«Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր»

Արարիչ Աստված ողջ աշխարհին շնորհել է Իր կենսատու Խոսքը, որին հաղորդ ենք դառնում՝ Սուրբ Գիրքն ընթերցելով: Բոլոր ժամանակաշրջաններում եղել են մարդիկ, որ կասկածի են ենթարկել Աստվածաշնչի գրքերի աստվածային ծագումը: Մարգարեները մարգարեացել են, առաքյալները՝ քարոզել, միևնույն ժամանակ նրանք խոսել ու գրել են ոչ թե մարդկային իմաստությունից, այլ Սուրբ Հոգուց ներշնչված: Այն, որ Աստված է գործել նրանց մեջ, խոսել նրանց շուրթերով, լուսավորել Սուրբ Հոգով, գործել նրանց ձեռքերով, ապացուցվում է նրանց գործերով։ Մարգարեները կանխատեսեցին ապագայի մասին այնպիսի իրադարձություններ, որ մարդ չէր կարող կանխատեսել։ Նրանց բոլոր կանխատեսումներն իրականացան ճիշտ ժամանակին, ինչպես և կանխատեսվել էին: Օրինակ՝ Եսայի մարգարեն կանխատեսեց. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14)։ Այս մարգարեությունից մի քանի հարյուր տարի անց Սուրբ Կույսը՝ սբ. Մարիամ Աստվածածինը, Սուրբ Հոգուց հղացավ և ծնեց Քրիստոսին՝ Աստծու Որդուն, Որին ողջ աշխարհը երկրպագելով՝ բացականչում է՝ Աստված մեզ հետ է։ Մի՞թե հնարավոր է չհավատալ ու կասկածի ենթարկել Եսայի և մյուս  մարգարեների խոսքերը, երբ վստահեցնում են, որ ոչինչ չեն ասել իրենցից, այլ Սուրբ Հոգին է հայտնել իրենց։

Մարգարեները ոչ միայն կանխատեսում էին ապագան, այլ նաև հրաշքներ էին գործում: Բոլորին հայտնի է, որ հիվանդությունը բուժվում է ոչ թե հանկարծակի, այլ աստիճանաբար, ավելին՝ ինչ-որ դեղամիջոցներով, բայց թե՛ մարգարեները և թե՛ առաքյալները Աստծու օգնությամբ այնպիսի հրաշքներ էին գործում, այնպիսի հիվանդություններ բուժում, որ գիտության և բժշության համար անբացատրելի էին: Բոլորին հայտնի է, որ մեռած մարմինն այլևս չի կարող կենդանանալ և հարություն առնել, իսկ Սուրբ Գիրքը լի է հարության հրաշքներով: Եթե Աստված Ինքն է գործել մարգարեների և առաքյալների միջոցով, երբ նրանք հրաշքներ էին գործում, լուսավորել է նրանց, երբ կանխատեսում էին ապագան, ապա, անկասկած, նրանք աստվածահաճո և Աստծու կողմից ընտրված անձեր էին: Բնականաբար, Տիրոջ անդաստանում գործող անձինք հակված էին խոսելու և գրելու միայն ճշմարտությունը։ «Մարգարությունները բնավ էլ մարդկանց կամքի ծնունդ չեն, այլ Աստծու մարդիկ Սուրբ Հոգու մղումով խոսեցին դրանք»,- ասել է Պետրոս առաքյալը (Բ Պետր. 1:21):

Գուցե որոշ մարդիկ ասեն՝ ինչպե՞ս կարող ենք վստահ լինել Սուրբ Գրքի աստվածային ծագմանը, եթե անձամբ չենք ճանաչել մարգարեներին ու առաքյալներին, չենք տեսել նրանց գործած հրաշքները, չենք լսել նրանց մարգարեություններն ու քարոզները: Գուցե որոշ մարդկանց համար այն ապացույցները, որ մարգարեները և առաքյալները խոսել ու գործել են Սուրբ Հոգու ներշնչմամբ և ինչը փաստել են հրաշքներով, բավարար չեն, քանի որ այդ ժամանակաշրջանում չեն ապրել, սակայն նման կասկածամիտ մարդիկ, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, Սուրբ Գրքի աստվածային ծագման մասին կարող են համոզվել հենց Սուրբ Գրքից: Որքան էլ մարդը խելացի ու կիրթ լինի, երբեք չի կարող գրել այն, ինչ գրված է Սուրբ Գրքում, քանի որ այնտեղ միայն Աստծու և  ոչ մարդու ուսմունքն է։ Իսկ ակնհայտ նշաններն են Աստծու խոսքի վեհությունը, մաքրությունն ու զորությունը, որ ներգործում է մարդկանց սրտերի վրա: Սուրբ Գիրքը պարունակում է ամենաբարձր ուսմունքը, նրանում բացահայտվում են այնպիսի ճշմարտություններ, որ մարդու մտքով անգամ չեն անցել, և որոնք այնքան անհրաժեշտ են մարդու հոգու համար, ինչպես սնունդը՝ մարմնի և լույսը՝ աչքերի համար: Սուրբ Գիրքն անսովոր զորությամբ է ազդում մարդկանց սրտերի վրա, քանի որ «կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր, այն թափանցում է մարդու շնչի ու հոգու մեջ, մինչև ողնածուծը և քննում է մտածումներն ու սրտի խորհուրդները» (Եբր. 4:12):

Մի անգամ ավագ քահանաներն ու փարիսեցիներն իրենց ծառաներին ուղարկեցին Քրիստոսի մոտ, որպեսզի ձերբակալեն Նրան: Նրանք գնացին և վերադարձան առանց Քրիստոսի: Երբ նրանց հարցրին, թե ինչու այստեղ չբերեցիք նրան: Նրանք պատասխանեցին. «Այդ մարդու նման խոսող մարդ երբեք չենք հանդիպել» (Հովհ. 7:46)։ Այն, ինչ ասացին ավագ քահանաների սպասավորները Քրիստոսի ուսմունքի մասին, նույնը կարելի է ասել ողջ Սուրբ Գրքի մասին. ոչ մի խոսք այնքան զորեղ ազդեցություն չի թողնում մարդու վրա, որքան Աստծու խոսքը: Կարդալով այն՝ լսում ես, որ ոչ թե մարդն է խոսում, այլ Աստված։ Եվ հետևաբար, նա, ով կարդում կամ լսում է Սուրբ Գիրքը սրտի պարզությամբ, առանց նախապաշարումների, չի կարող չհամոզվել դրանում: Սուրբ Գրքից այնպիսի լույս է շողում, որ անհնար է չտեսնել, այնպիսի ջերմություն կա այնտեղ, որ անհնար է չզգալ: 

Սուրբ Գրքի որոշ հատվածներ դժվարըմբռնելի և անհասկանալի են մարդու համար, քանի որ խոսում են Աստծու մասին, Ում մարդ երբեք չի կարող լիովին ըմբռնել: Այս փաստը ևս հաստատում է, որ Աստվածաշնչի գրքերն աստվածային ծագում ունեն, գրվել են Սուրբ Հոգու ներշնչմամբ և ոչ թե հորինվել մարդկանց կողմից:

Սուրբ Գիրքը լուսավորում ու մաքրում է մարդու թե՛ միտքը և թե՛ հոգին: Աստծու խոսքի համաձայն ապրող անձն, անընդհատ մաքրագործելով իրեն, ձգտում է կատարելության: Բազմաթիվ ուսմունքներ ու պատվիրաններ պարունակող գրքեր կան, որ մարդը գրել է իր իմացության և փորձառության համաձայն, բայց Սուրբ Գրքի բովանդակությունն ակնհայտորեն բարձր է մարդկային բանականությունից և փորձառությունից: Սուրբ Գիրքը հորդորում է մարդուն կատարելության ձգտել, իսկ մարդկային միտքը չի կարող մարդուց պահանջել այն կատարելությունը, որ պահանջում է Սուրբ Գիրքը:

Հիսուս Քրիստոս՝ Երկնային Ուսուցիչը, Իր երեքամյա քարոզչության ընթացքում ուսուցանեց արտասովոր զորությամբ: Նա Իր խոսքն ուղեկցեց բազմաթիվ հրաշքներով, հաստատեց մարգարեություններով, որոնցից շատերը շուտով իրականացան: Այնուամենայնիվ, կային մարդիկ, որ չէին հավատում Նրան, ապացույցներ էին պահանջում, որ Նա իսկապես Աստծուց է և Նրա ուսմունքն՝ աստվածային: Ի՞նչ ասաց Հիսուս նման մարդկանց. «Ինչ որ ուսուցանում եմ ձեզ, Իմ վարդապետությունը չէ, այլ Նրանը, Ով Ինձ ուղարկեց: Ով որ ուզում է Աստծու կամքը կատարել, կհասկանա, թե Աստծո՞ւց է արդյոք այս վարդապետությունը, թե՞ Ես Իմ հեղինակությամբ եմ խոսում: Ով որ իր հեղինակությամբ է խոսում, իր անձի համար է փառք փնտրում, իսկ ով որ փնտրում է իրեն ուղարկողի փառքը, նա ճշմարիտ է, և խաբեություն չկա նրա մեջ» (Հովհ. 7:16-19):

Մարդուն զարմանք չեն պատճառում Սուրբ Գրքի մարգարեություններն ու հրաշքները, մարդը չի գիտակցում Աստծու խոսքի բարձրությունն ու սրբությունը. նրա հզոր ուժը չի դիպչում իրեն, ոչինչ նրան չի համոզում, քանի որ չի ապրում Աստծու խոսքի համաձայն: Եթե անգամ մահացածն էլ հարություն առնի, նա չի հավատա, ապացույցներ կպահանջի, որ իրոք հարություն է առել։ Ավետարանական «Աղքատ Ղազարոսի» առակում նկարագրված մեծահարուստը տանջանքների մեջ խնդրեց Աբրահամին, որ Ղազարոսին ուղարկի իր հոր տուն՝ եղբայրների մոտ. «Ես հինգ եղբայրներ ունեմ, թող զգուշացնի նրանց, որպեսզի նրանք էլ այս տանջանքի վայրը չգան»: Աբրահամն ասաց նրան. «Նրանք ունեն Մովսեսի Օրենքն ու մարգարեներին, թող նրանց պատվիրանները լսեն և գործադրեն»: Մեծահարուստն ասաց. «Դա բավական չէ, հա՛յր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը հարություն առնի և գնա նրանց մոտ, նրանք կապաշխարեն»: Աբրահամը պատասխանեց. «Եթե Մովսեսի Օրենքին և մարգարեություններին չեն լսում, ապա մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չի կարողանա համոզել նրանց» (Ղուկ. 17:19-31):

Այսպիսով, Սուրբ Գրքի աստվածային ծագման մեջ համոզվելու ուղիներից մեկը Աստծու խոսքին հնազանդվելն է, Նրա սուրբ կամքի համաձայն ապրելը: Գուցե ինչ-որ մեկն ասի՝ ես կսկսեմ ապրել Աստծու խոսքի համաձայն, երբ լիովին համոզվեմ, որ այն միանշանակ աստվածային է: Եթե ​​մարդուն անծանոթ մթերք առաջարկեն ու ասեն, որ այն շատ համեղ է և առողջարար, ապա առանց համտեսելու՝ ինչպե՞ս կարող է մարդ վստահ լինել, որ այն իսկապես համեղ է և առողջարար։ Նույնը կարող ենք ասել Սուրբ Գրքի վերաբերյալ:

Մարդ պետք է ճաշակի Աստծու խոսքը, որ համոզվի. «Տիրոջ օրենքն անբիծ է և վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայությունն ստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին: Տիրոջ արդարությունն ուղիղ է և զվարճացնում է սրտերը. Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին: Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և ինքնին՝ արդար: Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նույնպես և քաղցր՝ մեղրից ու խորիսխից ավելի» (Սաղմ. 18:8-12):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

14.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․