Գրքեր

Կապադովկյան հայրերը հայ եկեղեցու դավանաբանության մեջ

Հիսուս Քրիստոսի փրկագործական շնորհը հավիտենականորեն փոխեց մարդկության պատմությունը: Մարդը, որ մինչ Փրկչի գալուստը փորձում էր փրկության ելքը գտնել զանազան կրոնական վարդապետություններին հետևելով, այժմ Աստծո Որդու անձնազոհության քավչարար շնորհի միջոցով կարող էր լիովին արժանանալ հավիտենական փրկության: Այնուամենայնիվ, մարդու համար մեծ խորհուրդ է Աստծո Որդու մարդանալը:

Արդ, բազմաթիվ աստվածաբաններ փորձեցին հասկանալ այդ անճառելի իրողությունը` բացատրելով մարդկային չափանիշներին համապատասխան: Եվ այս մեկնաբանությունները ծնեցին բազում վարդապետական ուղղություններ Աստծո Որդու մարմնացման վերաբերյալ, որոնց մի զգալի մասը պարզապես չէր արտահայտում հայտնութենական այդ խորհրդի ճշմարիտ դավանությունը: Քրիստոնեական հայտնությունն իր դավանաբանական ճշգրիտ բանաձևումը ստացավ 4-րդ դարում շնորհիվ սբ. Աթանասի, սբ. Բարսեղի, սբ. Գրիգոր Նազիանզացու և սբ. Գրիգոր Նյուսացու վաստակի, քանի որ այս հայրերի ժառանգության մեջ քրիստոսաբանական հարցերի աստվածաբանական համակողմանի բացատրությունը տրվեց: Եթե աթանասյան քրիստոսաբանությամբ Հոր և Որդու համագոյության խնդրի վերջնական պատասխանը տրվեց, ապա կապադովկյան հայրերի` սբ. Բարսեղ Կեսարացու, սբ. Գրիգոր Նազիանզացու և սբ. Գրիգոր Նյուսացու ժառանգությամբ` երրորդաբանական խնդիրների:

Հիշարժան է, որ երեք մեծ կապադովկացիները ծանրակշիռ դեր են ունեցել համաքրիստոնեական աշխարհում: Նրանց դավանաբանական երկերից օգտվել են նաև հայ հոգևոր հայրերը` հաստատելու համար Քրիստոսի ճշմարիտ մարդեղենության վարդապետությունը: Վկայությունները բազում են, որոնք օգտագործել են հայ դավանաբաններն իրենց երկերում, բայց կան մի քանի աստվածաբանական մտքեր, որոնց հաճախակի կարող ենք հանդիպել հայ դավանաբանական երկերում: Դրանք արտահայտում են կապադովկյան քրիստոսաբանության դավանական յուրովի մտածողությունը: Այդ աստվածաբանական սահմանումները հստակորեն լուսաբանում են Աստծո Որդու մարդեղենության կարևորագույն խնդիրներ, որոնք առկա էին տվյալ ժամանակաշրջանում և որոնք արդիական են նաև ներկայիս դավանական սահմանումները ներկայացնելիս: Աստծո Բանի մարմնացման 4-րդ դարի կապադովկյան աստվածաբանական դպրոցի այդօրինակ լուծումները նպաստում են քրիստոսաբանության դոգմատիկ խնդիրների լուսաբանմանն ու ուղղափառ մոտեցումների զարգացմանը: Ուստի հայ եկեղեցու դավանաբանության մեջ շատ անգամ է վկայակոչվում երեք մեծ կապադովկացիների քրիստոսաբանական մտածողությունը: Հիմնականում արտացոլված է երկու կատարելությունների մեկ գոյության մեջ լինելու խնդիրը, Աստծո Բանի կատարյալ մարդ լինելու իրողությունը, մարդեղենությունից հետո Քրիստոսի մեկ լինելու դավանությունը, և Աստծո Բանի անքակ միության անհրաժեշտությունը փրկագործության իրագործման համար: Արդ, բազմաթիվ հայ դավանաբաններ են անդրադարձել կապադովկյան հայրերի երկերին, որոնց միջոցով ևս մեկ անգամ հավաստել են հայ եկեղեցու քրիստոսաբանության ուղղափառությունը:

