13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Եղերուք դուք կատարեալք, որպէս և Հայրն ձեր Երկնաւոր կատարեալ է։
Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթեոս 5։48)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.
Տարեվերջյան խոկումներով ու աղոթքներով յուրաքանչյուրս փորձում է ամփոփել անցնող տարին։ Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ մնասների առակի մասին է, մեզ օգնում է վերափոխել մեր կյանքը։ Իսկ ինչպե՞ս վերափոխել։ Վերափոխել՝ հետևելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, որովհետև Նա մեզ նոր կյանքի հնարավորություն է տալիս Իր փրկության Ավետարանով, Իր առակներով, Իր բժշկություններով։
Եթե նայում ենք մեր անցած ճանապարհին, մեր ապրած կյանքին, և այն մեզ դուր չի գալիս ու կցանկանայինք փոխել այն, ապա Տիրոջով մենք այդ հնարավորությունը ստանում ենք․ հնարավորություն ենք ստանում նոր կյանքի, նոր կենսագրություն գրելու։ «Գնա՛ ու այլևս մեղք մի՛ գործիր»,- ասում է մեզ Տեր Աստված։
Եթե կարծում ենք, որ մեր բարի գործերն ու պտուղները բավարար չեն և կարող էին ավելի շատ լինել, խնդրենք Աստծուն, որ ավելի շատ հնարավորություններ ընձեռի մեր տաղանդներն ու մնասները՝ ի սպաս այլոց ծառայեցնելու։ Մնասների առակը սովորեցնում է մեր կյանքը վերափոխել բարիքներով, հոգևոր շահույթ ստանալ՝ Աստծու պարգևած նյութական ու հոգևոր բարիքները բաշխելով, բազմացնել՝ բաժանելով, ավելացնել՝ տալով։
Տիրոջ պատմած բոլոր առակները խրատատու են, ուսուցողական՝ հօգուտ մեր փրկության, հօգուտ յուրաքանչյուրի կյանքի բարելավման, հօգուտ մարդկության։ Հիսուս Քրիստոսի Ավետարանը նոր հորիզոններ է բացում մեզ համար, որովհետև իր հետ բերում է սեր և մերժում ատելությունը, հաստատում է սրբությունը և հեռու վանում մեղքը։
Երբ մաքուր թուղթը դնում ենք մեր առջև, կարող ենք այն օգտագործել և քիչ գրել վրան, գրել մեծ-մեծ տառերով և անխնայողաբար օգտագործել այն կամ էլ ընդհանրապես չգրել։ Կարող ենք փոքր տառերով գրել և խնայողաբար օգտագործելով՝ շատ գրել վրան։ Մեր կյանքի հետ էլ կարող ենք վարվել նույն կերպ։ Կարող ենք անառակ որդու պես վատնել օրերն ու տաղանդները, կարող ենք հարստացնել այն բարի գործերով, պտղատվությամբ, կարող ենք թշնամանք ու վեճեր սերմանել, կարող ենք սեր ու բարություն տարածել։ Ամեն ինչ մեր ձեռքին է և մեր կամքից է կախված։ Մեր ընտրությունն է։ Պարտադիր չէ, որ մարդը հանրաճանաչ լինի, որ հարուստ կենսագրություն ունենա։ Քրիստոնյան այն մարդն է, որ ամեն օր իր կյանքը հարստացնում է բարի գործերով, լցնում է իր կյանքի գրքի էջերը սիրով, տքնաջան աշխատանքով, հոգածությամբ ու մոռանալով չարիքներն ու ատելությունը։ Նա աշխատում է չծուլանալ, խույս չտալ հոգսերից ու իրեն բաժին հասած խաչի ծանրությունից, կյանքը վերածում է առաքելության։ Ուշադիր պետք է լինել սեփական կյանքի պատմությունը գրելիս։
Սիրելինե՛ր, մենք բոլորս անթիվ ձգտումներ, երազանքներ, նպատակներ ունենք, բայց չմոռանանք առաջնահերթ հոգևոր ձեռքբերումներ ունենալ։ Ձգտենք մաքրել մեր հոգիները աղբից և լցվել Սուրբ Հոգով։ Քրիստոս ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթեոս 7։7, 8)։ Սակայն այս խոսքերը լսելիս անմիջապես հիշում ենք մեր բազմաթիվ կարիքները, խնդրանքները, երազանքները, նպատակները, բայց չենք հիշում հոգևոր կարիքները, շտկելիքները, մեղքերը, որոնց համար կարելի է ավելի ջանասիրաբար խնդրել և պայքարել դրանցից ազատվելու համար։
Սիրելինե՛ր, մաղթում եմ բոլորին ձգտել հոգևոր շնորհների ու վերափոխության, լուրջ մոտենալ մեղքերին, քանի որ դրանք խաղ ու պար չեն։ Անցնող տարվա մեր հոգևոր կյանքի բացթողումները, մեղքերը սրբագրենք, մեր ուխտագնացություններն ու աղոթքները շատացնենք, այնտեղ, որտեղ անտարբերություն ենք ցուցաբերել, բայց կարող էինք ժամանակ ու միջոցներ հատկացնել ուրիշների խնդիրների լուծմանը, այս տարի առավել ուշադիր լինենք ու հոգատար։
Ձգտենք լավագույնով ապահովել մեր երեխաներին։ Նրանց հանձնենք ոչ թե համացանցի, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, մուլտֆիլմերի թելադրած գաղափարաբանությանն ու արժեհամակարգին, այլ սովորեցնենք քրիստոնեական արժեքներ, սովորեցնենք Աստծու պատվիրանները, Տերունական աղոթքը, սովորեցնենք նրանց հավատարիմ մնալ մեր հայրերի հավատքին։
Այս Նոր տարում ձգտենք գնահատել կյանքի օրերը և Աստվածահաճո կյանքով ապրենք։ Նախանձախնդրությամբ առաջնորդվենք հոգևոր կյանքում։ Հիշենք անպտուղ թզենին, որին անիծեց Հիսուս, և ձգտենք դառնալ պտղատու, ցանկանանք քաղցրահամ պտուղներ տալ։
Հիշենք Հիսուսի գովեստի խոսքերը, երբ տեսնում էր մարդկանց աննկուն հավատքը, և խնդրենք Նրանից. «Տե՛ր, ավելացրու մեր հավատքը»։
Հիշենք երկու որդիների առակը, որոնցից մեկը խոստացավ հորը անել գործը, սակայն չարեց, իսկ մյուսը հրաժարվեց, բայց արեց գործը։ Հիշենք և կարևորենք գործերը, որովհետև մենք էլ կարող ենք ոգևորության պահին բազում հայտարարություններ անել, խոստումներ տալ, որոշումներ կայացնել, սակայն մոռանալ դրանց մասին, ծուլանալ, ականջի ետև գցել ու ոչինչ էլ չանել կամ առաջին իսկ խոչընդոտների դեպքում հրաժարվել գործելուց։
Հիշենք, երբ Սիլովամի աշտարակի օրինակը բերեց Քրիստոս, ասաց, որ աշտարակի փլվելուց մահացածները ավելի մեղապարտ չէին, քան մյուսները, ուստի պետք է չուշացնել ապաշխարությունը, որպեսզի Աստծուն ներկայանանք արդեն իսկ ապաշխարած և մեր մեղքերը խոստովանած ու թողություն ստացած։
Հիշենք մեղավոր մարդկանց, որոնց ներում էր շնորհում Տերը և ասում. «Գնա՛ ու էլ մեղք մի՛ գործիր», հրաժարվելով մեղքերից՝ ապրենք մեր կյանքը, քանի որ, առանց մեղքերից հրաժարվելու, քրիստոնյայի կյանքում փոփոխություն չի լինում։
Կյանքի ծովի ալեբախումներից մեր նավակը հեշտությամբ կարող է կործանվել, չմոռանանք, որ Տերը մեզ հետ է և մեր նավակում քնած է, կարող է մի հրամանով խաղաղեցնել բոլոր տեսակի փոթորիկներն ու փորձությունները, որոնք կատարվում են թե՛ աշխարհում և թե՛ մեր հոգու ներսում։
Ձեր Ավետարանները թող մաշվեն ձեր ձեռքերում հաճախակի ընթերցումից և ոչ թե տան պատվավոր անկյուններում ցուցադրելի առարկաներ դառնան, որովհետև այն տրված է մեզ Աստծու կողմից մեր կատարելության ու սրբության համար։
Թող այս Նոր տարում Աստված ավելացնի մեր հավատքը, ջերմացնի մեր հոգիները, որ անտարբերությունը վերանա մեզանում, մեզ մեղքերից մաքրի, զորավիգ լինի մեր ընտանիքներին ու մեր հայրենիքին, լուսավորի մեր միտքը, որպեսզի իրական քրիստոնյաներ դառնանք և հավատարմորեն շարունակենք մեր կյանքի ճանապարհը։ Աստված պահապան բոլորիս։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան