Հուլիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Դեմիրճյան փ. 17-Ա հասցեում բնակվող կարիքի մեջ հայտնված Մատթևոսյան ընտանիքին: Տեր Հայրը ընտանիքի հորը՝ Մատթևոսյան Խաչիկին (60 տ.), հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Առողջական լուրջ խնդիրների պատճառով Խաչիկն ի վիճակի չէ աշխատելու, նրա կինը և երեք չափահաս զավակներից մեկն է միայն աշխատում: Անցյալ տարի ընտանիքի հայրը պետպատվերով սրտի ստենդավորում անցավ և դեռևս երկու ստենդավորման կարիք ունի, որ հետաձգվում են ֆինանսական խնդիրների պատճառով: «Այժմ վիրահատության հետաձգման պատճառով հետագա խնդիրներից խուսափելու համար դեղորայքային բուժում եմ ստանում, որն ամսեկան բավականին մեծ գումար է կազմում, բայց այլ տարբերակ չունեմ: Կինս էլ, նևրոզ հիվանդությամբ տառապելով, ճարահատյալ աշխատում է, քանի որ կրթություն ստացած զավակներս չեն կարողանում աշխատանք գտնել»,- ասաց Խաչիկը և շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Մերձավորին հասկանալու, կարեկցելու և ճանաչելու հիմքում սերն է, որը, ըստ Օգոստինոս Երանելու, ամեն ինչի սկիզբն է, կենտրոնը և ավարտը. «Սերը ոչ միայն ամեն ինչի պսակն է, կատարելության կնիքը, այլ այն սկիզբն է, որ ուղեկցում է մեզ մշտապես»: Կատարյալ սիրո մասին Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին ասել է. «Կատարյալ սերը գործելուց դադարել չգիտի, եթե սիրելուց մի պահ դադարի, իսկույն իր զորությունը կորցնելով՝ շիջում է և ասես մեռնում, ուստի նրան միշտ հարկավոր է սիրո գործեր կատարել»:
Կարինե Սուգիկյան