Միջեկեղեցական հարաբերություններում, երբ արծարծվել են քրիստոսաբանական խնդիրներ, հայ դավանաբանները վկայակոչել են նաև երեք մեծ կապադովկացիների դավանական մտքերը: Այսպես` Մխիթար Գոշը իր «Թուղթ առ Վրացիսն` յաղագս ուղղափառութեան հաւատոյ» դավանաբանական ուղերձում վկայում է նաև կապադովկացի հայրերի երկերը` բացատրելով հայ եկեղեցու քրիստոսաբանության ուղղափառությունը: Հատկանշական է, երբ խոսվում է Բանի մարդեղենության խորհրդի մասին, առկա է երկու կատարյալ գոյությունների միության վերաբերյալ խնդիրը, որի լուսաբանումը 4-րդ դարում փորձեց տալ Ապողինար Լավոդիկեցին: Ապողինարը շեշտում էր Սուրբգրային «Մի Տեր Հիսուս Քրիստոս» եզրույթը, սակայն նա Քրիստոսի աստվածայինի և մարդկայինի միության հասկացությունը բացատրեց կատարյալ Աստված և ոչ կատարյալ մարդ միության ճանապարհով, քանի որ, ըստ տվյալ ժամանակի տիրող ըմբռնման, երկու կատարելություններ չէին կարող մեկ լինել: Հիսուսի մարդեղենացումը շեշտելով՝ Ապողինարը չկարողացավ ընդունել Քրիստոսի մեջ կատարյալ մարդ և կատարյալ Աստված հասկացությունը, որովհետև կարծում էր, որ եթե կա երկու կատարելություն Քրիստոսի մեջ, ապա և երկու դեմք Քրիստոսի մեջ, սակայն դա մարդեղենության խորհուրդն անիրագործելի է դարձնում, քանի որ, ըստ Ապողինարի, մարդկայինը չէր ենթարկվի աստվածայինի, և Քրիստոս կունենար երկու կամք, հետևաբար երկու ազատ կամք: Այսպիսով, իր տրամաբանական հայեցակարգում մարդու փրկագործությունը հիմնավորելու համար Ապողինարը եզրակացնում է, որ պետք է Քրիստոսի մարդկայինի մեջ զեղչել միտքը, որ Հիսուսի աստվածայինը լիալրի այն իր աստվածային մտքով՝ վերացնելով Քրիստոսի անձի մեջ երկու միտք, երկու կամք հասկացությունները: Կապադովկյան հայրերը գրում են մի շարք աշխատություններ և ցույց են տալիս Ապողինարի փրկագործական տեսության թերի լինելը:

Հայ եկեղեցու դավանաբանության համար կապադովկյան հայրերի գրվածքները Ապողինարի դեմ թարգմանվել են հայերեն, առավելապես սբ. Բ. Կեսարացու և սբ. Գր. Աստվածաբանի երկերից: «Կնիք Հաւատոյ»-ում զետեղված է սբ. Բարսեղի երկն ընդդեմ Ապողինարի, որը գրված է հարցուպատասխանի ձևով: Սբ. Հովնան Օձնեցին իր «Ընդդեմ երևութականաց» երկում բազմաթիվ մեջբերումներ է կատարում կապադովկացի հայրերից` ցույց տալով Քրիստոսի իրական մարդ և Աստված լինելու իրողությունը: Ստեփանոս Օրբելյանը, խոսելով Քրիստոսի բնությունների մասին, իր «Ընդդեմ Յակաճառութիւն երկաբնակաց» երկում մեջբերումներ է կատարում նաև կապադովկացի հայրերի երկերից, որոնք քաղված են սբ. Գրիգոր Աստվածաբանի երկերից, մասնավորաբար, քրիստոսաբանության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ: Սբ. Ներսես Շնորհալին իր «Թուղթ ընդհանրական»-ում, Բյուզանդիայի կայսրին ներկայացնելով հայ եկեղեցու դավանաբանությունը, նույնպես մեջբերումներ է կատարում կապադովկացի հոգևոր հայրերից` ցույց տալու համար հայ եկեղեցու քրիստոսաբանության ուղղափառությունը: Եվ ընդհանրապես, սբ. Ներսես Շնորհալին դավանաբանական խնդիրներն արծարծելիս «Թուղթ ընդհանրական»-ում անդրադառնում է նաև երեք մեծ կապադովկացիների երկերին:

Հաճախ հայ դավանաբանները վերցրել են կապադովկյան հայրերի քրիստոսաբանական միտքը և վերապատմել` համապատասխանեցնելով հայ դավանական մտքին, երբեմն էլ վկայել նրանց դավանական երկերից ու համապատասխան մեկնաբանություն տվել: Սբ. Գրիգոր Նազիազանցու «Թուղթ առ Կղեդոնիոս»-ի միևնույն հատվածը, որ առկա է սբ. Ներսես Շնորհալու դավանական երկում, գտնում ենք «Արմատ Հաւատոյ»-ում, որը գրված է երկխոսության ձևով: Հովհաննես Երզնկացին նույնպես անդրադառնում է Քրիստոսի բնությունների խնդրին՝ օգտվելով կապադովկյան հայրերի աշխատություններից: Ստեփանոս Սյունեցին հաճախ է իր գործերում անդրադառնում երեք մեծ կապադովկացիների դավանաբանական մատենագրությանը՝ հիմնավորելու համար հայ եկեղեցու քրիստոսաբանությունը: Նա առավելապես օգտվել է Սուրբ Գրիգոր Նազիանզացու «Ի սուրբ Պասքայ», «Ի յայտնութիւն Տեառն», «Ի ծնունդն Քրիստոսի» և «Առ Եւնոմիացիս» գործերից: Ստեփանոս Սյունեցին հաճախ դիմում է բառացի քաղումներին: Իր «Յաղագս ժողովոյն սուրբ հարցն» թղթում նա սբ. Գրիգոր Նազիանզացու քրիստոսաբանությունից օգտվելով հիմնավորում է հայ եկեղեցու քրիստոսաբանությունը: Հիսուս Քրիստոսի մասին խոսելիս հայ դավանաբաններից ոմանք լայնորեն օգտագործել են սբ. Բարսեղ Կեսարացու «Ի Ծնունդն Քրիստոսի» ճառը: Այն հայերեն է թարգմանվել 7-րդ դարում՝ Դավիթ Տարոնացու ջանքերով:

Անանիա Սանահնեցին «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» գործում այն նույնպես օգտագործել է, ինչպես նաև կարող ենք նրա ամփոփ վերապատումը տեսնել «Ստեփանոսի Տարօնեցու Ասողկան Պատմութիւն Տիեզերական»-ում: Մովսես Երզնկացին ևս օգտագործել է այս ճառը իր «Պատասխանիք թղթոյն Տրապիզոնի առ հատուածեալն Գրիգոր երեց» աշխատությունում: Սբ. Գրիգոր Տաթևացին մեջբերում է այդ ճառից մի հատված իր «Ոսկեփորիկ»-ում: Կապադովկյան հայրերի հատկանշական աստվածաբանական շեշտադրումներից մեկն էլ մարդու աստվածացումն է Բանի մարդեղենությամբ: Ինչպես գիտենք, այս աստվածաբանական հիմնավորումը հատուկ է արևելաքրիստոնեական եկեղեցիներին: Սբ. Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ»-ում ևս հանդիպում ենք այդ աստվածաբանական մտքին: Պարզորոշ երևում է, որ հայ եկեղեցու և կապադովկյան հայրերի քրիստոսաբանությունների միջև կան բազմաթիվ նմանություններ, հայ եկեղեցու քրիստոսաբանական բազում հիմնավորումներ փաստվում են կապադովկյան հայրերի քրիստոսաբանական եզրահանգումներով: Ինչպես նկատեցինք, հայ մատենագիրները բազմիցս վկայակոչում են կապադովկյան հայրերի քրիստոսաբանությունը` իբրև ուսանելի և ուղղափառ վարդապետություն: Սուրբ Ներսես Շնորհալին նրանց դրույթները դիտում է որպես արծարծվող խնդրի վերջնական ու ճշգրիտ լուծում:

Այսպիսով, հայ դավանական գրականության մեջ վկայակոչված կապադովկացիների քրիստոսաբանական մտածումները առավելագույնս ծառայում են Փրկչի կատարյալ մարդ և կատարյալ Աստված լինելու դավանությանը` ցույց տալով, որ Քրիստոս կարող է մեկ Տեր Հիսուս Քրիստոս լինել՝ միևնույն ժամանակ լինելով կատարյալ Աստված և կատարյալ մարդ: Արդ, հայ հոգևոր հայրերը երկբնակության վեճերի հարցերը արծարծելիս օգտվում են նաև երեք մեծ կապադովկացիների երկերից, որոնց քրիստոսաբանական մտածողության միջոցով փաստում են հայ եկեղեցու քրիստոսաբանության ճշմարտացիությունը:

 

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

Աղբյուրը՝ irates.am

06.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․