Մենաստանում մի շատ աշխատասեր ծեր էր ապրում, որ նեղություն էր պատճառում իր մարմնին, բայց շատ ցրված էր մտքով: Նա աբբա Իոհան Կոլովի մոտ գնաց ու մոռացկոտության մասին հարցրեց: Նրա խոսքը լսեց ու վերադարձավ իր խուցը, բայց մոռացավ, թե աբբան իրեն ինչ էր ասել: Կրկին նրա մոտ գնաց ու լսեց, թե ինչ է ասում: Վերադարձավ իր խուցն ու նորից մոռացավ: Եվ այդպես բազմաթիվ անգամներ: Դրանից հետո մի անգամ, երբ հանդիպեց նրան, ասաց.
- Աբբա՛, կրկին մոռացել եմ, թե ինչ էիր ասում, բայց քեզ չանհանգստացնելու համար այլևս չեմ եկել:
Աբբա Իոհանն ասաց.
- Գնա՛, կանթեղը վառի՛ր:
Երբ վառեց՝ աբբան ասաց.
- Մյուս կանթեղներն էլ բե՛ր ու դրանից վառի՛ր:
Ծերն այդպես էլ արեց, որից հետո աբբա Իոհանն ասաց.
- Մի՞թե այդ կանթեղին որևէ նեղություն ես պատճառում, երբ դրանից մյուս կանթեղներն ես վառվում:
- Ո՛չ,- պատասխանեց ծերը:
- Այդպես էլ Իոհանն է: Թեկուզ ողջ մենաստանն էլ ինձ մոտ գա, չի խոչընդոտի Աստծո շնորհին: Այնպես որ, առանց երկմտելու, երբ ուզում ես՝ արի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի