Կար-չկար մի մարդ, ով երեք երազանք ուներ՝ բարձր վարձատրությամբ լավ աշխատանք ունենալ, ամուսնանալ բարի ու գեղեցիկ աղջկա հետ և… ողջ աշխարհին հայտնի դառնալ:
Նրա կյանքում շատ դեպքեր պատահեցին, մենք կպատմենք դրանցից երեքի մասին:
Ձմեռային սառնաշունչ առավոտ էր և երիտասարդը հարցազրույցի էր շտապում մի հայտնի ընկերությունում: Հանդիպմանը հինգ րոպե էր մնացել, իսկ նա դեռ մի թաղամաս պիտի վազելով անցներ: Հանկարծ հենց նրա առջև մի տարեց մարդ սայթաքեց ու վայր ընկավ: Մեր հերոսը նայեց նրան, որոշեց, որ հարբած է և առանց ձեռք մեկնելու՝ վազեց իր գործին: Բարեբախտաբար ժամանակին հասցրեց հարցազրույցին: Դժբախտաբար նրան չընդունեցին իր երազած աշխատանքին:
Ամառային մի տաք երեկո մարդը զբոսնում էր քաղաքում: Փողոցում ելույթ ունեցող արտիստների տեսնելով՝ կանգ առավ, որպեսզի զմայլվի ներկայացմամբ: Հանդիսատեսը մեծաթիվ չէր, բայց ներկայացումը բավականին հետաքրքիր ու զվարճալի էր: Ներկայացման ավարտից հետո ծափեր լսվեցին ու մարդիկ սկսեցին ցրվել: Մեր տղամարդը նույնպես շրջվեց, որպեսզի հեռանա, բայց ինչ որ մեկի ձեռքի երկչոտ հպումը զգաց ուսին: Ներկայացման գլխավոր հերոսուհին էր՝ պառավ ծաղրածուի կերպարով: Նա սկսեց հարցուփորձ անել, թե արդյո՞ք ներկայացումը դուր եկավ նրան, գո՞հ է դերասանների խաղից: Բայց մարդը չցանկացավ զրույցը շարունակել և զզվանքով շրջվելով, տուն գնաց:
Աշնանային մի անձրևոտ երեկո մարդը տուն էր շտապում՝ ընկերոջ ծննդյան տարեդարձի տոնից հետո: Ծանրաբեռնված օր էր եղել և նա երազում էր րոպե առաջ տուն հասնելու, լոգանք ընդունելու և տաքուկ անկողնում քուն մտնելու մասին: Հանկարծ ինչ որ մեկի խուլ հեկեկոցները լսեց: Մի կին մեր հերոսի տան մոտ, նստարանին նստած լաց էր լինում: Նա մենակ էր, առանց անձրևանոցի, և միայն թեթև բաճկոնի գլխանոցն էր նրան փրկում սառն անձրևից: Մեր հերոսին նկատելով՝ օգնություն խնդրեց նրանից: Ինչ-որ բան էր պատահել նրա ընտանիքում, և կինը շատ էր ուզում որևէ մեկի հետ անկեղծորեն խոսել: Մարդը մտածմունքի մեջ ընկավ, նրա հայացքի առջև հառնեցին լոգարանն ու անկողինը, և նա, մրմնջալով, որ սարսափելի զբաղված է՝ շտապեց շենքի մուտքից ներս մտնել:
Մարդն ապերջանիկ կյանքով ապրեց ու մահացավ:
Հանդերձյալ կյանքում իր պահապան հրեշտակին հանդիպեց ու ասաց.
- Գիտե՞ս, բոլորովին տխուր ու անպետք կյանք եմ ունեցել: Երեք երազանք ունեի, սակայն դրանցից և ոչ մեկն իրականություն չդարձավ: Ի՜նչ ափսոս…
- Հը՜մ… Սիրելի՛ բարեկամ, ես ամեն բան արեցի, որպեսզի երազանքներդ իրականություն դառնան, և դրա համար պետք էր ընդամենը մեկ անգամ ձեռք մեկնեիր, աչքերդ բաց անեիր ու սիրտդ ջերմացնեիր:
- Ինչի՞ մասին ես խոսում:
- Հիշո՞ւմ ես այն մարդուն, որ սայթաքեց սառույցի վրա ու ընկավ: Հիմա ցույց կտամ այդ պատկերը… Այդ մարդն այն ընկերության գլխավոր տնօրենն էր, որտեղ այդքան ուզում էիր աշխատել: Քեզ փայլուն ապագա էր սպասում: Այն ամենն, ինչ պահանջվում էր քեզանից՝ ձեռքդ մեկնելն էր:
Հիշո՞ւմ ես պառավ ծաղրածուին, որը ներկայացումից հետո քեզ մոտեցավ իր հարցերով: Դա երիտասարդ, գեղեցկուհի դերասանուհի էր, որն առաջին հայացքից սիրահարվել էր քեզ: Ձեզ երջանիկ ապագա էր սպասում, երեխաներ, անմար սեր: Քեզնից ընդամենը պահանջվում էր աչքերդ բաց անել:
Հիշո՞ւմ ես ձեր մուտքի մոտ լաց լինող կնոջը: Անձրևոտ երեկո էր և նա ամբողջովին թրջվել էր անձրևից ու արցունքներից… Նա հայտնի գրող էր: Ընտանեկան ճգնաժամ էր ապրում և ջերմ աջակցության կարիք ուներ: Եթե օգնեիր նրան տաքանալ քո բնակարանում, լսեիր և մխիթարեիր նրան, ապա նա մի գիրք կգրեր, որում կպատմեր այդ դեպքի մասին: Գիրքը համաշխարհային ճանաչում ձեռք կբերեր և դու ևս, քանի որ առաջին էջում հեղինակը կնշեր այն մարդու անունն, ով այդ ստեղծագորյության մուսան էր հանդիսացել: Ամենն, ինչ այն ժամանակ պահանջվում էր քեզանից՝ սրտիդ մի փոքրիկ կայծն էր միայն: Իսկ դու ուշադիր չէիր, բարեկա՛մս:
Պետք է ունկնդիր լինել կյանքին, այն հնարավորություններ է առաջարկում: Իսկ օգնությունը պետք է կարողանալ ոչ միայն խնդրել, այլև՝ արժանապատվորեն ընդունել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի