Աբբա Երենիոսն ասաց եղբայրներին. «Ջանանք համբերել մեծ պատերազմին, քանզի զինվորներն ենք Քրիստոսի՝ երկնավոր թագավորի: Երկրավոր թագավորի զինվորներն սաղավարտներ ունեն իրենց գլխին, իսկ մեր զինվորությունը երկնային շնորհներն են: Նրանք երկաթապատ վահաններ ունեն, իսկ մենք` հավատ, նրանք` գեղարդներ, մենք` աղոթքներ, նրանք` կապարճներ, իսկ մենք` հույս առ Աստված: Նրանց խրախուսողներն ու պսակադրողները զորագլուխներն են, իսկ մեր հավատքի զորագլուխն ու նվիրագործողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նրանք մարտի մեջ արյուն են հեղում, իսկ մենք բարեհաճ մտքեր ենք մատուցում: Երկնային թագավորը թույլ է տալիս դևերին մարտնչել մեր դեմ, որպեսզի չմոռանանք Նրա օգնականությունը. ուստի զգուշանանք մեր մտքերը աղտեղի խորհուրդներով ապականելուց: Եթե Աստծո հետ շուրթերով խոսենք և մեր սրտերը աշխարհի մեջ թափառեն, ապա ինչպե՞ս Նա կլսի մեզ: Խաղաղության և անդորրի մեջ եղած ժամանակ բնավ չենք աղոթում, իսկ երբ ընկնում ենք նեղության մեջ, այնժամ ողջ սրտով, արթնությամբ ու զղջման արտասուքներով մտնում ենք աղոթքի առագաստ: Եվ եթե շուրթերով չենք աղոթում, գոնե մտքով աղոթենք, Տիրոջը մատուցենք մեր սրտի խոսքն ու հեծեծանքները: Ո՞վ կա մեր մեջ, եղբայրնե՛ր, որ չի մարտնչում երկնքի արքայությանը հակամարտ զինվորների դեմ: Ուստի նմանվենք երեք երիտասարդներին և չարչարանքների հնոցը համարձակությամբ ոտնակոխ անենք (Դան. Գ 19-95): Փորձանքների կայծակներն աղոթքով մարենք և աներևույթ Նաբուգոդոնոսորին ամաչեցնենք: Մեր մարմինը պատարագ մատուցենք կենդանի Աստծուն և մեր բարեպաշտ միտքը՝ որպես ողջակեզ, նվիրենք Նրան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016