23 Դեկտեմբեր, Բշ
Խաչը քրիստոնեական կրոնի խորհրդանիշն է և պաշտամունքի առարկա: Այն ունի ուղիղ անկյունով միմյանց ագուցված՝ երկու տարբեր չափի ձողերի տեսք: Նախաքրիստոնեական շրջանում մահապարտների համար նախատեսված այս գործիքը սրբագործվեց Քրիստոսի արյամբ: Հիսուս Քրիստոս խաչվեց մարդկության փրկության համար և Իր մաքրամաքուր արյունը թափեց այդ անարգ գործիքի վրա, որով և այն քրիստոնյաների համար դարձավ բարեպաշտական առարկա: Ինչպես ասում է Պողոս առաքյալը, Քրիստոս աշխարհի մեղքն Իր վրա վերցնելով, «անեծք դարձավ մեզ համար», վճարեց ողջ մարդկության մեղքերի փոխարեն և ապա հարություն առնելով՝ մեզ հարություն տվեց մեղքի մահից: Եվ ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուս Քրիստոս Աստծո Միածին Որդին է, և մկրտվում է Նրա անվամբ, ազատագրվում է մեղքից ու պատժից: Այս պատճառով Քրիստոսի մահվան գործիքը՝ խաչափայտը, որի վրա Նա իրագործեց մեր փրկությունը, և առհասարակ խաչի նշանը, եկեղեցին պաշտում է ու երկրպագում:
Խաչը նյութական ձևն է կամ պատկերը կենարար սուրբ խաչափայտի: Հայկական խաչը պարզ քառաձև է, չորս թևերը հավասար են, որոնք միացման անկյուններում ունեն ճառագայթներ:
Որպես փրկության խորհրդանիշ՝ խաչն առկա է ամենուր, որտեղ իրագործվում է քրիստոնեական աստվածապաշտությունը՝ պատկերվելով եկեղեցու պատերին, եկեղեցական սպասքի և բոլոր ծիսական զգեստների վրա: Նրանով են տյառնագրում և օրհնում եկեղեցու բոլոր խորհուրդները և արարողությունները: Այն մեզ հիշեցնում է Փրկչի տնօրինությունը մարդկային ազգի փրկության համար: Խաչը դնում են եկեղեցիների գմբեթների և զանգակատների վրա:
Գոյություն ունեն զանազան կիրառության տարբեր խաչեր. ձեռքի կամ ձեռաց խաչ, որով հոգևորականները օրհնություն են տալիս և օգտագործում ծիսակատարությունների ժամանակ ու հանդիսավոր առիթներով: Սուրբ Սեղանի խաչեր, որոնք դրվում են սրբազան խորանների՝ Սուրբ Սեղանի կենտրոնում՝ ի հիշատակ Քրիստոսի խաչելության: Կաթողիկոսը որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում է լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Այն հոգևորականները կրում են կրծքին շղթայից կախված, որ խորհրդանշում է եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ: Քահանայականը մի փոքր զարդարված, նախշերով, արծաթ-ոսկեջրած խաչ է: Վարդապետականը զարդարված է ոչ միայն նախշերով, այն նաև ակերով, կենտրոնում Հիսուս Քրիստոսի պատկերն է: Վարդապետականին հաճախ անվանում ենք «ականակուռ»: Վարդապետական լանջախաչ տրվում է նաև արժանավորագույն քահանաներին: Օգտագործվում է հանդիսավոր և պաշտոնական առիթներով և՛ եկեղեցում, և՛ եկեղեցուց դուրս:
Լանջախաչերի օգտագործումը Հայ եկեղեցի է մտել XIX դ-ից:
Կան նաև եկեղեցական թափորների առջևից տարվող բավական խոշոր խաչեր, որոնք կոչվում են խաչվառ և եկեղեցու գմբեթը պսակող հսկայական ծաղկած խաչը:
Մինչ օգտագործելը խաչը պետք է օրհնվի և օծվի Սուրբ Մյուռոնով: Օծվում է հինգ տեղից՝ կենտրոնը և չորս թևերը: Խաչերը պատրաստված են լինում տարբեր մետաղներից՝ արծաթ, պղինձ և այլն:
Խաչը խորհրդանշում է մեր փրկությունը. նրա վերին կողմը ցույց է տալիս Երկնքի Արքայությունը, որը Քրիստոս բացեց մեզ համար, ստորին կողմը՝ դժոխքի ավերումը, որով Աստվածորդին փրկեց մեռածների հոգիները, աջ կողմը՝ շնորհների բաշխումը, որով Սուրբ Հոգին կենդանացնում և լուսավորում է մեզ, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը, որ ստանում ենք ապաշխարությամբ: