում գտած ֆէմինիզմի այս գաղափարի կողմնակիցների համար, ցաւօք, այս հարցը չի կարող չէզոքանալ մօտ ապագայի օրակարգից, քանի որ «կանանց քահանայութեան» խնդրոյ առարկան արագ զարգանում է աղանդաւորական ու բողոքական լայնատարած շարժումներում:

 

 


[1]     Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան, «Աստուածաշունչը եւ գենդերային հաւասարութիւնը»։

      Տե՛ս  http://shirakcentre.org/hy/-l-r/608-shirak-centre-ngo (առ 11/04/2017)։

[2]     Ириней. Против ересей. III. 22, 4. Sources chrétiennes. Т. 211. 1974. С. 441.

[3]     Апост. Постановл. III. 6, 1-2; 9, 1-4. Sources chrétiennes. Т. 329. 1986. С. 132-140; Тертуллиан. Об убранстве женщин. 9, 1. PL 1, 902; Епифаний. Против ересей. 59, 2-3. PG 42, 741-744.

[4]     Սբ. Գրիգոր Տաթեւացի, Գիրք Հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 588-589:

[5]     Սբ. Գրիգոր Տաթեւացի, Գիրք Հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 589-590:

[6]      St. John Chrysostom, On the Priesthood, Book III.

        Տե՛ս http://www.newadvent.org/fathers/19223.htm (առ 27/03/2017)։

[7]     Monk’s blog, «Կանանց քահանայութեան խնդրի շուրջ»,

      Տե՛ս http://777monk777.livejournal.com/952.html (առ 27/03/2017)։

[8]     http://www.biblioteka3.ru/biblioteka/zlatoust/tom_11_2/index.html#a3

      (առ 31/03/2017)։

[9]     Տե՛ս Ա. Տիմ. 4, 14։ Բ. Տիմ. 1, 6։ Գործ. 14, 23, 6, 3-6։ 9, 28։

[10]    Սբ. Գրիգոր Տաթեւացի, «Գիրք Հարցմանց», Կ. Պոլիս, 1729, էջ 589։

[11]    Послание Священного Синода о V Ассамблее Всемирного Совета Церквей и ее результатах, Журнал Московской Патриархии. 1976, № 4. с. 9.

[12]     St. John Chrysostom, Homily 20 on Ephesians.

        Տե՛ս http://www.newadvent.org/fathers/230120.htm (առ 10/04/2017)։

[13]    Monk’s blog, «Կանանց քահանայութեան խնդրի շուրջ»,

      Տե՛ս http://777monk777.livejournal.com/952.html (առ 11/04/2017)։

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

16.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․