23 Դեկտեմբեր, Բշ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ Պահքի 48-օրյա ապաշխարության շրջանի երրորդ օրը առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: Արարողակարգը վերցվել է Մեծ կամ Մայր Մաշտոցի 1807 թ Կ. Պոլսի հրատարակությունից:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Մեծ Պահքի երրորդ օրը՝ փետրվարի 10-ին, բազմամարդ էր: Ներկաները ժամերգության ավարտին մասնակցեցին «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ին: Արարողակարգի սաղմոսները, աղոթքները, քարոզները, մաղթանքները, աստվածաշնչյան ընթերցումներն ու հորդորակները հիշեցնում են բոլորին, որ մուտք ենք գործել տարվա ամենամեծ պահեցողության շրջանը, որն՝ ըստ եկեղեցու հայրերի դեպի հոգևոր կատարելության տանող մի աստիճան է:
Կանոնում ընդգրկված ապաշխարության և գովաբանական սաղմոսներում նկարագրվում է այն ծարավ հոգին, որ հայցում է Տիրոջ ողորմությունը և օգնությունը՝ ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ըստ Քո մեծ ողորմության, ըստ Քո առատ գթության քավի՛ր իմ անօրենությունները, ապա մխիթարվում և ուրախություն է ապրում Տիրոջով՝ գոհություն և փառաբանություն հայտնելով Ամենակալին:
Հավատով ապաշխարության խոստովանության եկածները քարոզներին խնդրում են Տիրոջից հանցանքների քավություն և թողություն, նաև՝ «Խաղաղության համար աղաչենք Տիրոջը, ընդունի՛ր, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր» և «Հավատով միաբան խնդրենք Տիրոջից, որ Իր ողորմության շնորհները պարգևի մեզ»: Քարոզներին հաջորդող մաղթանքներն էլ օրհնություն և փառաբանություն են ուղղված Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Աստվածաշնչյան ընթերցումներից «Անառակ որդու առակ»-ն էլ ներկաներին ազդարարեց աստվածային անփոփոխ և անսահման սիրո մասին, որ տարածվում է այն մեղավորի հանդեպ, ով սրտանց աղերսում է՝ մեղա՜ Երկնքի առջև:
«Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ի ընթացքում քահանան երեսուն անգամ «Տէր, ողորմեա՜» է ասում, հորդորականման աղոթքից հետո ներկաների հետ դեպի արևմուտք է դառնում և հարցնում նրանց, թե հրաժարվո՞ւմ եք սատանայից և նրա խաբեություններից, նրա սպասավորներից, նրա ընթացքից և նրա հրեշտակներից: Ի պատասախան՝ ապաշխարողներն երեք անգամ հաստատում են, որ իրենք հրաժարվում են սատանայից, ունայնապատիր աշխարհից և նրա սին զվարճանքներից: Ապա, դեպի արևելք դառնալով, քահանան նորից է հարցնում ապաշխարողներին, թե՝ հավատո՞ւմ եք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ընդհանրական եկեղեցուն, մկրտությանը և մեղքերի թողությանը: Եվ նրանք նորից երիցս ասում են, որ հավատում են՝ միաբերան արտասանելով «Հանգանակ հաւատոյ»-ն:
Ապա քահանան նրանց՝ իբրև նոր կնքվածների, երկրպագել է տալիս Սուրբ Սեղանի և Սուրբ Խաչի առջև, այնուհետև բոլորը ծնկի են գալիս, և քահանան աղոթում է ապաշխարողների համար, դիմելով Տիրոջն որպես անարժան ծառա, խնդրում է Ամենակալին, որ Իր բազում մարդասիրության գթությամբ արձակի ապաշխարողներին մեղքերի կապանքներից և արժանացնի սրբերի հետ հասնելու Երկնքի Արքայություն:
Ապա քահանան թողություն շնորհելով ապաշխարողներին՝ ասում է. «Թող մարդասեր Աստված թողնի՛ ձեր մեղքերը՝ որոնք գործել եք խոսքով, թե՛ գործով, թե՛ խորհրդով և թե՛ մտածողությամբ՝ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, որոնք մոռացել եք կամ ամաչել եք ասել: Այդ բոլորը, Տիրոջ հրամանով, թողնո՛ւմ եմ երկրի վրա՝ ես, իսկ երկնքում՝ Աստված: Թող ներվեն ձեր մեղքերը՝ ինչպես անառակ որդունը, ինչպես պոռնիկինը, ինչպես մաքսավորինը, ինչպես քանանացունը, ինչպես բոլոր մեղանչածներին ու Տիրոջը դարձածներին: Հոգիների Բժիշկը թող բժշկի՛ ձեր հոգիների ախտերը… և արժանի լինեք լսելու այն երանավետ խոսքը, թե՝ «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ»»:
Արարողակարգի ավարտին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սիրելի հավատավոր զավակնե՛ր, ապաշխարության այս կանոնով հայցեցինք Երկնավոր Տիրոջ զորակցությունը պահքի այս ընթացքը ներհայեցողությամբ և ինքնաքննությամբ ապրելու համար՝ հեռու վանելով մեզանից ամեն տեսակ մեղք: Պողոս առաքյալն ասում է. «Այսուհետեւ զաւրացարո՛ւք Տէրամբ, եւ կարողութեամբ զաւրութեան Նորա» (Եփեսացիներ 6:10): Զորանա՛նք Տիրոջով և ապաշխարության գեղեցիկ ընթացքն ապրելով՝ արժանանք մեր Փրկչի հրաշափառ Հարությանը: Մաղթում եմ ձեզ փառավոր ապաշխարության և պահեցողության հոգենորոգ կյանք: Թող աստվածային կենսատու Լույսը լուսավորի ձեր անցնելիք ճանապարհը: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն»:
Կարինե Սուգիկյան