26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, երբ լսում եմ մարդկային վշտերի մասին, ներսումս ասես ամեն ինչ սեղմվում է: Միգուցե դա թերահավատությունի՞ց է:
- Տե՛ս՝ սեփական անձի համար անհանգստությունը թերահավատություն է, իսկ այլոց համար անհանգստությունը՝ կարեկցանք: Մարդկային ցավի հանդեպ ճշմարիտ կարեկցանքը ուղեկցվում է աղոթքով, իսկ դրան հաջորդում է աստվածային մխիթարությունը: Ուստի, աղոթիր որքան կարող ես, այնուհետև ամեն ինչ Աստծուն հանձնիր ու հանդարտվիր: Մի՞թե Աստված Իր արարածի համար ավելի քիչ է անհանգստանում, քան դու: Հապա էլ ինչո՞ւ անհանգստանաս: Աստված մեծ մխիթարություն է տալիս նրան, ով հոգեպես կարեկցում է այլոց ու տառապում նրանց համար, այլապես մարդ չի դիմանա: Գիտե՞ք, թե որքան եմ դառնանում, երբ այդքան նամակ եմ ստանում այդչափ խնդիրներ ունեցող մարդկանցից: Բերանումս ասես թույն ու լեղի է հավաքվում ու ոչինչ չեմ կարողանում ուտել: Սակայն այդ ցավից իսկական ուրախություն է ծնվում: Աստված վարձատրում է տառապանքին համապատասխան մխիթարությամբ. այնպիսի մխիթարությամբ է սփոփում, որ չես կարող տանել: Եվ չնայած որ նախքան այդ լալիս ու տառապում էիր ուրիշի համար, այժմ ուրախանում ես: Ասես Աստված քեզ ասելիս լինի. «Մի՛ անհանգստացիր, զավա՛կս, Ես լսեցի քո խնդրանքը»:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը