Կանոնագիրք

Կանոնագիրքը այն գիրքն է, որի մեջ ընդգրկված են առաքելական կանոնները, երեք տիեզերական ժողովների՝ Նիկիայի, Կ. Պոլսի և Եփեսոսի ժողովների կանոնները և բացի դրանցից՝ Հայաստանյայց եկեղեցական-ազգային ժողովների կանոնները եկեղեցու կառավարության և բարեկարգության համար, որոնցով կառավարվում է եկեղեցին: Բաղկացած է հոգևոր-եկեղեցական, ծիսադավանական, բարոյախրատական, գաղափարաքաղաքական և տնտեսական-քաղաքացիական խնդիրներ ընդգրկող կանոն հոդվածներից, որոնք ամփոփված են առանձին կանոնախմբերում: Այդ կանոնախմբերի մի մասը հավաքել և կազմել է Հովհաննես Գ Օձնեցին 8-րդ դարի 10-ական թթ.: Նա ի մի է բերել և խմբագրել Կանոնագիրքը: Մեկ մատյանի մեջ հավաքել է մինչ այդ ստեղծված տարբեր կանոնական բնագրերը (ինքնուրույն և թարգմանական)՝ կաթողիկոսարանում պահելու նպատակով:

Հովհաննես Օձնեցին ոչ միայն մեկ ժողովածուի մեջ է ամփոփել մինչ այդ ստեղծված կանոնախմբերը, այլև ինքն է նոր կանոններ ավելացրել Կանոնագրքին:

Նրա կազմած ժողովածուն բաղկացած է 24 կանոնախմբից, որոնցից 15-ը թարգմանված են հունական կանոններից: Դրանք են՝ «Կանոնք առաքելականք», «Երկրորդ առաքելական կանոնք», «Կանոնք Կղեմայ», «Հարանց հետևողաց», երեք տիեզերական ժողովների, տեղական վեց ժողովների (Անկյուրայի, Նեոկեսարիայի, Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Սարդիկեի), ինչպես նաև Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու և Սևանտոսի կանոնախմբերը: Իսկ մյուս 9-ը կանոնախմբերը ազգային-եկեղեցական ժողովների և Հայ եկեղեցու հայրերի՝ Գրիգոր Ա Լուսավորչի, Սահակ Ա Պարթևի, Շահապիվանի եկեղեցական ժողովի, Հովհաննես Ա Մանդակունու, Սահակ Գ Ձորոփորեցու, Հովհաննես Գ Օձնեցու և այլոց կանոնախմբերն են:

Հովհաննես Օձնեցին իր կանոններում անդրադառնում է զանազան հարցերի՝

* Կարգապահական (հոգևորականներին ու աշխարհիկներին վերաբերող),

* Ծիսական.

1. յոթ խորհուրդներին առնչվող,

2. տոնացույցին առնչվող,

3. պատարագին ու ժամերգություններին առնչվող,

4. բարեպաշտական արարողություններին առնչվող,

5. եկեղեցու կառույցին և ծիսական պարագաներին առնչվող,

* Աղանդավորներին առնչվող:

Հովհաննես Օձնեցու «Հիշատակարան»-ից տեղեկանում ենք, որ նա ոչ միայն ի մի է բերել տարբեր կանոնական բնագրեր, այլև յուրաքանչյուր կանոնախմբի համար կազմել է ցանկեր ու կանոններից առաջ դրել դրանց ստեղծման ժամանակի ու պատճառների մասին համառոտ առաջաբաններ:

Այս բարեփոխումները թելադրված էր ժամանակի հրամայականով: Հովհաննես Օձնեցու նպատակն էր պահպանել Հայ եկեղեցու ազգային դիմագիծը իր սովորություններով, կարգուկանոնով, դավանանքի ու պաշտամունքի ծիսական հարցերի մշակմամբ, առավել ևս, երբ տվյալ ժամանակաշրջանում քաղկեդոնականության դեմ պայքարի անհրաժեշտություն կար և հայ ժողովուրդը գտնվում էր պետականության չգոյության պայմաններում:

Հովհաննես Օձնեցու խմբագրությամբ Կանոնագիրքը դարձավ այն հիմքը, որի վրա հետագա դարերում ավելացան նորանոր կանոնախմբեր:

Կանոնագիրքը 10-րդ դարի կեսից համալրվել, մշակվել, խմբագրվել, լրացվել է այլ կանոնախմբերով և մինչև 17-րդ դ. ընդգրկել 98 կանոնախումբ: Հրատարակվել է մի քանի անգամ լատիներեն և հայերեն, իսկ 1941թ-ին՝ մասամբ թարգմանվել գերմաներեն: Կանոնագիրքը ամբողջական հրատարակվել է 1964-1971 թթ-ին:

Կանոնագրքերը դիտվել են որպես ընդհանուր ճանաչում գտած իրավաբանական ակտերի պաշտոնական ժողովածուներ: Նրանցում զետեղված եկեղեցական ժողովներում ընդունված

կանոնական որոշումները, փաստաթղթերն ու գրությունները կրել են պաշտոնական բնույթ և ենթակա են եղել պարտադիր կիրառման:

Կանոնագիրքը ընդգրկում է եկեղեցական-դավանաբանական հարցեր, հոգևորականների վարքագծի, ծեսերի, աստվածպաշտությանը, եկեղեցու անդամների փոխհարաբերությունների, ամուսնության և ընտանիքի, ժառանգության և այլ հարաբերությունների կարգավորման նորմեր: Այդ նորմերը վերաբերում են նաև հասարակական կյանքում արմատացած խորթ երևույթներին, այդ հարաբերություններում` ազգայինի, ավանդականի վերընձյուղման ու պահպանության խնդիրներին:

Բացի դրանից այս գիրքը Հայ եկեղեցու վարդապետական աստվածաբանության կարևոր աղբյուրներից է: Կանոնագիրքը, բացառությամբ Շահապիվանի ժողովի կանոնների, մարմնական պատիժներ չի նախատեսել: Հանցանքների դեմ պայքարի հիմնական միջոցը համարվել է ապաշխարությունը, բարոյական ներգործությունը: Պատիժները վերաբերել են անձնական ինչքային իրավունքին, պաշտոնյաների գործունեությանը, ծիսակարգի խախտումներին: Կանոնագիրքն արժեքավոր տվյալներ է պարունակում ոչ միայն հայ, այլ նաև այլ ժողովուրդների կենցաղում և հավատալիքներում հեթանոսությունից մնացած ապրելակերպի, պատկերացումների, ընտանեկան հարաբերությունների մասին:

Կանոնագրքում տեղ գտած վկայությունները հանդիսացել են որպես սկզբնաղբյուր Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի (1265թ.) դատաստանագրքերում: Կանոնագիրքը մինչև 20-րդ դարի 20-ական թթ. գործածվել է Հայաստանում և հայկական գաղթավայրերում:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

08.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․