13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5:8):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ` Տիրոջ հրաշափառ հարության տոնին խորհրդանշական կարմիրով ներկեցինք հավկիթները` ի հիշատակ փրկչական արյան, որ հեղվեց հանուն համայն մարդկության փրկության: Այսօրվա կիրակին էլ հայրերը կարմիր կամ սրբոց են անվանել` կրկին անգամ հավատացյալներին հիշեցնելու այն ճշմարիտ աստվածային սերը, որն անձնազոհության է մղում, մահը վեր է դասում կյանքից և մաքրագործող տառապանքը` աշխարհի վայելքներից: Սա այն սիրո գույնն է, որը կարմիրով ներկեց Գողգոթայի բարձունքը, որպեսզի նախահայր Ադամը վերջապես դուրս գա դժոխքի սև ու մութ խորխորատներից, և որպեսզի մարդու հոգու գորշությունը վերափոխվի Սուրբ Հոգու պայծառ ու լուսավոր շնորհների, առաքինության երփներանգ գոհարների և աստվածային իմաստության անգին մարգարիտների: Եվ ես այսօր չեմ կարող չհիշատակել վերջերս Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում միաժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերին, որոնք իրենց կյանքը ակամայից զոհեցին հանուն հավատի և Քրիստոսի հանդեպ այն սիրո, որը նրանց եկեղեցի էր տարել այդ օրը: Թող Տերն Իր անսահման ողորմությանն արժանացնի նրանց հոգիները և խաղաղություն պարգևի երկնային օթևաններում:
Սիրելի՛ հավատացյալներ, Արուսյակի անկումը սկիզբը հանդիսացավ բազմադարյա մի պայքարի, որ աներևութապես մղվում է աշխարհում և մղվելու է մինչև Տիրոջ երկրորդ գալուստը: Արարածը պայքարում է Արարչի դեմ, խավարը՝ Լույսի, չարը՝ Բարու: Եվ կարմիրը նաև այդ պայքարի գույնն է, որը երկրի վրա թե՛ ընդհանուր Եկեղեցին է մղում, թե՛ յուրաքանչյուր քրիստոնյա՝ անհատապես, և որն անպատճառ հաղթանակով է պսակվում, եթե դրա առաջնորդն ու գլուխը ոչ թե մեր մեղավոր հպարտ «ես»-ն է, այլ խոնարհության գերագույն մարմնավորումը` մարդացյալ և հարուցյալ հաղթանակած Քրիստոս:
Ինչպես արդեն նշեցի, սիրելի՛ հավատացյալներ, այս պայքարն աներևույթ է, անշոշափելի և եթե մարդը հոգևոր տեսողություն չունի, այսինքն` բավարար գիտելիքներ, հոգևոր փորձ և մեծ խոնարհություն, ապա շատ հեշտությամբ կարող է պարտվել այդ պատերազմում` կորցնելով անգինը՝ անմահ հոգին, միևնույն ժամանակ նույնիսկ չգիտակցելով, թե ինչ կատարվեց: Այսօրվա ընթերցվածքներից մեկում Պետրոս առաքյալն այս առիթով զգուշացնում է. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա: Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ. իմացե՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները» (Ա Պետ. 5:8, 9): Վստահեցնում եմ ձեզ, սիրելինե՛ր, որ սա չափազանց կարևոր զգուշացում է և զուր չէ, որ սուրբ առաքյալը մտահոգվում է այս կապակցությամբ: Քանի որ աստվածային իմաստությամբ լեցուն սուրբ այրը հրաշալի է ճանաչում զանազան թուլություններին հակված մարդկային տկար բնությունը: Ինչպես ֆիզիկական մարմինն է առավոտյան արթնանում թարմ ուժերով, նոր եռանդով ու պայծառ մտքով, սակայն օրվա ընթացքում հոգնում է, տկարանում, աչքերը սկսում են փակվել և ի վերջո՝ քնով է անցնում, այնպես էլ հոգին է, եթե չենք պահպանում հոգևոր արթնությունը: Համոզվելու համար հիշեք ձեր առաջին քայլերը Եկեղեցում, սիրելի՛ հավատավոր զավակներ, կամ նայեք նորադարձների ընթացքին: Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ուրախություն, որքա՜ն հետաքրքրություն, նախանձախնդրություն և երկյուղածություն կա նրանց աչքերում և գործերում: Ինչպիսի՜ հավատով են կլանում նոր գիտելիքը, ինչպիսի՜ հույսով են մտնում եկեղեցու շեմից ներս, ի՜նչ սիրով են նայում Երկինք… Սա Աստծու այն առանձնահատուկ շնորհն է, որ Տերն անխտիր պարգևում է Իր նորադարձ զավակներից յուրաքանչյուրին: Սակայն ժամանակի ընթացքում մեր տկար բնությունը կրկին գլուխ է բարձրացնում, չարի արբանյակներն էլ ոչ մի վայրկյան չեն դադարում նորանոր խորամանկ ծուղակներ պատրաստել մեզ համար և ինքներս էլ չենք նկատում, թե հետզհետե ինչպես են ծանրանում հոգու աչքերը կրքերի բեռից, լռում է խղճի ձայնը, և մենք հայտնվում ենք հոգևոր թմբիրի, անգործության ու անտարբերության մահաբեր ճիրաններում: Առանց խղճի խայթ զգալու՝ բացակայում ենք պատարագներից կամ դուրս ենք գալիս դրանց կեսից՝ չկարևորելով Քրիստոսի անգին զոհաբերությունը, որով ապրում ենք և փրկության հույս ունենք: Չենք կարդում Ավետարանը, չենք լսում քարոզները՝ համարելով, որ բավականաչափ գիտելիքներ ունենք այլևս: Չենք խոստովանում մեր մեղքերը, քանի որ հոգևոր կուրության պատճառով դադարում ենք դրանք տեսնելուց: Դադարում ենք սիրով, հարգանքով ու ներողամտությամբ վերաբերվել մեկս մյուսի՝ անտեսելով «Սիրի՛ր մերձավորիդ» կարևորագույն պատվիրանը, քանի որ ինքներս մեզ հպարտորեն «փորձառու հավատացյալ» համարելով՝ վեր ենք դասում մյուսներից և արհամարհում հատկապես եկեղեցում իրենց առաջին քայլերն անողներին: Իսկ սա նշանակում է հաղթական միավորներ պարգևել թշնամուն, որը ջանք ու եռանդ չի խնայում՝ Աստծու սիրելի արարածին հեռացնելու Արարչից և իր հետ կործանման տանելու: Պատմությունից հիշեք, թե նենգ հակառակորդը հաճախ ե՞րբ է հարձակվում թշնամական ճամբարի վրա. երբ թշնամին քնած է, որովհետև անհամեմատ ավելի հեշտ է անակնկալի բերել քնած մարդուն, քան արթուն և պատրաստ մեկին: Հոգևոր պատերազմում ևս նույն օրենքներն են գործում, սիրելինե՛ր: Երբ մենք մի կողմ ենք դնում հոգևոր սպառազինությունն ու թուլացնում պաշտպանությունը, գայթակղություններով թունավորված թշնամական նետերը հեշտորեն խոցում են մեր հոգին: Թմրության մեջ գտնվող հոգու ամրոցը կործանվում է այնպիսի վտանգավոր վիճակներից, ինչպիսիք են՝ անտարբերությունը, ծուլությունը, թախիծն ու հուսահատությունը: Այս պատճառով է առաքյալը արթնության կոչ անում և հիշեցնում մշտարթուն թշնամու մասին: Այս պատճառով է Քրիստոս հորդորում. «Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մրկ. 14:38):
Սիրելի՛ հավատացյալներ, Տիրոջ հարության անմար լույսը ծագեց Նրա թափուր գերեզմանից և հաղթության դրոշ պարգևեց Իր հետևորդներին: Իսկ այդ դրոշը չկորցնելու համար պիտի զգոն լինենք և մշտապես հիշենք, որ շրջապատված ենք թշնամական ոգեղեն բանակով, որն անդադար պայքար է մղում մեր դեմ: Պատերազմող երկրում ապրող ժողովուրդը լավ գիտե, թե ինչով է ավարտվում թշնամու չկասեցված յուրաքանչյուր գրոհ՝ տարածքներ կորցնելով: Իսկ քրիստոնյան իր հոգու անգին տարածքները կորցնում է, երբ անհոգությանը կամ ծուլությանը տրվելով՝ բացի արդեն նշվածներից, դադարում է նաև պահք պահելուց, աղոթք անելուց, Սուրբ Հաղորդությանը մոտենալուց… Փրկչական Մարմնի և Արյան մասին չեմ խոսում՝ հույս ունենալով, որ ամենքիդ է հայտնի Սուրբ Հաղորդության խորհուրդն ու նշանակությունը քրիստոնյայի կյանքում: Իսկ պահքի և աղոթքի զորության մասին միայն մեկ ավետարանական հատված կհիշատակեմ, որտեղ Տեր Հիսուս սովորեցնում է աշակերտներին՝ ասելով. «Բայց այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մտթ. 17:20): Իսկ հայրերի վարքում պատմվում է, որ մի ծեր մենակյաց տեսնում է, որ մի դև հրաման էր տալիս մեկ այլ դևի` արթնացնել ննջած կրոնավորին: Սակայն դևը պատասխանում է. «Չե՛մ կարող դա անել, որովհետև արթնացրի նրան մեկ ուրիշ ժամի, իսկ նա վեր կացավ, աղոթեց և հալածեց ինձ այնտեղից»:
Արդ, առաքյալի շուրթերով ես էլ հորդորում եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, արթո՛ւն եղեք և հսկեցե՛ք: Աչքի լույսի պես պահպանեք այն անգին գանձերը, որ Տեր Աստված է պարգևել ձեզ՝ աստվածապատկեր անմահ հոգին և աներեր հավատը, որ սևերես է թողնում թշնամուն: Մի՛ տրվեք ծուլությանն ու անհոգությանը, պարտադրե՛ք ձեզ հավատի գործեր գործել: Վճռակա՛ն եղեք ձեր պայքարում՝ օրինակ վերցնելով սրբերի կյանքից: Ձեր աղոթքներում անպայման հիշեք այն եղբայրներին ու քույրերին, որոնք այսօր էլ ֆիզիկապես հալածվում են հանուն Քրիստոսի: Մի՛ ընկճվեք, մի՛ հուսահատվեք, մի՛ վախեցեք, քանզի Հիսուս Քրիստոս հաղթեց աշխարհին (Հովհ. 16:33), և թող մեր գլխավոր նպատակակետի՝ Երկնային Արքայության անստվեր լույսը լուսավորի ձեր ընթացքը և առաջնորդի դեպի հավիտենական հաղթություն: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան