Մի եգիպտացի շատ է տխրում. իր ջրհորը չորանում է և անջուր է մնում, բայց նաև որևէ մեկի առջև չի բացում իր տան բակի դարպասները, որ իրեն ջուր բերեն, քանի որ մտածում է՝ կարո՞ղ է մտնեն իր տուն և իր թաքցրած գանձերը գտնեն և առգրավեն: Եգիպտացին շարունակ Աստծուց օգնություն է խնդրում, որ ջուր ունենա և իր ծարավը հագեցնի: Հերթական անգամ նրա դուռը թակում է իր հարևանը և ասում.
- Վերցրու այս կժով լի ջուրը, ծարավդ հագեցրու:
Եգիպտացին խոժոռվում է և մտածում, թե այս հարևանն ինչո՞ւ է այդքան շատ ուզում իրեն օգնել, հավանաբար արդեն տեղյակ է, թե որտեղ է իր տան գանձերը և ուզում է դրանք գողանալ և պատասխանում է.
-Ես սպասում եմ, որ Աստված ինձ օգնի, և հավատում եմ, որ կօգնի, շնորհակալություն, ինձ ոչինչ հարկավոր չէ:
Օրեր են անցնում և եգիպտացին ծարավից տոչորվելով բողոքում է, թե Աստված իրեն չի աջակցում, բայց այնուհետև խորհում է, թե Աստված ինձ արդյո՞ք կօգնի և զգուշությամբ բացում է դարպասը և դուրս նայում ու տեսնում իր հարևանին, որն ասում է.
-Վերցրու այս կժով լի ջուրը, ծարավդ հագեցրու:
Եգիպտացին կրկին խոժոռվում է և տագնապով պատասխանում.
-Ուզու՞մ ես ինձ սպանել. թունավորված ջուր ես բերել, որպեսզի խմեմ, այնուհետև իմ տան գանձերն առգրավես, ուրեմն՝ դու ավազակ ես, այլ ոչ թե՝ բարի հարևան:
Հարևանը պատասխանում է.
-Ճիշտն ասած, ես ոչինչ էլ չեմ բերել, ամեն անգամ քո տան մոտով անցնելիս դարպասիդ առջև կժով լի ջուր եմ տեսնում, պարզապես թակում եմ դարպասդ, որ իմանաս և այն վերցնես: Աստծո Նախախնամությունն է այն քեզ ուղարկում, որ ծարավդ հագեցնես:
Եգիպտացին մռայլվում է և և արագ փակում է դարպասը ու նստում դատարկ ջրհորի մոտ՝ մտածելով. «Հաստատ ուզում են ինձ ծուղակը գցել և իմ գանձերը գողանալ»: Իսկ իրականում նա որևէ գանձ էլ չի ունենում, պարզապես երկու պղնձյա ապարանջան է ունենում, որը հենց իր այդ հարևանն է շատ տարիներ առաջ նրան նվիրած լինում…
Սբ. Ամբրոսիոս Օպտինացին ասում է՝ զգուշացիր կասկածամտությունից, ինչպես կրակից, որովհետև մարդկային ցեղի թշնամին նաև դրանով մարդկանց գցում է իր ցանցը և ամեն ինչ փորձում է ներկայացնել խեղաթյուրված կերպով` սպիտակը` սև և սևը` սպիտակ:
Հովհաննես Մանուկյան